Կորոնավիրուս. Ըստ բժիշկ-վիրուսաբանի՝ առողջապահության համակարգը բացարձակապես չի կարողանում հասցնել սպասարկել հիվանդներին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է բժիշկ-վարակաբան Արմեն Օհանյանը

– Պարո՛ն Օհանյան, նոյեմբերի 26-ին՝ Կառավարության նիստի ընթացքում, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ մեր երկրում կորոնավիրուսային վիճակը հարաբերականորեն կայուն է և մի փոքր բարելավվել է։ Սա ինչի՞ արդյունք է։ Արդյոք մարդիկ ավելի զգուշավոր են և հետևում են կանոնների՞ն, թե՞ վիրուսն է նահանջում։

– Չգիտեմ՝ ինչ է նկատի ունեցել կայունանալ և բարելավում ասելով, բայց այսօրվա դրությամբ փաստացի հանրապետության առողջապահության համակարգը բացարձակապես չի կարողանում հասցնել սպասարկել հիվանդներին։

Մարդկանց զգալի մասը, որոնց ցուցված է բուժօգնություն, չի կարողանում հիվանդանոցային բուժօգնություն ստանալ։ 

Տեղերը գերծանրաբեռնված են, ստիպված մարդկանց մերժում ենք։ 

– Ի՞նչ քայլերի անհրաժեշտություն եք տեսնում, որ առողջապահության համակարգը կարողանա սպասարկել բոլոր հիվանդներին, որոնց ցուցված է հիվանդանոցային բուժում։

– Կայուն 1000 և ավելի թվերը պահանջում են շատ ավելի լուրջ կազմակերպչական միջոցառումներ, ավելի մեծ կենտրոնների ներգրավում կամ հիվանդանոցների առանձնացում քովիդով զբաղվելու համար։

Ի տարբերություն ամռան՝ պատկերացրեք՝ կրկնակի ավելացված է պացիենտների հոսքը։ Մենք միանշանակ չունենք մահճակալային ֆոնդի կրկնակի ավելացում։

Մարդիկ նաև ճիշտ ձևով չեն պահպանում կանոնները, որովհետև մարդկանց գուցե անկեղծորեն ու հասանելի ձևով չի բացատրվել կանոնների կարևորությունը, դրանք ավելի շատ պարտադրանքի ձևով եղավ, ու վատ արձագանք ստացավ մարդկանց կողմից։

Մարդկանց պետք է հստակ բացատրել, որ բուժսպասարկումը կոլապսի է ենթարկված, եթե դուք ձեր հարազատի համար անհանգստանում եք, կանխարգելեք, որ նա չհիվանդանա, ոչ թե հիվանդանալուց հետո բողոքեք, որ պատշաճ բուժօգնություն չեք ստանում։

Պետք է բացահայտ ասել, որ, այո՛, անհնարին է շատ մեծ թվով պացիենտներին, ինչպիսին ունենք այսօր, պատշաճ բուժսպասարկում ապահովել։

Մարդիկ պետք է գիտակցեն, որ, այո՛, եթե վարակեցին իրենց հարազատին, իրենց հարազատի կյանքը կարող է վտանգի ենթարկվի։ Դա սիտուացիոն է, երկրի վիճակն է այսօր այդպիսին, չպետք է մեղավորներ փնտրել, պետք է այնպես անել, որ հնարավորինս կանխվի վարակի տարածումը։

– Նախարարի խոսքով՝ գարնան կեսին ակնկալվում է պատվաստանյութի Հայաստան մատակարարումը։ Ի՞նչ ակնկալիքներ կան պատվաստանյութի հետ կապված։

– Առայժմ ոչ մի գործող արդյունավետ պատվաստանյութ չկա, իսկ եթե չկա, արդեն ժամկետներ սահմանել, թե երբ կլինի, շատ դժվար է։ Պետք է նախնական ունենանք պատվաստանյութ, որ իմանանք՝ արդյունավետ է, հետո հաշվարկներ անել, թե երբ տվյալ պատվաստանյութը մատակարարել բնակչությանը։

Պատվաստանյութն էլ հարաբերական է էս հիվանդության դեպքում, ինչքանով կստացվի հաջող պատվաստանյութ ստեղծել, հնարավոր է հակառակ էֆեկտը ունենանք, ինչպես, օրինակ՝ ունեցանք H1N1-ի դեպքում։ Այն եկավ որպես պանդեմիա, շատ արագ պատվաստանյութ ստեղծվեց, և կային դեղամիջոցներ, որ ազդում էին վարակի վրա: Մի կողմից կարելի էր ուրախանալ, որ հնարավոր է հիվանդության դեմ պայքարել, մյուս կողմից՝ տվյալ վարակը ձեռք բերեց սեզոնայնություն և դարձավ ամեն տարի առաջացող սովորական, սեզոնային վարակ։

