Հայկական կողմն այդ մակարդակին չի իջնելու. Նաղդալյանն Ադրբեջանի դիվանագիտական ներուժի մասին

Որքան էլ շարունակվի Ադրբեջանի դիվանագիտական ներուժի դեգրադացիան, հայկական կողմն այդ մակարդակին չի իջնելու: «Արմենպրես»ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը արձագանքելով Ռուսաստանի՝ Հայաստանին զենք վաճառելու վերաբերյալ ադրբեջանական հայտարարություններին:

«Մենք ադրբեջանական կողմից ստանում ենք խիստ իրարամերժ ազդակներ և հայտարարություններ, որոնց հիման վրա կարող ենք ենթադրել, որ հուլիսյան մարտերը հուժկու հարված են հասցրել ոչ միայն ադրբեջանի զինված ուժերին, այլև դիվանագիտական ներուժին: Այս առումով նշեմ, որ որքան էլ շարունակվի ադրբեջանական դիվանագիտական ներուժի դեգրադացիան, հայկական կողմն այդ մակարդակի չի իջնելու»,- ասաց Նաղդալյանը:

ԱԳ նախարարի մամուլի խոսնակը հավելեց, որ ըստ ադրբեջանական կողմի վարկածի՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում դաշնակցային հարաբերություններ ունեցող երկրները, այս դեպքում ՀՀ-ն ու ՌԴ-ն, չպետք է սերտ համագործացկություն ունենան նաև ռազմարդյունաբերական ոլորտում:

«Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները հաստատվել են դեռ 90-ականներին, և տարակուսելի է, որ Ադրբեջանը հենց այսօր է բացահայտել աշխարհաքաղաքական այդ իրականությունը»,- նշեց Աննա Նաղդալյանը: