«Մեր նպատակն է նախադեպ ստեղծել». Էդիկ Բաղդասարյանը հույս ունի, որ դատական գործը իրավիճակ կփոխի

«Մեր նպատակն է նախադեպ ստեղծել». Էդիկ Բաղդասարյանը հույս ունի, որ դատական գործը իրավիճակ կփոխի
«Մեր նպատակն է նախադեպ ստեղծել». Էդիկ Բաղդասարյանը հույս ունի, որ դատական գործը իրավիճակ կփոխի

«Հետք» էլեկտրոնային կայքի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը հույս ունի, որ «Հեղինակային և հարակից իրավունքների մասին» նոր օրենքով առաջին դատական գործը նախադեպ կլինի մյուսների համար, և հետագայում լրատվական դաշտում հեղինակային իրավունքների առումով իրավիճակը կփոխվի: 

Տեղեկացնենք, որ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկել է «Հետք» էլեկտրոնային կայքի հայցի քննությունն ընդդեմ «Առաջին լրատվական» կայքի:

Սա «Հեղինակային և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում նախորդ տարվա աշնանը կատարված փոփոխություններից հետո ԶԼՄ-ներին վերաբերող դրույթով առաջին դատական գործն է:

«Մեր նպատակն է նախադեպ ստեղծել, որ մյուսները չվերցնեն իրենց գործընկերների նյութերը, որ իմանան՝ կարող է դատական գործ հարուցվել: Մենք արտառոց ոչինչ չենք արել, դիմել ենք դատարան և կարծում ենք, որ այդ օրենքով պետք է շահենք»,- «Մեդիալաբին» ասում է Էդիկ Բաղդասարյանը:

Նա նշում է, որ ԶԼՄ-ներում հեղինակային իրավունքի խախտման ու արտատպումների թիվն այսօր շատ է:

«Էլի կան, էլի շատ են, ուրիշի արածը վերցնելը հեշտ է ջանք չեն թափում, միջոցներ չեն ներդնում, գործուղումների չեն գնում: Ես գտնում եմ, որ լրատվամիջոցներն իրենք պետք է արտադրեն իրենց հոդվածներն ու լուրերը, ոչ թե ուրիշներից վերցնեն ու տարածեն»,- ասում է Էդիկ Բաղդասարյանը:

Դատարան ներկայացրած հայցով «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն «Առաջին լրատվական»-ից պահանջում է վերացնել հեղինակային իրավունքի խախտումները և հեռացնել արտատպված նյութերը կայքից, որպես փոխհատուցում՝ իրենց վճարել 200 հազար դրամ:

«Խոսքը ութ լրագրողական հոդվածների մասին է, որոնք Հետքի հեղինակային իրավունքի օբյեկտ են հանդիսանում: Դրանց մի մասը նաև հետաքննություններ են, որոնք ամբողջությամբ վերցրել և արտատպել են blog.1in.am կայքում»,- «Մեդիալաբին» ասում է հայցվոր կողմի փաստաբան Գրիշա Բալասանյանը:

Նա նշում է, որ դատարան դիմել են, քանի որ մի քանի անգամ blog.1in.am-ի խմբագրությանը զգուշացրել են չխախտել իրենց հեղինակային իրավունքները:

«Երբ մեզանից վերցված նյութերն իրենք տարածում էին Ֆեյսբուք սոցիալական ցանցում, մենք մեկնաբանություններ էինք գրում՝ խնդրում ենք համապատասխանեցրեք օրենքի պահանջներին և պատշաճ հղում տվեք, բայց արձագանք չէինք ստանում: Դրա համար որոշեցինք դիմել դատարան, որովհետև այլև անհնար է զգուշացնելով ինչ-որ բան փոխել»,- ասում է Գրիշա Բալասանյանը: Նա հույս է հայտնում, որ առաջին դատական գործը դաս կլինի անբարեխիղճ ԶԼՄ-ների համար, ովքեր օրենքով պարտավոր են հարգել իրենց գործընկերների աշխատանքն ու հեղինակային իրավունքը:

«Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն Ազգային ժողովն ընդունել էր 2013 թվականի սեպտեմբերի 10-ին՝ 114 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Օրենքը հեղինակել են պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը, Գալուստ Սահակյանը, Արծվիկ Մինասյանը, Աղվան Վարդանյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Թևան Պողոսյանը և Դավիթ Հարությունյանը:

«Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքն ընդունվել էր 2006 թվականին, սակայն  ԶԼՄ-ների մասին դրույթներ դրանում չկային: Կատարված փոփոխություններով ԶԼՄ-ների մասով նոր հոդված է ավելացվել՝ 22.1 հոդվածը, որը սահմանում է լրատվական նյութի օգտագործման պայմանները:

Ըստ այդմ՝ «Տպագիր լրատվական միջոցների, էլեկտրոնային կայքերի (ցանցային լրատվության միջոց) լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը այլ տպագիր լրատվական միջոցներում, ինտերնետային կայքերում թույլատրվում է իրականացնել միայն մեջբերման նպատակն արդարացնող ծավալով՝ առանց հեղինակի (հեղինակային իրավունքի իրավատիրոջ) համաձայնության և վարձատրության վճարման:

Անկախ վերարտադրման ծավալից՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Վերարտադրումը պետք է բացառի լրատվական նյութի սկզբնաղբյուրի հնարավոր ընթերցողների քանակի և լրատվական նյութի օգտագործման ծավալների վրա բացասական ազդեցությունը: Լրատվական նյութի ամբողջական վերարտադրումը կարող է իրականացվել միայն հեղինակի (հեղինակային իրավունքի իրավատիրոջ) համաձայնության դեպքում:

Լրատվական նյութի ամբողջական վերարտադրման կարգն ու պայմանները սահմանվում են կողմերի միջեւ կնքված պայմանագրով»:

Օրենքի այս հոդվածի երկրորդ կետով նաև սահմանված է, որ տպագիր լրատվական միջոցներում, էլեկտրոնային կայքերում այլ տպագիր լրատվական միջոցների, էլեկտրոնային կայքերի լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս պետք է հղում կատարել լրատվական նյութի սկզբնաղբյուրին:

Էլեկտրոնային կայքում տպագիր լրատվական միջոցների կայքերի լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում տպագիր լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, եթե քաղվածքի նպատակը միայն սկզբնաղբյուր լրատվական նյութի վերարտադրությունն է: Էլեկտրոնային կայքերի լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս էլեկտրոնային կայքի ակտիվ հղումի տեղադրումը, ինչպես նաև քաղվածքի վերնագրում էլեկտրոնային կայքի տիրույթային անվանման (դոմեյնի) նշելը պարտադիր են, եթե քաղվածքի նպատակը միայն սկզբնաղբյուր լրատվական նյութի վերարտադրությունն է: Հենց այս հոդվածին հղում անելով էլ «Հետք»-ը դատի է տվել «Առաջին լրատվական»-ին:

«Սա առաջին գործն է Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին նոր օրենքի ընունումից հետո: Օրենքի այն հոդվածին ենք հղում արել, որը չակերտավոր քոփի-փեյսթ ենք անվանում: Հոդվածն առաջին անգամ է կիրառվելու դատարաններում, դա նորություն է և մեզ համար, և դատարանների համար: Հուսով ենք, որ կկարողանանք հաղթող դուրս գալ, ու դա օրինակ կլինի նաև մյուսների համար»,- ասում է Գրիշա Բալասանյանը:

Մարի Ներսեսյան

Լուսանկարը` Իննա Մխիթարյանի (Արխիվային լուսանկար)

© Medialab.am