«Հետաքրքիր ժողովուրդ ենք, երբ թավիշ է լինում, ասում ենք՝ խստություն է պետք, երբ խստություն է լինում՝ դժգոհում ենք». Էդուարդ Զորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է երգիչ, երգահան Էդուարդ Զորիկյանը

Պարոն Զորիկյան, Ազգային ժողովն օրենք ընդունեց, ըստ որի՝ կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու համար վերահսկվելու են մարդկանց հեռախոսային խոսակցությունները։ Սա առաջացրել է շատերի դժգոհությունը, ինչպե՞ս եք դուք գնահատում այդ նախաձեռնությունը։

– Մարդկանց մտահոգությունը նորմալ է, յուրաքանչյուր մարդ անձնական տվյալների պաշտպանության, տեղաշարժի իրավունք ունի։ Հիմա ասել են՝ նստեք տանը, մարդիկ նստած են։ Ես իմ պատշգամբից միշտ հետևում եմ, և բացահայտ երևում է, որ դիմակով, ռետինե ձեռնոցներով են մարդիկ մտնում խանութ, դեղատուն ու դուրս գալիս։ 

Ես չգիտեմ՝ հեռախոսով ի՞նչ պետք է անեն, տեղաշա՞րժը պետք է հետևեն։ Հեռախոսով շփվելն ի՞նչ պետք է տա։ 

Ենթադրենք՝ ես զանգեցի, մեկի հետ պայմանավորվեցի, որ այսինչ տեղը հանդիպենք։ Բայց հետո չեմ հանդիպել, գործ է եղել, չեմ հանդիպել։ Հիմա, եթե անգամ ես վարակակիր եմ, խոսել եմ անձի հետ, բայց չեմ հանդիպել, հեռախոսային խոսակցությունը հանելու են, ասեն՝ խոսել ես, շփվե՞լ ես։ 

Այսինքն՝ ես դրա անհրաժեշտությունը չեմ տեսնում։ Բացի այն հիմնավորումից, որ «մենք մտածում ենք ձեր առողջության ու կյանքի մասին», ուրիշ նորմալ բացատրություն չեմ էլ լսել այդ ամենի մասին։

– Նաև այլ երկրների փորձն են մեջբերում, որ, օրինակ՝ Հարավային Կորեայում և մի քանի այլ երկրներում այդ մեթոդով կարողացել են արդյունավետ պայքարել հիվանդության տարածման դեմ։

– Այ նման բան նկատել եմ։ Այնպիսի տպավորություն է, որ այս կորոնավիրուսի հետ կապված ամեն ինչ մեկ կենտրոնից է ղեկավարվում։ Եվ մենք չգիտենք՝ դա Առողջապահության համաշխարհային կազմակերպությո՞ւնն է, թե՞ այլ կառույց։ 

Որ երկրի իրադարձություններին ու զարգացումներին հետևում ես, նույն բանն է կատարվում՝ սկզբում անլրջություն, հետո մեկուսացում, ռետինե ձեռնոց, դիմակ, դուրս գալիս թուղթ լրացնել…

Ինձ մեկ-մեկ թվում է, որ համաշխարհային ինչ-որ ֆլեշմոբ է սա։ Մեկ-մեկ էլ թվում է՝ ահավոր վտանգավոր ինչ-որ բան է, որովհետև մտածում ես, լավ, մենք ենք այդպես խենթ ու խելառ, ամբողջ աշխարհը հո չի՞ կարող միանգամից նույն ձևով խելագարվել ու նույն քայլերն անել։ 

Հիմա գիտենք, որ չինացիներն ամեն տեղ տեսախցիկներ են դրել ու նույնականացնում են մարդկանց։ Այսինքն՝ տոտալ վերահսկողություն է, մարդկանց ամեն քայլին հետևում են։ 

Սա ինձ հիշեցնում է այն, որ Խորհրդային Միության տարիներին «Հյուսիսային Կորեա» ամսագիր կար։ Դա միշտ գնում, ընկերներով կարդում ու ծիծաղում էինք, որովհետև աբսուրդ բաներ էին գրվում։ 

Օրինակ՝ արգելվում է պատուհանին վարագույր կախել։ Եվ բացատրությունն այն էր, որ եթե դու թաքցնելու բան չունես, ուրեմն չպետք է վարագույր կախես։

Ո՞նց կհաղթահարենք մենք այս վարակը։ Ասում են՝ պատերազմ ու երկրաշարժ տեսած ազգ ենք, սթրեսակայուն ենք։

– Ինձ թվում է՝ մենք չգիտենք։ Այսինքն՝ մեր կառավարությունը չգիտի, թե ոնց պետք է հաղթահարի։ Ոնց կասեն, ընենց էլ կհաղթահարի։ Կասե՞ն՝ վաղը ամեն երկրորդին պետք է գնդակահարենք, ուրեմն պիտի գնդակահարեն։ 

Ինչքան էլ խելոք լինի վերևից թելադրողը՝ դա Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն է, թե՞ ուրիշ կենտրոններ՝ չգիտեմ, բայց պետք է հասկանան՝ ամեն ազգ ունի իր առանձնահատկությունը։

