«Էսքա՞ն տառապանք ու դժբախտություն մի կյանքում». հարյուր տարվա մենություն` ավիաաղետում միակ դստեր զոհվելուց հետո

«Էսքա՞ն տառապանք ու դժբախտություն մի կյանքում». հարյուր տարվա մենություն` ավիաաղետում միակ դստեր զոհվելուց հետո
«Էսքա՞ն տառապանք ու դժբախտություն մի կյանքում». հարյուր տարվա մենություն` ավիաաղետում միակ դստեր զոհվելուց հետո

76-ամյա Ջիվան Խազարյանն արդեն 16 օր է, ինչ անկողնում անշարժ պառկած է: Ծերունին տանը պատահաբար վայր ընկնելուց ստացել է ձախ ոտքի խնձորակի կոտրվածք:
Արդեն 2 շաբաթից ավելի ձգվող ցավերի ու անքնության մեջ Խազարյանին խնամում է կինը՝ 75-ամյա Անժելա Գարանյանը:
Միայնակ թոշակառուների համար ապրելու միակ միջոցը ամսական մոտ 70 հազար դրամ թոշակն է, որը, ըստ նրանց, հազիվ 15 օր է բավարարում, քանի որ շատ են դեղեր գնում: Խազարյանը տառապում է շաքարային դիաբետով, ունի պրոստատիտ և լեղապարկի քարեր, իսկ տիկին Անժելան` նստանյարդի բորբոքում, որից նաև կարճացել է մեկ ոտքը:
Բժիշկները Ջիվան Խազարյանի կոտրվածքը հետազոտելիս ասել են, որ նման դեպքերում վիրահատությունը պարտադիր է, սակայն միայնակ ծերունիների համար վիրահատության մասին խոսելն արդեն իսկ ավելորդ է, իսկ պահանջվող գումարը` անիրական մեծ:

«Երկու բժիշկ եմ կանչել, սնխչի եմ բերել, նկարել ենք ռենտգենով, ու բոլորն էլ ասում են` օպերացիա պետք է անել: Էդ էլ 2500 դոլարի պատմություն է, իսկ մենք հնարավորություն չունենք»,- ասում է տիկին Անժելան:

Ցավերը մեղմելու համար նա ամուսնուն ամեն օր ցավազրկողներ է տալիս (կետոնալ, նեմիսիլ, աեռտոլ, սպազմալգոն), ինչպես նաև դեղամիջոցներ ճնշման ու շաքարի համար, որոնք ցավերից ամեն օր բարձրանում են:

«Ցավազրկողներ եմ տալիս, բայց որ ազդեցությունն անցնում ա, սարսափելի ցավեր են սկսվում, չի դիմանում: Անցյալ գիշեր, օրինակ, ցավերից համարյա չի քնել… լինում ա, որ վերևից ներքև ամբողջ ոտքը սկսում ա ցավալ»,- հուսահատ, տխուր աչքերով պատմում է տիկին Անժելան:

Հյուրասենյակի բազմոցին, հաստ վերմակի տակ պառկած Խազարյանը շատ չի խոսում, հաստ ապակիներով ակնոցի տակից նայում է կնոջը, ուշադիր լսում նրա պատմածները, մերթընդմերթ ցավից տնքում ու ծխում:

Դժվարության մեջ հայտնված ծերունիներին ասել են, որ հաշմանդամության կարգ չունեն, ուստի չեն կարող պետպատվերի շրջանակներում բուժօգնություն ստանալ և վիրահատության հույս ունենալ:

Անկողնու մեջ կուչ եկած ամուսնուն խնամելիս տիկին Անժելան հաշվի է առնում ամեն ինչ, քանի որ Ջիվանը, կոտրվածքից բացի, առողջական այլ խնդիրներ ունի:

2000-ից ի վեր նա երկու անգամ կաթված է տարել: Բժիշկներն ասում են, որ խնձորակը վիրահատելու դեպքում մեկուկես ամսում ոտքի կկանգնի:

Օրթոպեդ-վնասվածքաբան Արսեն Ազբեկյանը, ով Խազարյանի բժիշկն է, նշում է, որ կոտրվածքը կյանքին սպառնացող է և նրան վիրահատություն է ցուցված:

«Վիրահատությունն անհրաժեշտ է, որպեսզի կարողանա քայլել, իսկ տանը երկար անկողնային խնամքից այլ խնդիրներ են առաջանում` սրտանոթային անբավարարություն, թրոմբներ, այդպես նրա վիճակն ավելի կվատանա»,- «Մեդիալաբին» ասում է բժիշկ Ազբեկյանը:

Նա նշում է, որ վիրահատություն անելու դեպքում նորից պետք է ստուգեն, որպեսզի հստակ որոշեն՝ ինչ միջոցների պետք է դիմել. ամբողջովին փոխել խնձորա՞կը՝ պրոթեզավորել, թե՞ մետաղական կոնստրուկցիաներով ֆիքսել, ամրացնել:

Ըստ Ազբեկյանի՝ պրոթեզավորման դեպքում վիրահատությունը կկազմի 2500 դոլար, ինչպես նաև 220 հազար դրամ` որպես համավճար, իսկ մետաղական կոնստրուկցիաներ դնելու դեպքում համավճարից բացի վիրահատության արժեքը կկազմի 250 հազար դրամ:

Հիշելով իր կյանքի ողջ դժվարությունները՝ Անժելա Գարանյանը այլևս չգիտի` ո´ւմ ապավինել:

Սակայն, թոշակառուները չեն կարող մտածել վիրահատության մասին: Ֆինանսական միջոցներ չունենալու և վիրահատությունից հրաժարվելու հետևանքով ծերունու վիճակը գնալով վատանում է, իսկ նրա ողջ խնամքն ու հոգսը ուսերին վերցրած տիկին Անժելան հոգնատանջ է, հուսահատ, կարծես անզոր դիմադրելու կյանքի մատուցած հերթական «անակնկալին»:

Հիշելով իր կյանքի ողջ դժվարությունները՝ նա այլևս չգիտի` ո´ւմ ապավինել:

«Մեկ-մեկ մտածում եմ` էսքա՞ն տառապանք ու դժբախտություն մի կյանքում… »- հուզվում է Անժելան, ով չնայած դժվարություններին, շատ զուսպ է, սակավախոս ու չի տրտնջում:

Նրանց մինուճար դուստրը` Մարիամ Խազարյանը, 34 տարեկանում զոհվել է 2006-ի մայիսի 3-ին Երևանից Սոչի թռչող Ա-320 օդանավի վթարի ժամանակ, երբ բոլոր ուղևորները, ներառյալ անձնակազմի 8 անդամներ, զոհվեցին:

6 տարի անց էլ վերհիշելով տեղի ունեցած ողջ դժբախտությունը` նրա աչքերն արցունքով են լցվում եւ չի կարողանում հուզմունքը զսպել:

«Մեր ամուսնությունից 10 տարի հետո էր ծնվել աղջիկս՝ Մարիամս, որ 34 տարեկանում էդ ինքնաթիռով գնաց գործուղում ու… Ադլեր էր գնում, ինքը հոգեբան էր, աշխատում էր «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպությունում: Սիրտս անհանգիստ էր, չէի ուզում, որ գնար, բայց ասում էր` ի՞նչ պետք է լինի, մամ, ու գնաց: Ինքնաթիռը թռավ ու գնաց ծովն ընկավ: Էդ ժամանակ տղան դեռ 1 տարեկան 10 ամսական էր, հիմա արդեն 8 տարեկան է»,- ասում է Անժելան ու արցունքով լի աչքերով նայում վաղամեռիկ դստեր` գրապահարանում շարված լուսանկարներին:

Նա հիշում է աղջկա զոհվելուց հետո վերջին տարիները ու պատմում, թե ինչպես է խնամել իր միակ սիրելի թոռանը՝ Տիգրանին, ինչ դժվարությունների միջով են անցել, որպեսզի թոռանն էլ չխլեն, չհեռացնեն իրենցից:

«Փեսաս երեխային իր մոտ էր պահում ու չէր թողնում, որ մենք տեսնեինք, ասում էր` մինչև դատարան չտաք, երեխուն չեք տեսնի: Մենք էլ դատարանների դռներն ընկանք, երեխային տեսնելու համար գնում էինք մանկապարտեզ: Իրանց տուն չէինք կարող գնալ, չէին թողնում, իսկ իրանք էլ երեխային ճնշում էին, որ մեզ չուզի տեսնել: Հիմա, ճիշտ է, էդ ամենն անցել ա, թոռնիկս էլ է գալիս, մենք էլ ենք գնում իրան տեսնելու, ուղղակի ուշ-ուշ»,- ասում է տիկին Անժելան ու ցույց տալիս թոռնիկի հետ լուսանկարները:

Ջիվան Խազարյանը վերցնում է կնոջ ձեռքից թոռան լուսանկարը, համբուրում ու ասում` «մեռնեմ ջանիդ»:

«Կարոտել եմ Տիգրանիս, ուզում եմ տեսնել, որ գալիս է, էնքան ա մեզ ուրախացնում»,- ասում է նա ու թոռան լուսանկարն ամուր սեղմում կրծքին:

Միայնակ ծերունիներն իրենց ցավի ու դժվարությունների մեջ կորցրել են հույսը: Տանը ծվարած` աղջկա լուսանկարներով ու հիշողություններով ապրելով դժվար պահին, չգիտեն` ում վրա հույս դնեն օր ծերության:

Լիլիթ Առաքելյան

Լուսանկարները` Կարապետ Սահակյանի

© Medialab.am