Միասնական քննություն հանձնողների ամենամեծ թիվն այս տարի «Անգլերեն», «Մաթեմատիկա», «Հայոց լեզու և գրականություն» առարկաներից է

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը

Տիկի՛ն Գրիգորյան, մայիսի 10-ին ավարտվել է դիմորդների հայտագրման առաջին փուլը, ըստ այդմ ի՞նչ պատկեր է այս տարի:

– Միասնական ու ներբուհական քննությունների համար այս տարի հայտագրվել է 13.573 մարդ՝ նախորդ տարի 13.126 դիմորդ էր: Քննություն հանձնողների ամենամեծ թիվն այս տարի «Անգլերեն լեզվից» է՝ 5587, իսկ նախորդ տարի 4189 էր: Երկրորդ տեղում «Մաթեմատիկա» առարկան է՝ 5429՝ նախորդ տարվա 4843-ի դիմաց: Երրորդ տեղում «Հայոց լեզու ու հայ գրականություն» առարկան է՝ 5253 դիմորդ, անցյալ տարի 3730 էր:

Հիմա նշեմ այն առարկաները, որոնցից քննություն հանձնողներ կա՛մ ընդհանրապես չկան, կա՛մ շատ քիչ են. «Պարսկերեն լեզվից» քննություն հանձնող դիմորդ չունենք, 2-ական դիմորդ կա «Իտալերեն» ու «Իսպաներեն լեզվից»:

Այս տարի ձևավորվել է 41 քննական կենտրոն, որոնցից 14-ը լինելու են մայրաքաղաքում, 27-ը՝ մարզերում, իհարկե չի նշանակում, որ բոլոր քննություններին 41 կենտրոնն էլ գործելու են, ավելի մեծ քննությունների ժամանակ են գործելու բոլորը:

Առաջին փուլի քննությունները մեկնարկելու են հունիսի 7-ին և կավարտվեն 24-ին, այսինքն՝ այդ ընթացքում ամեն երեքշաբթի ու ուրբաթ լինելու են քննություններ: Քննությունների արդյունքները հայտնի են լինելու քննությունը հանձնելու հինգերորդ օրը՝ ինչ եղանակով, դեռ հստակեցված չէ, կհստակեցնենք, կտեղեկացնենք:

– Ամենապահանջված կամ, ինչպես ասում են՝ մոդայիկ մասնագիտություններն այս տարի որո՞նք են:

– Ամենապահանջված հինգ մասնագիտություններն են Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» մասնագիտությունը, ունի 671 դիմորդ, Երևանի պետական համալսարանում՝ «Ինֆորմատիկա ու կիրառական մաթեմատիկա»՝ 300 դիմորդ, «Իրավագիտություն»՝ 281: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան՝ «Կառավարում, ըստ ոլորտի»՝ 295 դիմորդ, «Ֆինանսներ»՝ դարձյալ ըստ ոլորտի 276 հոգի են դիմել:

163 մասնագիտությամբ՝ կոնկրետ բուհի, կոնկրետ մասնագիտության, դիմում չկա, զրո դիմում է: Օրինակ՝ «Մաթեմատիկա» մասնագիտությամբ զրո դիմում է Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանում ու Վանաձորի Թումանյանի անվան պետական համալսարանում: Բնականաբար, Երևանի մանկավարժական համալսարանում կամ այլ բուհերում նման մասնագիտությամբ դիմորդներ կան:

– Տիկի՛ն Գրիգորյան, այդ զրո դիմումները հիմնականում մարզերի՞ բուհերում են, թե՞ Երևանի բուհերում էլ կան մասնագիտություններ, որոնցով այս տարի ոչ ոք չի հետաքրքրվել:

– Այդ 163 պահանջարկ չունեցող մասնագիտություններից միայն 28-ն են պետական բուհերի ներկայացրած մասնագիտություններ: Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում պահանջարկ չունեն «Իսպաներեն լեզու և գրականություն», «Գրադարանային տեղեկատվական աղբյուրներ» և երրորդը՝ «Շրջակա միջավայրի գիտություն» մասնագիտությունները: Ճարտարապետության և շինարարության համալսարանում՝ «Երկաթգծի շինարարություն, երկաթգիծ, գծային տնտեսություն», և երկրորդ մասնագիտությունը նույն բուհում՝ «Տրանսպորտային համակարգեր»:

Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում դիմումներ չկան շվի, սրինգ, բլուլ մասնագիտությամբ, դիմում չկա տավիղ մասնագիտությամբ, իսկ Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում չեն դիմել ջութակ, դիրիժորություն, արվեստի տեսություն, պատմություն, կառավարում մասնագիտությամբ: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում չեն դիմել «Թատերագիտություն», «Կինոգիտություն» մասնագիտություններով: Գավառի պետական համալսարանում դիմումներ չկան երեք մասնագիտությամբ՝ «Քարտեզագիտություն» ու «Կադաստրային գործ»:

Հայաստանի ագրարային համալսարանում դիմումներ չկան «Ագրոարդյունաբերության տեխնոլոգիաներ», «Օրգանական գյուղատնտեսություն», «Կենսաբանություն և կենսատեխնոլոգիաներ» մասնագիտություններով: Հայ-ռուսական համալսարանում դիմում չկա «Հնդկագիտություն» մասնագիտությամբ:

– Իսկ այս պատկերը նախորդ տարվա համեմատ փոփոխությունների ենթարկվե՞լ է:

 – Անկեղծ ասած, նախորդ տարվա տվյալներն այս պահին ձեռքիս տակ չեն, որ համեմատեմ, հետևաբար օդի մեջ բաներ չեմ ասի:

– Այս տարի, փաստորեն, համաձայն ձեր ներկայացրած թվերի՝ դիմորդների թիվն ավելի շատ է, քան անցա՞ծ տարի:

– Այո՛, բայց նաև կա մի բան, որն այս տարի փոխվել է ընդունելության կարգում. անցյալ տարի կային մասնագիտություններ, որոնց դեպքում դիմորդը հանձնում էր մեկ քննություն, իսկ երկրորդը դպրոցի գնահատականն էր ներկայացնում: Այս տարի պարտադիր է միասնական երկու քննության հանձնումը, նաև դրա հաշվին է ավելացել դիմորդների թիվը:

– Տիկի՛ն Գրիգորյան, իսկ երկրորդ փուլի հայտերը ե՞րբ են ընդունվում:

– Առաջին փուլի քննությունների ավարտից հետո: Այս տարի ևս, անցած տարվա նման, առաջին փուլում դիմել են նաև քոլեջների շրջանավարտները, այս տարվա դպրոցների շրջանավարտները, նախորդ տարվա շրջանավարտները, դպրոցների նախորդ տարիների շրջանավարտները: Երկրորդ փուլում, փաստորեն, մնացել են միայն զինված ուժերից զորացրվածներն ու արտերկրի դպրոցների շրջանավարտները: Արտերկրի դպրոցների մեջ մտնում են նաև, օրինակ՝ Քանաքեռում գործող ռուսական դպրոցը, որտեղ Ռուսաստանի կրթական ծրագրերով են սովորում ու ստանում ՌԴ-ի ատեստատ, նկատի ունեմ, պարտադիր չէ, որ իրենք դրսից եկած լինեն:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am