Չինացիների վրա մի բան է ազդում, հայերի վրա՝ լրիվ ուրիշ բան։ Ամեն ազգ յուրովի է և այս կարանտինի ընթացքում յուրովի էլ դրսևորվում է։ Չինացին սուսուփուս միանգամից ենթարկվեց, իտալացին պատշգամբներից համերգներ էր տալիս։

Մեզ մոտ կարծես մի մասն ուզում է նստել տանը, տարեցները բակերում, տաղավարներում սովորականի պես հավաքվում ու նարդի են խաղում։

– Ես անձամբ չեմ տեսել, մեր բակում էլ կա տաղավար, բայց չեն խաղում։ Ֆեյսբուքից եմ տեղեկացել, որ նման բաներ կան, կան մեկնաբանություններ, որ իշխանությունները շատ թավշյա են, պետք է ավելի խիստ մոտենալ այս ամենին։ 

Մենք հետաքրքիր ժողովուրդ ենք, երբ թավիշ է լինում, ասում ենք՝ խստություն է պետք, երբ խստություն է լինում՝ դժգոհում ենք։ Ես կարծում եմ, որ մենք շատ էլ լավ ենթարկվող ազգ ենք։ Ինչ ասեցին՝ արեցինք, սուսուփուս ենթարկվում ենք։

Մարդկանց ասում են՝ պետք է թղթի վրա գրեք, թե ուր եք գնում, թղթի վրա գրեցին։ Հետո ասեցին՝ չէ, առցանց պետք է լրացնեք, հեռախոսի մեջ պահեք տվյալները, դա են անում։ Իմիջիայլոց, դրա հետ կապված աղմուկ չբարձրացավ, բայց դա նույն բանն է, ինչ հեռախոսով տվյալները վերահսկելը։ 

Այսինքն՝ դու քո ձեռքով տվյալներդ գրում ու ուղարկում ես, բայց այս մի պարագայում կարծես աղմուկ չբարձրացավ։ Բայց օրենքի ընդունման հետ կապված ժողովուրդն արդեն դժգոհեց։ Օրենքի հեղինակներն ասում են՝ հետո արագ այդ տվյալները կոչնչացնեն, բայց միշտ գտնվում են մարդիկ, որոնք օգտվում են այդ պարագայից ու ինչ-որ տվյալներ օգտագործում են ինչ-ինչ վատ գործերի համար։

– Իսկ կառավարության քայլերը բավարա՞ր եք գնահատում հիվանդացության կանխման տեսանկյունից։

– Համացանցով տեսնում եմ, որ կանգառներում ախտահանման աշխատանքներ են իրականացվում, տրանսպորտը, մետրոն ախտահանում են։ Ես այս օրերին մի քանի անգամ մետրոյից օգտվել եմ, ամեն վագոնում մի քանի հոգի էին, բոլորը դիմակներով, ռետինե ձեռնոցներով, մետրոն էլ րոպեի ճշգրտությամբ աշխատում էր, ինչպես նախկինում։

Քանի որ այսօր միայն պարենային խանութներն ու դեղատներն են աշխատում, երևի թե կարիք կա բոլորից պահանջել, որ խանութների մուտքի մոտ ձեռքերը ախտահանեն, բժշկական դիմակ տան մարդկանց, եթե չունեն։ Նման խստություն պետք է մտցնեն, խանութներից պահանջեն, որ այդ պայմանն ապահովեն։

Երևի պայքարի ամենահեշտ միջոցը տանը նստելն է, որովհետև մենք չգիտենք՝ գուցե շատերը ոտքի վրա այդ նույն վիրուսով վարակված են։ Մանավանդ հիմա այդ հիվանդությունը համընկնում է գարնանային սեզոնի գրիպի հետ։ Իսկ մնացած անհրաժեշտ բաները ոնց որ թե արել են։ Մնացածը անհատների պատասխանատվության դաշտում է։

Նման դեպքեր էլ կան, որ մարդիկ իրենք իրենց նախաձեռնությամբ իրենց շենքի վերելակն են ախտահանում։ Լավ կլիներ, եթե նման նախաձեռնություն կազմակերպվեր պետական մակարդակով։

Գուցե չունեն այս քանակի ծառայություններ, բայց սա երևի լավ առիթ էր՝ ստեղծել նման մի ծառայություն, բակերում, շենքերում, թաղամասերում երիտասարդների հավաքել, տրամադրել նյութեր՝ ախտահանման աշխատանքների համար։ Այսինքն՝ եթե կորոնավիրուսի դեմ պայքարի համար գումարներ պետք է տրամադրվեն, նման գործողությունների համար կարող են տրամադրել, որ այդ նույն վերելակի կոճակը պարբերաբար ախտահանվի։ Եվ մասնագետներ կան, ովքեր նորմեր պետք է սահմանեն այդ աշխատանքների համար։

Ամեն դեպքում, այն, որ արտակարգ դրությունը երկարաձգեցին 10 օրով, դա նշանակում է, որ առայժմ այս վարակի վերջը չի երևում, էլի Աստծո հույսին ենք։ Այս օրերին մի լավ բան եմ նկատել՝ քաղաքում օդը բավական մաքրվել է։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am