«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը
– Նախօրեին դուք ահազանգել էիք, որ դիմակավորված անձինք ներխուժել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալներից մեկի խուց և ծեծի ենթարկել: Դրան արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, որ երկու դատապարտյալների մարմնի վրա արձանագրվել են վնասվածքներ: Ի՞նչ էր տեղի ունեցել, և ահազանգից հետո ինչ-որ զարգացումներ եղե՞լ են, թե՞ ոչ:
– Զարգացումներ եղել են: Իմ գրառումից ժամեր անց արդարադատության նախարարությունը տարածեց պաշտոնական պարզաբանում, որում նշել է, որ խուզարկություններ են եղել, և եթե դիմադրության են հանդիպում, իրավունք ունեն ուժ կիրառել, և դա իրավաչափ է:
Իսկ ՄԻՊ-ն արձանագրել է վնասվածքները: Այցելել է նաև դիտորդական խումբը, որը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազին: Սա նշանակում է, որ ինչ-որ բան տեսել է, ուղղակի չի կարող միանգամից հրապարակել, կանոնակարգը թույլ չի տալիս, 5 օր հետո կարող է հրապարակել:
Այսքան զարգացումներ են եղել, բայց ես չեմ կարծում, որ սա կունենա այն հետևանքը, որը պետք է տեղի ունենա:
Ես տեղեկություններ ունեմ, որ դաժան խոշտանգման են ենթարկվել դատապարտյալները, և եթե անգամ քրեական գործ հարուցվի, ինչպես գիտեք, չեն բացահայտվում, թե ովքե՛ր են արել կամ ի՛նչ են արել: Միշտ տուժում է դատապարտյալը:
Ուզում եմ ասել, որ այս խոշտանգումները բանտերում բավականին կայուն դինամիկա ունեն: Ես պարբերաբար ստանում եմ ահազանգեր, բայց ոչ միշտ եմ բարձրաձայնում դրանք: Այս անգամ պարզապես շատ սարսափելի ձևով էին փոխանցել, որ հատուկ ջոկատայինները սպանում են դատապարտյալներին, թե ինչ բարբարոսական գործողություն են իրականացնում:
– Ինչո՞ւ մենք դեռ նման բարքեր ունենք հեղափոխությունից 2,5 տարի անց: Ի՞նչ պետք է արվեր, որ չի արվել, ինչո՞ւ են այդ հին բարքերը շարունակվում նաև այսօր:
– Որևէ մեկին չի հետաքրքրում՝ բռնությո՞ւն է տեղի ունենում, թե՞ ոչ: Գոնե «Իմ քայլի» պատգամավորները խորհրդարանական վերահսկողություն կարող էին իրականացնել, բայց ո՛չ ոստիկանությունը, ո՛չ էլ քրեակատարողական հիմնարկները որևէ դեպքով հետաքրքրություն չեն ցուցաբերում, որևէ պատգամավոր այնտեղ չի այցելել:
Գիտեք, որ երբ Նիկոլ Փաշինյանը պատգամավոր էր, այցելում էր, և մենք նրանից էինք տեղեկություններ ստանում, մասնավորապես, Շանթին բռնության ենթարկելու վերաբերյալ: Հիմա իսպառ բացակայում է վերահսկողությունը: Եթե դատախազությունը քրեական գործ է հարուցելու այդ հաղորդման հիման վրա, վստահ եղեք, որ դրան ոչինչ չի հետևելու:
Անպատժելիություն է, և դա ծնում է նորանոր հանցագործություններ: Դուք հիշում եք, որ փետրվարին բանտում դռները բացվել էին, և ինչ-որ անձինք դաժան ծեծի էին ենթարկել Վահագն Աբգարյանին, որի գործը դատական պրոցեսում է:
Նրան դանակահարել էին, և դատախազությունը քրեական գործ էր հարուցել: Պատկերացնո՞ւմ եք՝ ներսում, փակ համակարգում դանակահարել էին: Անցել է 6 ամիս, բայց քրեական գործի հարուցմանը որևէ բան չի հետևել: Այսօր չկա ո՛չ մեղադրվող, ո՛չ էլ պատժված անձ, երբ ամեն ինչ պարզ ու հայտնի է: Սա բարձիթողի վիճակ է, կառավարմանը չտիրապետելը և, ընդհանրապես, բացահայտ անտարբերությունը մարդկանց ճակատագրերի նկատմամբ: Ես նույնիսկ նախկին իշխանությունների ժամանակ չեմ հիշում, որ բանտում դռներ բացվեն, և մտնեն, ում ուզենան՝ խոշտանգեն: Սա խորհրդային ժամանակների բարքեր են:
– Ովքե՞ր էին այդ մարդիկ, որոնց նկատմամբ բռնություն է կիրառվել, ի՞նչ գործերով են անցնում:
– Ես չգիտեմ, միայն տեղեկություն ունեմ, որ այդ մարդիկ որևէ բառ չեն ուզում խոսել: Կարծում եմ՝ նրանց գլխին այնտեղ սպառնալիք կա կախված, և ես չեմ ուզում վնասել նրանց՝ ավելի շատ բան տարածելով: Ես սպասում էի, թե ինչ արձագանք է լինելու: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը չի տիրապետում իրավիճակին, ԱՆ քրեակատարողական վարչությունը բոլոր ժամանակներում մնում է առանձնացված և ինչ ուզում՝ անում է:
Բայց սա արդարադատության համակարգում գտնվող կառույց է, և եթե Ռուստամ Բադասյանը չի խորշում խոշտանգումներից, ես ուղղակի չգիտեմ ինչ ասել: Երիտասարդ մարդ է, որը առաջին բանը, որ պետք է աներ ՔԿՀ-ներում, բռնության որևէ դեպք բացառելը պետք է լիներ: Ինչպե՞ս կարելի է դիմակներով մտնել փակված մարդկանց, անպաշտպան մարդկանց խցերը և ոչնչացնել նրանց: Արդյոք Ռուստամ Բադասյանը դրանով պայքարում է քրեական ենթամշակույթի դե՞մ:
– Կարո՞ղ ենք արձանագրել, որ արդարադատության նախարարն իր տեղում չէ:
– Ես չգիտեմ ինչ ասել, եթե պետք է այսպես շարունակվի, և մարդկանց պետք է մտնեն խոշտանգեն, սպեցնազը երբ ուզի՝ մտնի ու հաշվեհարդար տեսնի: Օմբուդսմենը արձանագրել է վնասվածքները, ես տեղեկություններ ունեմ, որ նրանք սարսափելի խոշտանգված են: Ընդ որում, նույնը ոստիկանությունում է, ոչինչ չի փոխվել: Կարծում եմ՝ վարչապետի ուշադրության կենտրոնում սա պետք է լինի, եթե ոչինչ չեք անում, գոնե մարդկանց մի՛ խոշտանգեք, մի՛ սպանեք:
Մանե Հարությունյան
MediaLab.am