Արամ Հարությունյանը, թեև Հայաստանում չէ, չի մասնակցի դատին, բայց «չի ընդունում մեղադրանքը, իրեն մեղավոր չի ճանաչում»

Բնապահպանության նախկին նախարար, ԱԺ Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Արամ Հարությունյանը շուտով կկանգնի դատարանի առաջ, թեև Հայաստանում չէ: 

Հակակոռուպցիոն կոմիտեն օրերս հայտարարեց այս գործով նախաքննության ավարտի մասին: Մասնավորապես, բացահայտվել էր ՀՀ նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կողմից 4.2 մլրդ ՀՀ դրամին համարժեք 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու և փողերի լվացման հանցավոր սխեմա: 

Բացի այդ, բացահայտվել էին նաև կոռուպցիոն բնույթի այլ չարաշահումներ, որոնցում ներգրավված են եղել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը, Արամ Հարությունյանի ղեկավարած գերատեսչության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ի տնօրենի նախկին տեղակալ Սուրեն Ավագյանը, Սևանի հոգեբուժարանի նախկին տնօրեն Գագիկ Կարապետյանը, ինչպես նաև Արամ Հարությունյանի մտերիմ այլ անձինք` Արաքս Դիլանյանն ու Վիկտոր Մարտիրոսյանը: Հակակոռուպցիոն կոմիտեն այս գործը առանձնացնում է նրանով, որ ՀՀ պաշտոնատար անձի կողմից աննախադեպ չափի կաշառք է ստացվել:

Այս գործով նախաքննության ընթացքում Արամ Հարությունյանի պաշտպանությունն իրականացնող փաստաբանական խումբը, սակայն, պնդում է՝ Արամ Հարությունյանը մեղավոր չէ: 

«Թեպետ մենք դեմ էինք, ու բողոք էր ներկայացվել, բայց, այդուհանդերձ, հեռակա վարույթ իրականացվեց: Արամ Հարությունյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, իրեն մեղավոր չի ճանաչում»,- «Մեդիալաբին» ասաց Արամ Հարությունյանի փաստաբանական խմբի անդամ Կարեն Հակոբյանը:

Քրեական գործի բովանդակության և առաջադրված մեղադրանքի մասին փաստաբանը չցանկացավ խոսել՝ ընդգծելով, որ քրեական գործն անհեթեթ գործ է, իսկ առաջադրված մեղադրանքը՝ շինծու:

Այս քրեական գործով նախաքննությունն սկսվել է Հայաստանում 2018-ին քաղաքական իրադարձություններից հետո, և Արամ Հարությունյանին հաջողվեց լքել երկիրը:

Նախաքննության հենց սկզբից Հարությունյանը չի մասնակցել վարույթին, չի տվել ցուցմունքներ: Բացի Հարությունյանից, Հայաստանում չեն մյուս մեղադրյալները ևս՝ Սուրեն Ավագյանը և Գագիկ Կարապետյանը:

«Մենք ստիպված ենք գնում հեռակա դատավարությանը, քանի որ շատ հեշտությամբ կարող են հանրային պաշտպան ներգրավել գործին ու իրենց ուզածով դատավարություն անցկացնել: Հեռակա վարույթը շատ լուրջ խնդիրներ ունի, բայց մենք, ուզենք թե չուզենք, գնալու ենք էդ ճանապարհով»,- նշեց փաստաբանը:

Հարցին՝ արդյոք Արամ Հարությունյանի հետ կապի մե՞ջ են, ներկայացնո՞ւմ են գործի մանրամասները, Հակոբյանը հրաժարվեց պատասխանելուց. «Դա այնպիսի հարց է, որ հնարավոր չէ խոսել դրա մասին: Դա փաստաբանական գաղտնիք է»:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am