Գրիպի ևս մեկ տեսակ ավելացավ։ Կոպիտ եթե ձևակերպենք՝ հիվանդությունը իր գործը պետք է անի։ Կարճ ժամկետում կվարակի շատ մարդկանց և կլքի մեզ կամ, նման վերահսկման դեպքում, արդեն կդառնա մեր անբաժան ուղեկիցը։

– Հարևան երկրում՝ Վրաստանում, վերջին շրջանում կորոնավիրուսի բում է, այսօր գրանցվել է վարակման 3216 նոր դեպք։ Երկրում նոր սահմանափակումներ են դրվել՝ չի գործելու տրանսպորտը, փակվում են խանութներն ու ռեստորաները և այլն։ Ինչո՞վ է պայմանավորվում Վրաստանում հակառեկորդը։

– Սահմանափակմամբ, ինչպիսին Վրաստանի դեպքն է, դու կարող ես հետաձգել էպիդեմիան, բայց չես կարող ազատվել էպիդեմիայից, հաղթահարես էպիդեմիան՝ առանց դրա միջով անցնելու, եթե չունես դեղորայք, որը տվյալ հարուցչի դեմ է գործում, և չունես պատվաստանյութ։

Այսինքն՝ բնակչության որոշակի թիվ՝ կախված հիվանդությունից, պետք է վարակվի, օրինակ՝ 80-90%-ը, պետք է վարակվի, որ վարակը հաղթահարվի։ 

Խիստ սահմանափակումներով կարելի է պահել և գալ-հասնել օրական 3000 և ավելի դեպքի, կամ կարելի է մեղմ պահել ու ուղղակի վերահսկելի դարձնել թիվը, որ առողջապահության համակարգը կոլապսի չենթարկվի։

– Մենք դեռ ինչքա՞ն ենք շարունակելու ապրել վիրուսի հետ։ Ե՞րբ է ակնկալվում, որ վիրուսն ավելի քիչ վտանգավորություն կներկայացնի և ագրեսիվորեն չի տարածվի։

– Վիրուսի վտանգավորության աստիճանը չի նվազելու, առաջացնելու է նույն հիվանդությունը, ինչ հիմա է առաջացրել, կամ քիչ տարբերությամբ՝ մի քիչ ավելի մեղմ կամ մի քիչ ավելի արտահայտված։ Ուղղակի, որ լինի ավելի քիչ, հնարավոր կլինի պատշաճ բուժօգնություն ապահովել հիվանդների համար, դրանով իսկ մահացության ցուցանիշները կնվազեն։

Մենք հիմա պետք է գիտակցենք, որ բարձր մահացությունը, ծանր ընթացքը մասամբ պայմանավորված են նաև նրանով, որ առողջապահության համակարգը չի հասցնում ադեկվատ արձագանքել այդ ամենին, այսինքն՝ պատշաճ ուշադրություն դարձնել յուրաքանչյուր հիվանդի։

Թե ե՛րբ վիրուսը կնվազի, դա պետք է համեմատենք նախորդ էպիդեմիաների հետ. սովորաբար նման վիրուսները, երբ միջամտող մարդկային գործոն չկա, իսկ մարդկային գործոններն են կամ պետք է լինի պատվաստանյութը կամ դեղամիջոցը, քանի որ այս դեպքում չունենք ոչ մեկը և ոչ մյուսը, պետք է իր բնական ցիկլով ընթանա, ինչը ենթադրում է, նախորդներին նայելով, միջինը՝ 2 տարի ժամանակ, որի ընթացքում այն մի քանի բարձրացում է ունենալու։

Մենք երրորդ բարձրացմանը կառնչվենք։

– Երրորդ բարձրացումը ե՞րբ կլինի։

– Օրինաչափությանը նայելով՝ երևի թե գարնան սկզբին։ Օրինաչափությունից ելնելով՝ մի քանի ամիս էլի ընդմիջում կլինի, դրանից հետո նորից բարձրացում կարող է լինել։

Վիրուսային վարակները շատ հաճախ են նման ընթացք ունենում, հատկապես էպիդեմիայի ժամանակ։

Արփինե Արզումանյան

MediaLab.am