Չի կարելի բացառել Իրան-Ադրբեջան ուղիղ պատերազմի հավանականությունը տարածաշրջանային համատեքստում. Արմեն Պետրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է արաբագետ Արմեն Պետրոսյանը

Պարո՛ն Պետրոսյան, աշխարհաքաղաքական վերջին զարգացումները նկատի ունենալով՝ որոշ վերլուծաբաններ այն տեսակետն են առաջ քաշում, որ Ադրբեջան-Իրան ուղիղ բախումը չի բացառվում։ Համակարծի՞ք եք այս տեսակետին, և արդյոք երկու կողմի զորավարժությունները, որոնք անցկացվում են այս օրերին, այդ մասին են վկայում։

– Ընդհանուր առմամբ, մեր տարածաշրջանում մեծ պատերազմի հավանականությունը չի կարելի բացառել, բայց դրա ժամանակային սահմանները, իհարկե, խիստ անկանխատեսելի են։ Եթե անդրադառնանք Ադրբեջան-Իրան ուղիղ լարվածությանը, ապա դա խիստ կանխատեսելի էր արդեն 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, ասեմ ավելին՝ այն իրեն երկար սպասել չտվեց: Եթե կհիշեք՝ 2021 թվականի օգոստոսից սկսած մինչև հոկտեմբեր-նոյեմբեր այդ լարվածությունն առկա էր՝ պայմանավորված Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական անցակետերի տեղակայմամբ։

Սրան զուգահեռ մենք նաև ականատես եղանք քարոզչական, քաղաքական դաշտերում, ռազմական մանևրների հարթություններում լրջագույն լարվածության։ Պարզ է, որ 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում անվտանգային ընդհանուր հավասարակշռության փոփոխությունը հանգեցնելու է լարվածության աստիճանական աճի թուրքական պետությունների ու նաև Իրանի միջև։

Ուկրաինական ճգնաժամի հետևանքով աշխարհաքաղաքական փոփոխությունները, որոնք ուղիղ կերպով տեղափոխվեցին նաև մեր տարածաշրջան, դրանում ներգրավելով նաև Իրանին, պարզապես շատ ավելի արագացրել են գործընթացները և, իհարկե, շատ ավելի մեծացրել են Իրան-Ադրբեջան լարվածության հեռանկարը ու դրա անկանխատեսելիությունը։

Այսինքն՝ մենք այսօր էլ միաժամանակ մի քանի ուղղություններում ականատես ենք լինում բավականաչափ ազդեցիկ, մեկը մյուսին չզիջող փոխհրաձգության։ Ընդ որում՝ այս լարվածությունը, մեծ հաշվով, սկիզբ առավ սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայից հետո, երբ իրանական կողմի կանխատեսմամբ՝ Ադրբեջանից փորձ էր արվում կյանքի կոչել այդ «միջանցքի» ծրագիրը, որն ուղիղ կերպով սպառնում է Իրան-Հայաստան սահմանին, ինչն էլ արդեն երկու տարի իր համար կարմիր գիծ է սահմանել Իրանը։

Այս լարվածությունն իր բովանդակությամբ ավելի ընդգրկուն է, քան մեկ տարի առաջ էր, ընդ որում՝ դա պայմանավորված է նաև Իրանի շուրջ ստեղծված որոշ խնդիրներով, մասնավորապես, վերջին շրջանում արևմտյան քարոզչամեքենայի կողմից փորձ է արվում ցույց տալ Իրանի ներգրավվածությունը ուկրաինական ճգնաժամում, պայմանավորված Ռուսաստանին Իրանի կողմից տրամադրվող անօդաչու թռչող սարքերով, խոսվում է նաև տարբեր հրթիռային համակարգերի տրամադրման մասին։ Այս կերպ Արևմուտքը փորձում է լայն հակաիրանական որոշակի համախոհություն ստեղծել, դրանում, բնականաբար, մեծ դերակատարում կարող է ունենալ Ադրբեջանը։

Այսինքն՝ Իրան-Ադրբեջան ուղիղ բախումը բացառել պետք չէ՞։

– Չի կարելի բացառել ուղիղ պատերազմի հավանականությունը շատ ավելի մեծ տարածաշրջանային պատերազմի համատեքստում, բայց այսօր վաղ է այդ մասին խոսել։ Դեռևս կողմերի լարվածությունն այն աստիճանի չի հասել, որ գնան ուղիղ ռազմական առճակատման։

Բացի այդ, իրանական կողմից էլ քաջ գիտակցում են, որ Ադրբեջանի դեմ պատերազմը ենթադրում է նաև պատերազմ Թուրքիայի դեմ։ Բայց գլոբալ իրավիճակն աշխարհում չի բացառում նման դրսևորումների հնարավորությունը։ Բայց այն, որ մենք տարբեր հարթություններում պարբերաբար ականատես ենք լինելու նաև Իրան-Ադրբեջան հարաբերությունների լարվածության, միանշանակ է։

– Իսկ այդ համատեքստում Հայաստանի դերը ո՞րն է, ու այդ լարվածության հետևանքները որո՞նք են լինելու, պարո՛ն Պետրոսյան։

– Հայաստանի դերակատարումն այս լարվածության համատեքստում բավականաչափ զգուշավոր խաղն է ու քաղաքական մանևրի լրջագույն հնարավորությունները, որ առկա են Իրանի նման դերակատարման արդյունքում։

Այսինքն՝ այս իրավիճակն ու դրան զուգահեռ Հայաստան-Իրան հարաբերություններում նկատվող ակտիվությունը վերջին շրջանում առավելապես կամ հավասարաչափ նաև իրանական կողմի նախաձեռնությամբ է, իսկ սա նշանակում է, որ Հայաստանի համար կան որոշակի ուղղություններ, որոնց հետ կապված Հայաստանը կարող է քաղաքական հաշվարկներ իրականացնել Իրանի հետ համագործակցելու տեսանկյունից՝ և՛ անվտանգային, և՛ տնտեսական ուղղություններով։

Ադրբեջան-Իրան այս լարվածության ֆոնին, հատկապես քարոզչական հարթությունում, Հայաստանը պետք է աջակցի իրանական կողմին, իսկ դրա հնարավորությունները կան, անգամ կազմակերպել էլ պետք չէ, չնայած շատ լավ կլիներ, եթե այդ քարոզչությունը կազմակերպվեր, բայց գոնե լրատվամիջոցների օգնությամբ կարելի է դա անել։

Հաջորդ ուղղությունը Իրան-Հայաստան էներգետիկ ոլորտում համագործակցության շատ ավելի սերտացումն է, որին, ըստ էության, ականատես եղանք։ Այսինքն՝ կան հստակ ուղղություններ, որոնք կարելի է օգտագործել, էլ չեմ խոսում գլխավորի՝ միջանցքային տրամաբանության մասին, որի դեպքում Իրանի ու Հայաստանի շահերը լիարժեքորեն համընկնում են։

Մեկ կարևոր հանգամանք էլ ուզում եմ անպայման նշել, որ Իրանը բավականաչափ կարևոր զսպող դերակատարում ունի մեր տարածաշրջանում թուրք-ադրբեջանական ծրագրերի իրականացման հարցում ու հատկապես Հայաստանի հետ կապված։

– Պարո՛ն Պետրոսյան, այսօր հստակ կարո՞ղ ենք ասել, թե մեր տարածաշրջանում ո՛ր պետությունն է դերակատար, թե՞ աշխարհաքաղաքական այս խառը իրավիճակում նման արձանագրում անելը դժվար է։

– Աշխարհակարգի փոփոխության այս գործընթացում բոլոր այն տարածաշրջաններում, որտեղ առկա են հակամարտություններ, այսինքն՝ կան դիրքեր ամրապնդելու հնարավորություններ, լրջագույն մրցակցություն է նկատվում։ Իսկ Հարավային Կովկասում կա այդպիսի հակամարտություն՝ Ադրբեջան-Հայաստան, ու այս համատեքստում նկատելի է մրցակցությունը տարածաշրջանային ու գլոբալ մի շարք խաղացողների միջև։ Դրանք և՛ ավանդական դերակատարներն են՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան, և՛ գլոբալ խաղացողները՝ ԱՄՆ, Եվրամիություն, ինչու ոչ՝ նաև Հնդկաստան։

Եթե նկատեցիք՝ Սոչիի վերջին հանդիպումից հետո անմիջապես ԱՄՆ-ն մտավ խաղի մեջ և կազմակերպեց արտգործնախարարների հանդիպումն արդեն Վաշինգտոնում։ Այսինքն՝ այսօր չենք կարող ասել, թե ո՛ր դերակատարն է ավելի ազդեցիկ, բայց կա ակտիվ մրցակցություն, ու կան հավակնորդ խաղացողներ, որոնք փորձում են նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում իրենց միջնորդական դերակատարմամբ ամրապնդել իրենց ազդեցությունը մեր տարածաշրջանում։

Վերջնարդյունքը, իհարկե, կերևա նաև ուկրաինական ճգնաժամից հետո, երբ աշխարհում ընթացող վերափոխումները որոշակի հանգուցակետի կհասնեն, ինչն ուղիղ ազդեցություն կունենա նաև մեր տարածաշրջանում։ Մեծ հաշվով, այդ գլոբալ մրցակցության արդյունքները որոշակի չափով կպրոյեկտվեն մեր տարածաշրջանում։

 Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am