Իսրայելում առաջին անգամ գլխով միմյանց կպած սիամական երկվորյակներին բաժանելու վիրահատություն են կատարել

Իսրայելում առաջին անգամ գլխով միմյանց կպած սիամական երկվորյակներին բաժանելու վիրահատություն են կատարել, հայտնում է BBC News-ը։ Երկվորյակ աղջիկները ծնվել են 2020 թվականի օգոստոսին։ Նրանց բաժանման նախապատրաստումը, որը ներառում էր նաև գլխամաշկի փոխպատվաստում, շարունակվել է մի քանի ամիս։

«Նախապատրաստական աշխատանքները նաև ներառել են երկվորյակների 3D մոդելավորում վիրտուալ իրականության մեջ։ Բարեբախտաբար, ամեն ինչ անցավ այնպես, ինչպես և մենք հույս ունեինք»,- ընդգծել է գլխավոր նեյրովիրաբույժ Միկկի Գիդեոնը։

Տեղեկացվում է, որ այս պահին աղջիկներն իրենց լավ են զգում, կարող են ինքնուրույն շնչել և ուտել։ Ակնկալվում է, որ բաժանումից հետո նրանք կկարողանան լիարժեք կյանք վարել։ Հավելենք, որ աշխարհում նման վիրահատություն իրականացվել է ընդամենը 20 անգամ, իսկ Իսրայելում՝ առաջին անգամ։

Աղբյուր՝ Factor.am