Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելը հանցագործություն է․ Տեսանյութ

Հեղինակ MediaLab

Ոստիկանության ծառայողները օրենքով պաշտպանված են գրեթե բոլոր երկրներում: Օրենքով սահմանված են խիստ պատիժներ՝ ոստիկաններին վիրավորելու, զրպարտելու, դիմադրություն ցույց տալու համար:
Նման դեպքերում եվրոպական երկրներում և ԱՄՆ շատ նահանգներում պատիժ է նախատեսվում` տուգանքից մինչև տասնյակ տարիների ազատազրկում։
Հայաստանում նույնպես ոստիկանները օրենքով պաշտպանված են։ ՀՀ քրեական օրենսգրքի կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների գլխում կա 316-րդ հոդվածը, որը վերնագրված է՝ Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը։

1. Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:
Հոդվածի երրորդ մասը սահմանում է, թե ովքեր են համարվում իշխանության ներկայացուցիչ։

3. Սույն օրենսգրքում իշխանության ներկայացուցիչ է համարվում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայող այն անձը, որը ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ սահմանված կարգով օժտված է կարգադրիչ լիազորություններով:
Այս հոդվածի հատկանիշներով ամեն տարի հարուցվում են բազմաթիվ քրեական գործեր, ներգրավվում են մեղադրյալներ, կայացվում են դատական որոշումներ։
Սա՝ ինչը վերաբերում է բռնությանը կամ բռնության սպառնալիքին։
Իսկ ոստիկանի օրինական պահանջը չկատարելը ամրագրված է ՀՀ վարչական օրենսգրքի՝ Կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող վարչական իրավախախտումներ գլխում։

Հոդված 182.
Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը

Հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Պետք է գիտակցել, որ, եթե նույնիսկ այդ պահին համաձայն չեք ոստիկանի ինչ-որ գործողության հետ, դրա համար կան իրավական գործընթացներ կամ պատկան մարմիններ, որոնց կարող եք դիմել տեղի ունեցածի կապակցությամբ։
Բացի այդ, հարկ է նշել, որ սուտ մատնության համար նույնպես նախատեսված է քրեական պատասխանատվություն։

ՀՀ քրեական օրենսգիրք
Հոդված 333.
Սուտ մատնությունը
1. Հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է`գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը՝
1) զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով,
2) զուգորդվել է մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելով,
3) կատարվել է շահադիտական դրդումներով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Մեր երկրում ոստիկանները անհամեմատ հանդուրժող են, քան որևէ այլ՝ արևմտյան կամ արևելյան երկրում: Սակայն եթե վիրավորում կամ հարվածում են ոստիկանին, արդարադատությունից խուսափելն անհնար է: Շատ դեպքերում էլ քաղաքացին, օրենքներից անտեղյակ, ոստիկանի օրինական պահանջներին ի պատասխան դիմադրություն է ցուցաբերում: Պետք է գիտակցել` դա հանցագործություն է: Իսկ եթե նկատել եք ոստիկանի կողմից հակաօրինական արարք ձեր նկատմամբ, դիմեք պատկան մարմիններին՝ պաշտպանելով ձեր իրավունքները։

Այս մասին տեղեկացնում են Ոստիկանությունից։