Առողջապահության նախարարությունը բանակցում է պատվաստանյութ արտադրողների, այդ թվում՝ Նուբար Աֆեյանի Moderna ընկերության հետ․ Արսեն Թորոսյան

Հայաստանը բանակցություններ է վարում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ արտադրելու հավանական թեկնածու ընկերությունների, այդ թվում՝ մեր հայրենակից Նուբար Աֆեյանի Moderna ընկերության հետ։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարն ասաց՝ պատվաստանյութ  լինելու է և դա փոխելու է ամբողջ իրավիճակը աշխարհում։ «Եվ մենք վերադառնալու ենք մեր սովորական կյանքին՝ առանց դիմակների և առանց մնացած կանոնները պահպանելու, դա արդեն ուրախալի է։ Պետք է հետևենք և հետ չմնանք զարգացումներին՝ շարունակելով բանակցությունները»,- նշեց Արսեն Թորոսյանը։

Ըստ նրա՝ աշխարհում արդեն 100-ից ավելի թեկնածու պատվաստանյութեր կան, որոնք հավակնում են դառնալ վերջնական արդյունք, սակայն որոնցից մոտ 20-ը հավակնում է, որ կդառնան։

«Եվ պատվաստանյույթի նախնական առաջին ու երկրորդ փուլի հետազությունները ցույց են տալիս, որ ամենայն հավանականությամբ լինելու են պատվաստանյութեր և լինելու են մի քանիսը, ոչ թե մեկը։ Սա շատ կարևոր է ընդհանուր մեր երկրագնդի ազգաբնակչության համար, որովհետև նման հավաստիացում մենք չունեինք, քանի որ այսպիսի վրիրուսի դեմ երբևէ պատվաստանյութ չէր ստեղծվել»,- նշեց նախարար։

Թորոսյանն ասաց՝ Հայաստանը բանակցություններ է վարում երկու ուղղություններով, որոնցից առաջինը ուղիղ արտադրողների հետ բանակցություններն են։ «Ես ինքս անձամբ եմ այդ բանակցությունները վարում, օրինակ, երեկ խոսել եմ Moderna ընկերության կոմերցիոն տնօրենի հետ, որը մեր հայրենակից Նուբար Աֆեյանի հետ փոխկապակցված ընկերություն է։ Եվ այդ վակցինան ամենահավանական  թեկնածուներից մեկն է»,- ասաց նա։

Նախարարությունը բանակցում է նաև ԱՀԿ-ի, Յունիսեֆի պլատֆորմների հետ, որոնք փորձելու են մեծաքանակ գնումներ իրականացնել աշխարհի երկրների համար և հավասարաչափ բաշխլ։

«Այստեղ ամենամեծ վտանգն այն է, որ կարող են լինել երկրներ, որոնք միանգամից մեծ քանակի արտադրված կամ նույնիսկ դեռ չարտադրված պատվաստանյութը գնեն և մյուս երկրներին այն պարզապես հասնի շատ ուշ։ Օրինակ՝ հասանելի լինի 2020 թվականի վերջին կամ 2021 թվականի սկզբին, բայց երկրների մի խմբի հասնի, օրինակ, դրանից ևս մեկ տարի հետ։ Դրա համար շատ կարևոր է այդ բանակցությունները վարել հենց այսօրվանից՝ նույնիսկ դեռ չունենալով վերջնական արտադրանքը»,- հավելեց Արսեն Թորոսյանը։

Ընախարարը նաև ասաց՝ տարբեր գնահատականով պատվաստանյութը երկրներին հասանելի կլինի կամ 2020 թվականի վերջին կամ 2021 թվականի սկզբին։ Վերջնական ինֆորմացիան պարզ կլինի աշնան սկզբին։