«Առաջ քաշվող պայմանները ոչ թե խաղաղության պայմաններ են, այլ պարզապես Հայաստանի հանդեպ գերիշխանության պայմաններ». Հակոբ Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստ է գնալու Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման, արտգործնախարարների եռակողմ՝ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան հանդիպման, որը տեղի չունեցավ անցած տարի հայկական կողմի խնդրանքով, բայց, ըստ Բայրամովի, հայկական կողմն է խոչընդոտում գործընթացների իրականացումը։ Մենք հիշում ենք նաև, որ Նիկոլ Փաշինյանը գործադիրի նիստին դարձյալ հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է հենց վաղն էլ ստորագրելու այդ պայմանագիրը՝ Պրահայում ձեռք բերված համաձայնությամբ։ Ստեղծված իրավիճակում որքանո՞վ եք իրատեսական համարում խաղաղության պայմանագրի կնքումը։

– Խաղաղության պայմանագրի կնքումը, համենայնդեպս, այն բովանդակությամբ, որը կլուծի կողմերի միջև առկա անհամաձայնությունների պատճառներն ու դրանց առնչվող հարցերը, ես գործնականում անիրատեսական եմ համարում, ու այս պայմաններում, քանի որ կողմերի միջև կան բավական սուր անհամաձայնություններ, հասկանալի է, որ յուրաքանչյուրը հայտարարելու է, որ ինքը պատրաստ է խաղաղության, իսկ դրան պատրաստ չէ հակառակ կողմը։

Գործնականում խաղաղության պատրաստ չէ Ադրբեջանը, նրան նաև պետք չէ այդ խաղաղությունը, որովհետև Ադրբեջանն առաջին հերթին իրեն ուժեղ է զգում ոչ միայն Հայաստանի, այլ նաև Վրաստանի հանդեպ։ Ադրբեջանը հավակնում է իր այդ ուժը վերածել տարածաշրջանային ազդեցիկ դերակատարման ու կանգնել Հայաստանից ու Վրաստանից շոշափելիորեն բարձր քաղաքական աստիճանի վրա, ու այդ համատեքստում Բաքվին ներկայումս որևէ կերպ խաղաղություն անհրաժեշտ չէ, ու նա պարզապես դիվանագիտական հռետորաբանությամբ է հայտարարում, թե պատրաստ է ստորագրելու պայմանագիրն ու այլն։

Իհարկե Ադրբեջանը պատրաստ կլինի ստորագրելու այդ փաստաթուղթը, եթե Հայաստանը կատարի Բաքվի բոլոր քաղաքական պայմանները, բայց մենք հասկանում ենք, որ բացարձակապես հնարավոր չէ այդ պայմաններով խաղաղության գնալ, որովհետև անգամ այդ տարբերակով որևէ երաշխիք չկա, որ Ադրբեջանը առաջ չի քաշելու նոր պայմաններ, բայց արդեն իսկ եղած պայմանները ոչ թե խաղաղության պայմաններ են, այլ պարզապես Հայաստանի հանդեպ գերիշխանության պայմաններ, որը, հասկանալի է, երբեք չի կարող լինել խաղաղության ճանապարհ։

– Տպավորություն է, որ ադրբեջանական կողմը հիմա էլ հակված է բանակցությունները շարունակելու հիմնականում ռուսական միջնորդությամբ, ինչո՞ւ։

– Չեմ կարծում, թե Բայրամովը հենց դա է պնդում, որովհետև, եթե չեմ սխալվում, նա խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների պատրաստակամության մասին հայտնել էր նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին, որը ժամանել էր Հայաստան ու այստեղից մեկնել Ադրբեջան։

Բայրամովը, կարծես թե, նույն պատրաստակամության մասին ԱՄՆ պաշտոնյաներին է հայտնում, այսինքն՝ չեմ կարծում, թե Ադրբեջանը միայն կամ հատուկ Ռուսաստանի հովանու ներքո խաղաղության մասին է խոսում, ավելին՝ մենք գիտենք, որ Ադրբեջանը մերժում է ռուսական տարբերակը, որով նախատեսվում է խաղաղության պայմանագրում արձանագրել Արցախի կարգավիճակն անորոշ ապագայի թողնելու հարցը։

Այսինքն՝ կարող ենք նաև նույնիսկ հակառակն ասել, որ Ադրբեջանը պատրաստ չէ այդ պայմանագիրը քննարկելու հենց ռուսական դաշտում կամ, իհարկե, պատրաստ կլինի քննարկումների, եթե դրանք անցնեն ադրբեջանական օրակարգով։ Իսկ լայն իմաստով, ինչպես ասացի՝ Ադրբեջանը պատրաստ չէ որևէ խաղաղության ու չունի դրա մոտիվացիան, ընդ որում՝ ելնելով թե՛ արտաքին իրողություններից, թե՛ նաև՝ ներքին։

Ալիևի համար խաղաղություն նշանակելու է նոր որակի հարաբերություններ իր հասարակության հետ, իսկ դա պետք է ենթադրի արդեն նոր որակի իշխանություն, իսկ Ադրբեջանում չի կարող լինել նոր որակի ալիևյան իշխանություն մի շարք պատճառներով, հետևաբար Ալիևը շարունակելու է իր իշխանությունը պահել այսպես ասած կոնֆլիկտի գաղափարի վրա, նրան պետք է այդ կոնֆլիկտը, նրան խաղաղություն բացարձակ պետք չէ, այդ կոնֆլիկտը իր երկրի ներսում իշխանություն պահելու շատ գործուն միջոց է։

