Երևանում կկազմակերպվի ավտոբուսների արտադրություն

Երևանում կկազմակերպվի ավտոբուսների արտադրություն
Երևանում կկազմակերպվի ավտոբուսների արտադրություն

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Կառավարությունը ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է Երևան քաղաքի Միկոյան 18 հասցեում գտնվող շարժական և անշարժ գույքը` շենքեր, կայաններ, տաղավարներ, ջրատար և կոյուղու ցանց, ամբարձիչներ և այլն, 35 տարի ժամկետով վարձակալության հանձնել «MED A. KGmbH» ընկերությանը։ Որոշմամբ սահմանվել է, որ նշված գույքի տարեկան վարձավճարն առաջիկա յոթ տարվա համար կազմում է մեկ մլն դրամ, որն ուղղվելու է ՀՀ պետբյուջե։ Վարձակալը պարտավոր է վարձակալությամբ տրամադրված տարածքում, ներկայացված գործարար ծրագրին համապատասխան, կազմակերպել մեծ տարողության մեքենաների (ավտոբուսների) արտադրություն` յոթ տարվա ընթացքում ներդնելով յոթ մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` յուրաքանչյուր տարի հավասարաչափ։ Հիշեցնելով, որ կառավարության նախորդ նիստերից մեկում վարձակալի ներկայացրած ծրագիրը հավանության է արժանացել, վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս որոշումը նախորդի շարունակությունն է և թույլ կտա ՀՀ-ում արագորեն կազմակերպել ավտոբուսների արտադրություն։

Նիստում 498 մլն դրամ է հատկացվել ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ԿԱ ոստիկանության և ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության զինծառայողների բնակարանային պայմանների բարելավման նպատակով։ Կառավարության ղեկավարը նշել է, որ այս որոշումներն ընդունվում են ՀՀ նախագահի հանձնարարությամբ։ Այդ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ անհրաժեշտ էր համարվել, որ պետության ուշադրության կենտրոնում գտնվեն նաև զինծառայողների սոցիալական պայմանները։ «Ստանալով ՀՀ նախագահի հանձնարարականը` մենք ըստ էության անում ենք բնակարանային ապահովության խնդրի լուծման առաջին քայլը», – շեշտել է Տիգրան Սարգսյանը։

Կառավարության որոշմամբ Երևանի Աջափնյակի վարչական շրջանի «Նորաշեն» թաղամասի 29 բարձրահարկ բազմաբնակարան բնակելի շենքերի գազիֆիկացմանն աջակցելու նպատակով Երևանի քաղաքապետարանին տրամադրելու համար ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը հատկացվել է 200 մլն դրամ։ Եվս 100 մլն դրամ հատկացնում է Երևանի քաղաքապետարանը, շուրջ մեկ մլրդ դրամ` Հայռուսգազարդը։ Գազիֆիկացումից կօգտվի շուրջ 12 հազար բնակիչ։ Այս ծրագրի ավարտից հետո մայրաքաղաքում այլևս չի մնա ոչ մի չգազիֆիկացված թաղամաս։

Կառավարությունը համաձայնություն է տվել Երևանի համայնքային սեփականություն հանդիսացող Կոնդ թաղամասում, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հարակից տարածքում ավելի քան հազար քառ. մետր մակերեսով հողամասը նվիրաբերել «Երևան, իմ սեր» հիմնադրամին` բարեգործական ծրագրի իրականացմանը մասնակցելու նպատակով։ Նախատեսվում է կառուցել երեք ցածրահարկ շենք, որոնցից մեկում գործելու է կարիքավոր ընտանիքների լսողության խնդիր ունեցող երեխաների կենտրոն, մյուսն անվճար հատկացվելու է միայնակ մայրերի և երեխաների կարիքներին, երրորդը իբրև Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օժանդակ շինություն տրամադրվելու է եկեղեցու սպասավորների և համայնքի կարիքներին։ Համանման երկրորդ բարեգործական ծրագիրն իրականացվելու է Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ սա պետություն-մասնավոր համագործակցությամբ իրականացվող ծրագիր է, որտեղ պետության մասնակցությունն էական տեսակարար կշիռ ունի։ «Այսօրվա որոշումով մենք շուկայական արժեքով շուրջ 400 մլն դրամի գույք ենք հանձնում հիմնադրամին, որպեսզի ծրագիրն իրականանա։ Բացի այդ, հիշում եք, որ ծրագիրը գտնվում էր հանրապետության նախագահի անմիջական հովանու ներքո, ինչի շնորհիվ էլ աշխարհի տարբեր երկրների, այդ թվում նաև Ռուսաստանի հայ գործարարները ֆինանսական միջոցներ հատկացրին ծրագրի իրականացման համար։ Այսինքն, սա համատեղ ջանքերով իրականացվող ծրագիր է», – հավելել է վարչապետը։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական հաղորդագրությունը:

© Medialab.am