«Արդեն երրորդ օրն է՝ սիստեմատիկ հնչում է դա, ավելին՝ այսօր էլ անցան նամազին, գոռում էին՝ Ալլահ ակբար»․ Խրամորթ գյուղի ղեկավար

«Այո՛, այսօր էլ է հնչել այդ ձայնագրությունը, արդեն երրորդ օրն է՝ ինչ սիստեմատիկ հնչեցնում են դա, ավելին՝ արդեն անցել են նամազին, քիչ առաջ էլ նամազ էին անում ու գոռում՝ Ալլահ ակբար»,- «Մեդիալաբին» ասում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի ղեկավար Զորիկ Աբրահամյանը։

Երեկ համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ լսվում էր, թե ադրբեջանցիներն ինչպես են հայերեն լեզվով բարձրախոսով հորդորում բնակիչներին լքել գյուղն՝ ասելով, թե «այս տարածքը մերն է, պիտի ենթարկվեք մեր օրենքներին, եթե ձեր երեխաները թանկ են ձեզ համար՝ լքեք գյուղը, կորուստների համար մենք վաղը պատասխանատու չենք»։

Խրամորթի ղեկավարի խոսքով՝ թուրքերն այս կերպ հոգեբանական ճնշում են փորձում գործադրել գյուղացիների վրա։

«Որ ասենք գյուղում վիճակը հարյուր տոկոս լավ է՝ սուտ կլինի, որ ասենք վատ է՝ դա էլ սուտ կլինի, դե, իհարկե, երեխաները վախենում են։ Ռուս խաղաղապահներին տեղեկացրել ենք, բանակցություններ են ընթանում, բայց ինչ իմանանք՝ ի՛նչ կլինի, Աստված մեզ հետ»,- ասում է Զորիկ Աբրահամյանն ու վստահեցնում, որ այս ձայնագրությունից հետո գյուղը լքողներ չեն եղել, չեն էլ լինելու։

«Ոչ մի դեպքում չենք լքում ու չենք էլ լքելու, կյանքում չհավատաք, որ Խրամորթը կարող է թուրքը վերցնի, չենք տա, շատ էլ ուզում են, բայց ո՛վ է տվողը»,- ասում է Խրամորթի ղեկավարը։

Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանն էլ «Մեդիալաբի» հետ զրույցում ասաց, որ կատարվողը ևս մեկ անգամ ապացուցում է ադրբեջանցիների հայատյաց լինելը, որից իրենք, ըստ Բաբայանի, չեն հրաժարվելու։

«Ադրբեջանի հայատյաց լինելը փաստ է․ պետք է շատ լավ պատկերացնել՝ ինչ է Ադրբեջանը, ինչ հարցեր է փորձում լուծել ու ինչ քայլերի է պատրաստ։ Այս կերպ փորձում են վհատեցնել Արցախի բնակչությանն ու դրանով նաև հարված հասցնել ռուս խաղաղապահների առաքելությանը: Իհարկե, սա կեղտոտ պրովոկացիա է նաև ռուս խաղաղապահ առաքելության դեմ»,- «Մեդիալաբին» ասում է Դավիթ Բաբայանը։

Արցախի Հանրապետության արտգործնախարարը վստահ է, որ Ադրբեջանն իր այս գործելաոճին միշտ է հավատարիմ մնալու, իսկ մեզ, ըստ Բաբայանի, մնում է պահպանել տոկունությունը, անկոտրում կամքը։ Նրա համոզմամբ՝ նման սադրանքներից Արցախին փրկում է դա և ռուս խաղաղապահների ներկայությունը։

Հարցին՝ բացառո՞ւմ է, որ Ադրբեջանը հոգեբանական ճնշում կիրառելուց զատ դիմի նաև ռազմական սադրանքների, Դավիթ Բաբայանն ասաց, որ ռազմական սադրանքները կբերեն կատաստրոֆայի, այդ թվում նաև՝ Ադրբեջանի համար, հիմա՝ առավելևս։

«Այդ արկածախնդրությունը շատ թանկ է նստելու Ադրբեջանի վրա, դա իրենք էլ են շատ լավ հասկանում: Իրենք, դժբախտաբար, ապուշ չեն, որ դիմեն դրան, բայց վախեցնելու, մարդկանց ահաբեկելու նպատակով նմանատիպ քայլերի գնալու են»,- եզրափակեց Արցախի արտգործնախարարը։

Քրիստինե Աղաբեկյան