Միևնույն ժամանակ Ալիևը պարզ տեսնում է, որ համաշխարհային միջավայրում հնարավոր չէ այնպիսի կանխատեսելի ու որոշակի տարածաշրջանիձևավորում, որը ինչ-որ տարբերակներով հանգուցալուծման հրամայականներ կբերի։ Տեսնելով խոշոր դերակատարների միջև թեժացած ու էլ ավելի թեժացման գնացող պայքարը՝ ԱՄՆ, Ռուսաստան, այս ֆոնին նաև տարբեր այլ բևեռների միջև բավական հակասական խաղեր, Ալիևը ընդամենը փորձում է այդ ամենի վրա իր հերթին խաղալով պարզապես առավելագույնը քաղել՝ իր քաղաքական օրակարգն առաջ տանելու հարցում։

– Պարո՛ն Բադալյան, իսկ Հայաստանին պե՞տք է խաղաղության այդ պայմանագիրը, և, եթե նկատի ունենանք, որ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ պատրաստ է Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա կնքել այդ փաստաթուղթը, ապա այդ տարբերակով պայմանագիրը որքանո՞վ կարող է շահավետ լինել Հայաստանի ու Արցախի համար։

– Մենք խաղաղության պայմանագրի բովանդակություն չունենք, որպեսզի գնահատենք դա, եթե խոսենք կոնկրետ պայմանագրի մասին։ Եթե ընդհանրապես խաղաղության մասին խոսենք, իհարկե Հայաստանին խաղաղություն է պետք, առնվազն այն իմաստով, որ մեզ հնարավորինս երկար խաղաղ ժամանակահատված է պետք հետպատերազմյան վերականգնման, բոլոր իմաստներով դիմադրունակ ու կենսունակ դառնալու համար։ Այս տեսանկյունից, թե ինչպե՛ս ենք լուծում այս խնդիրները ներսում՝ հարցի մյուս կողմն է, բայց այն, որ մեզ այդ կայուն ու խաղաղ ժամանակահատված է պետք, դա անկասկած։

Միևնույն ժամանակ, Հայաստանն ունի շատ բարդ խնդիր այն առումով, որ այդ կայունությունն ու խաղաղությունը չպետք է արժենան գին, որը Հայաստանի համար կբարդացնի հետագա քաղաքական, դիվանագիտական դիրքերը, այսինքն՝ հասնել կայուն ժամանակային տարածություն այսպես ասած նվաճելուն դիվանագիտական այնպիսի զիջումների գնով, որոնք արդեն իսկ կարժեզրկեն այդ կայուն խաղաղ ժամանակաշրջանը ու կբարդացնեն Հայաստանի հետագա դիվանագիտական անելիքները՝ դրանով նաև սրելով անվտանգության ռեսուրսները։

Հայաստանն այսօր փորձում է այս բավական բարդ խնդիրը լուծել։ Այս խնդիրը լուծելու շատ մեծ ռեսուրսներ, ցավոք սրտի, չկան, չենք կարող խաղալ այն տրամաբանությամբ, որով այսօր Ադրբեջանն է իրեն թույլ տալիս խաղալ։ Հայաստանը փորձում է իր հերթին ճկունություն ապահովել՝ ունեցած ռեսուրսների ու հնարավորությունների սահմաններում։

Իմ գնահատմամբ՝ այդուհանդերձ ստացվում է որոշակիորեն նվազագույն խնդիրներ լուծել։ Այստեղ իրենց դերն են ունենում հասարակական-քաղաքական կյանքի առանցքային մասնակիցները, այդ թվում՝ ընդդիմություն-իշխանություն թեկուզ անորակ այս պայքարն է իր դերն ունենում, ու Արցախն է որոշակիորեն դեր ունենում անշուշտ։ Արցախի դիմադրունակությունը ևս Հայաստանին թույլ է տալիս ճկուն լինել ու նվազ ռեսուրսների պայմաններում մանևրել։

Կրկնեմ՝ գլխավոր խնդիրն այստեղ այն է, որ տարածաշրջանի վրա անխուսափելիորեն ազդում են համաշխարհային անորոշությունը և անկանխատեսելիությունը կամ, պարզ ասած, համաշխարհային հիբրիդային պատերազմը։ Այս պայմաններում որևէ համաձայնություն, որին անգամ կարելի է գնալ, համարելով, որ այդուհանդերձ դրանով ինչ-որ հարց կլուծվի, չի կարող երաշխավորված ու երկարաժամկետ լինել։

Այստեղ է նաև, որ Ադրբեջանը, ինչպես ասացի, իր համար չի տեսնում որևէ խաղաղության գնալու որևէ մոտիվացիա։ Իսկ Հայաստանը, եթե անգամ շատ ուզենա գնալ այդ խաղաղությանը, չի կարող նախ միայնակ գնալ ու չի կարող գնալ խաղաղության, որի գինը կարող է լինել հետո շատ ավելի աննպաստ դիվանագիտական ու պաշտպանական դիրքեր ունենալը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am