Բանակում ծառայելը փորձում են կիրառել որպես պատիժ, դա սրիկայություն է,  բացասական վերաբերմունք ձևավորելու հերթական քայլ. Կարապետյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցը 

– Տիկի՛ն Կարապետյանց, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ «Ռուսաստանից ընտրակաշառքով ժամանածները կներգրավվեն 25-օրյա վարժական հավաքներին»: Կխնդրեմ գնահատեք իշխանության այս մտադրությունը կամ որոշումը, և, ըստ ձեզ, ինչպե՞ս են պարզելու՝ ո՛վ է ընտրակաշառքով եկել, ո՛վ՝ չէ:

– Ես վստահ եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանը համոզված լիներ, որ Հայաստան եկող մարդիկ քվեարկելու են իր օգտին, ապա նման հարց երբեք չէր բարձրաձայնվի, ընդհակառակը՝ կխրախուսեր Հայաստան գալը, մի հատ էլ մեդալ կտար: Սա միակ դեպքը չէ, ինչն ինձ համար շատ ցավալի է, որ բանակ գնալը, բանակում ծառայելը փորձում են կիրառել որպես պատիժ: Այս նույն տրամաբանությամբ՝ ժամանակին Անդրանիկ Քոչարյանն էլ ասում էր, որ ով ցույցերի է գնում, բոլորին պետք է հավաքել տանել հավաքի: 

Բանակում ծառայելը բացառիկ պատասխանատվություն ու երևույթ է, դա արժեքավոր գործողություն է, ու սրիկայություն է դա դարձնել պատիժ, մարդկանց մեջ մտցնել մտածողություն, որ բանակում ծառայելը կամ այդ վարժական հավաքին մասնակցելը պատիժ է, դա բանակի նկատմամբ հերթական անգամ բացասական վերաբերմունք ձևավորելու հերթական քայլերից է: 

Ես զարմացած չեմ, այս մարդիկ կապ չունեն ո՛չ Հայաստանի, ո՛չ օրենքի, ո՛չ էլ իրավունքի հետ: Ես ուզում եմ հասկանալ, իսկապես շատ լավ, տեղին հարց էր՝ ո՞նց են տարբերակելու՝ ո՛վ է եկել ընտրակաշառքով կամ ընտրության մասնակցելու:

Տասնյակ տարիներով Ռուսաստանում բնակվող մարդիկ ընտանիքներով կամ միայնակ մշտապես, հատկապես մայիսի վերջից, հունիսի այդ առաջին տասնօրյակին եկել են Հայաստան՝ հարազատներին այցի կամ հանգստի: Բոլորին ահաբեկել, բանակում ծառայելով սպառնալ ուղղակի անտրամաբանական է, սա ավտորիտարիզմի ձգտող մարդու վարքագիծ է, երբ օրենքն ու իրավական լծակներն օգտագործվում են Հայաստանի քաղաքացիների դեմ: 

– Որքանո՞վ են այդ գործողություններն իրավաչափ, մարդու իրավունքների խախտում կա՞:

– Իրենք դա փորձելու են տեղավորել իրավական գործընթացի շրջանակում, բայց ես հարց եմ տալիս․ անցած տարի ևս այս ժամանակահատվածում մեծ թվով մարդիկ են եկել Ռուսաստանից, որպեսզի իրենց արձակուրդը կամ ազատ ժամանակն անցկացնեն Հայաստանում, ինչո՞ւ անցած տարի այդ մարդկանց չեն ներգրավել վարժական հավաքին, իսկ դրա նախորդ ու էլի նախորդ տարիներին ինչո՞ւ չեն առաջնորդվել այդ տրամաբանությամբ: Սա խտրական վերաբերմունք է, սա ճնշումներ գործադրելու միջոց է, ու, վերջապես, մարդիկ ունեն Հայաստանի կապույտ անձնագիր ու կարող են քվեարկել Հայաստանում, ինչն օրենքը չի արգելում: 

Այստեղ որևէ խնդիր չկա իրավական առումով, դրա համար էլ իշխանությունը որոշել է ճնշում գործադրելու, վախեցնելու միջոցով կանխել դա: Ես նաև մի տեսանյութ տեսա, որից պարզ է դառնում, որ օդանավակայանում մարդկանց բուկլետներ են բաժանում, ենթադրում եմ, թե դա ում ֆանտազիան է, ու ինչքան գումար են ծախսել դրանք տպելու, բաժանելու համար: Ես հույս ունեմ, որ հունիսի 7-ին Հայաստանում իշխանությունը վերջապես կփոխվի, ու մենք հնարավորություն կունենանք այս բոլոր գործողություններին տալ թե՛ իրավական, թե՛ քաղաքական գնահատական:

– Տիկի՛ն Կարապետյանց, իսկ նման միջոցներով հնարավո՞ր է ընտրությանը մասնակցության վրա ազդել:

– Իշխանությունը երկար ժամանակ է՝ ինչ պատրաստվում էր ընտրություններին, ու մարդկանց զզվեցնելը, ահաբեկելը, վախի ու փոխադարձ ատելության մթնոլորտ ստեղծելը, մանիպուլյացիոն ու պոպուլիստական ֆոն ստեղծելը նրանք շատ վաղուց են սկսել: Գուցե կլինեն առանձին անհատներ, որոնց վրա ազդեցություն կունենա, բայց, կարծում եմ, որ մեր հասարակությունը տեսել է՝ ինչ է նշանակում չգնալ ընտրության կամ գնալ ու սխալ ընտրություն կատարել և իշխանությունը տալ այն մարդկանց, որոնք դիկտատորի նախադրյալներ ունեն:

Ինչքան ընտրությունները մոտենում են, այնքան ավելի շատ են այդ նախադրյալները կյանքի կոչվում: Պետք է գնալ ընտրատեղամաս ու մերժել, սա է ճիշտ որոշումը, ինչքան շատ մարդ մասնակցի ընտրություններին, այնքան Նիկոլ Փաշինյանի մոլի երկրպագուների տեսակարար կշիռն ավելի քիչ կլինի:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am