Մնացական Մարտիրոսյանը նշանակվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ նստավայրի նախագահի պաշտոնակատար.Factor

Մի շարք հնչեղ քաղաքական գործերով հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանը նշանակվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի նստավայրի նախագահի պաշտոնակատար։

Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց ԲԴԽ լրատվության վարչության պետ Լիլիթ Շաբոյանը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագահի հաստիքը թափուր մնալու ժամանակ նշանակվում է տարիքով ամենաբարձր դատավորը, այս պահին ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Մնացական Մարտիրոսյանը։ Նշենք, որ Կենտրոնի նստավայրում տարիքով ավելի մեծ էր Գագիկ Պողոսյանը, սակայն, նա հրաժարվեց պաշտոնից, ուստի, ինքստինքյան, նրան փոխարինեց նրանից հետո տարիքով ավելի բարձր Մարտիրոսյանը »,- պարզաբանեց Շաբոյանը։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերին հայտնի էր դարձել, որ Հակակոռուպցիոն դատարանի դատավորների կազմում ընդգրկելու համար ԲԴԽ-ն երկու թեկնածուներից նախապատվությունը տվել է Մնացական Մարտիրոսյանին։ Իրավական և քաղաքական դաշտում բուռն քննարկումներ սկսվեցին, հնչեցին քննադատություններ՝ թե ինչու է աղմկոտ դատավճիռներով հայտնի Մարտիրոսյանը առաջխաղացվում։

Մոտ մեկ ամիս տևած խմորումներից հետո ԲԴԽ-ն տարվա վերջին աշխատանքային օրը հայտարարեց, որ որոշում է կայացվել Մարտիրոսյանի անունը հանել թեկնածուների ցուցակից։

Factor․am-ի գրավոր հարցմանն ի պատասխան Մարտիրոսյանը նշել էր՝ քննադատություններին վերաբերվում է ըմբռնումով.

«Ես ձգտել եմ ընդգրկվել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավորների ցանկում՝ անկախ մամուլի հրապարակումներից ու դատական ակտերի բեկանումներից։ Ինձ համար սպասելի են եղել կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների ցանկում ընդգրկվելու վերաբերյալ հնարավոր քննադատությունները։ Ինձ համար պարզ է, որ քննադատությունների հեղինակներն, օգտվելով կարծիք արտահայտելու իրենց իրավունքից, ներկայացնում են դրանք։

Քննադատություններին վերաբերում եմ ըմբռնումով՝ երբեմն նաև արձանագրելով, որ քննադատողն իրականում ծանոթ չէ խնդրին, կարծիքը ձևավորել է դեղին մամուլում տեղ գտած և իրականությանը չհամապատասխանող հրապարակումների ազդեցության տակ »,- նշել էր Մարտիրոսյանը։

Այս հարցազրույցից ընդամենը երկու օր անց բուռն քննարկումները վերսկսվեցին․ ԲԴԽ-ն նոր հայտարարություն տարածեց, այս անգամ հայտնելով, որ Մնացական Մարտիրոսյանի անունը հանվել է թեկնածուների ցուցակից՝ իր գրավոր դիմումի համաձայն։ Թե որն է եղել դիմումի պատճառը, դատավորը չի մանրամասնում։