«ԵՄ առաքելությունը լավագույն դեպքում որոշ զսպող ազդեցություն կունենա տեղական մանր բախումները կանխելու համար». Արման Մելիքյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը

– Պարո՛ն Մելիքյան, խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի պատասխանը հարցին, թե ինչո՛ւ Հայաստանն ընտրեց ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը, այլ ոչ թե ՀԱՊԿ-ի, տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց: Ոմանք պնդում են, թե Փաշինյանը խոստովանեց, որ ԵՄ դիտորդների տեղակայումը ոչ թե նպատակ ունի կանխել թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիան Հայաստանի դեմ, այլ՝ ռուսների շարժը վերահսկելու: Ձեր գնահատականը կխնդրեմ նախ Փաշինյանի այդ հայտարարության վերաբերյալ, և երկրորդ՝ համակարծի՞ք եք այս պնդմանը:

– Այս խնդրի համատեքստում պաշտոնական Երևանը կարող է տարաբնույթ մեկնաբանություններ ու պատճառաբանություններ ներկայացնել: Վարչապետ Փաշինյանը, կարծեմ, նաև ասել է, որ, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ԵՄ-ն ճանաչել է ՀՀ տարածքային ամբողջականությունը խորհրդային սահմաններով, իսկ ՀԱՊԿ-ը մերժել է դա անել, և այդ է պատճառը, որ Հայաստանը նախապատվությունը տվել է եվրոպական դիտորդական առաքելությանը: Այդուհանդերձ, չեմ բացառում, որ իրականությունն ավելի բարդ է և կարող է մի շարք մեզ համար ոչ տեսանելի, բայց կարևորագույն տարրեր պարունակել:

– Նիկոլ Փաշինյանի՝ ձեր կողմից հիշատակած միտքն ինչպե՞ս կմեկնաբանեք, իսկապե՞ս ՀԱՊԿ-ի համար պարզ չէ, թե ո՛րն է Հայաստանի սահմանը:

– Օրինակ՝ Ռուսաստանի համար հստակորեն պարզ է կոնկրետ խորհրդային շրջանի սահմանի հարցը, բազմիցս ասվել է, որ Մոսկվայում են պահվում հայ-ադրբեջանական սահմանային գիծն արտացոլող ճշգրտագույն քարտեզները: Հետևաբար Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի պահվածքը ոչ թե չիմացության, այլ քաղաքական նպատակահարմարության խնդիր է:

Մենք պետք է գիտակցենք, որ խորհրդային սահմանի շուրջ անորոշության պահպանումը կարող է քաղաքական ու ռազմական տեսանկյունից որոշակի արժեք ունենալ՝ ինչ-ինչ գործողություններ ձեռնարկելու համատեքստում: Այսինքն՝ ներկա վիճակում այդ սահմանը փոփոխվելու ներուժ է պարունակում, ընդ որում՝ ինչպես դեպի արևմուտք, այնպես էլ դեպի արևելք:

– Ձեր դիտարկմամբ՝ ի վերջո, այս առաքելությունն ավելի շատ օգնելո՞ւ, թե՞ վնասելու է Հայաստանին, եթե նկատի ունենանք հայտարարությունները, որոնք հնչել են Ռուսաստանից ու Իրանից այս առաքելության վերաբերյալ:

– Չեմ կարծում, որ այդ առաքելությունը լայնածավալ պատերազմը կանխելու ներուժ կունենա, լավագույն դեպքում՝ որոշ զսպող ազդեցություն կունենա տեղական մանր բախումները կանխելու համար: Դրա դերն ավելի շուտ քաղաքական է՝ այսպիսով ԵՄ-ն իր ներկայությունն է ամրագրում մի տարածաշրջանում, որն առ այսօր դիտարկվել է որպես ռուսական քաղաքական ու ռազմական բացառիկ ներկայության գոտի:

Ռուսական կողմին այս փաստն ակնհայտորեն գրգռում է, մինչդեռ Իրանը, կարծեմ, հրապարակավ դժգոհություն չի հայտնել այդ առիթով: Հարավային Կովկասի ու Իրանի հետ կապված զարգացումների հետագա ընթացքից կախված կլինի նաև այդ առաքելության իրական դերի ստույգ գնահատումը:

– Պարո՛ն Մելիքյան, գործող իշխանության վարած արտաքին քաղաքականությունն այս փուլում ինչպե՞ս եք գնահատում: Այն քաղաքականությունը, որը վարվում է արտաքին ճակատում, ավելի շուտ կկարողանա՞ չեզոքացնել առկա ռիսկերը, թե՞ ընդհակառակը՝ նոր ռիսկեր կստեղծի, ինչպես նշում են որոշ վերլուծաբաններ:

– Կարծում եմ, որ ՀՀ գործող իշխանությունն էլ, խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմությունն էլ հստակ պատկերացում չունեն ծավալվող աշխարհաքաղաքական զարգացումների իրական ուղղվածության և հիմնական խոշոր ու ազդեցիկ դերակատարների միջնաժամկետ ու երկարաժամկետ նպատակների մասին: Իսկ դա նշանակում է, որ իրապես արդյունավետ արտաքին քաղաքականություն վարելու համար բավարար ներուժ չունեն:

– Հայ-ռուսական հարաբերություններն այժմ ի՞նչ փուլում են՝ ըստ ձեզ:

– Հայ-ռուսական հարաբերություններն այժմ ճշգրտման ու վերաձևավորման փուլում են: Այդ հարաբերությունները բազմաշերտ ու բազմատարր են, ուստի այստեղ կարևոր է խուսափել զգացմունքային ու պարզունակ գնահատականներից և պոպուլիստական քայլերից:

 Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am