Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Իրանի նորանշանակ դեսպան Աբբաս Բադաշխան Զոհուրիին

Փետրվարի 3-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Իրանի նորանշանակ դեսպան Աբբաս Բադաշխան Զոհուրիին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

Նախարար Մնացականյանը շնորհավորեց Աբբաս Բադաշխան Զոհուրիին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-իրանական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը և խորացմանը:

Կողմերը մտքեր փոխանակեցին Հայաստանի և Իրանի միջև առկա երկկողմ օրակարգն առավել խորացնելու և հարստացնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ: 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հրատապ հարցերի: Փոխադարձաբար կարևորվեց տարածաշրջանային կայունության և անվտանգության պահպանմանն ուղղված համատեղ ջանքերի գործադրումը:

Երկուստեք բարձր գնահատվեց  հայ համայնքի կարևորությունը Իրանի հասարակական-քաղաքական կյանքում և կամրջող դերակատարությունը երկու երկրների հարաբերություններում: