«Ովքե՞ր են Խոսրովի անտառում վերջին խրախճանքի մասնակիցները. Կամ պատգամավորներ, կամ նախարարներ, կամ գեներալներ»

««Հզոր տղերքի» կյանքից» վերնագրով, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն խմբագրականում անդրադառնալով է Խոսրովի արգելոցի վերջին աղմկահարույց դեպքերին, հարցնում է. «Ովքե՞ր են Խոսրովի անտառում վերջին խրախճանքի մասնակիցները» եւ պատասխանում:
«Կասկած չկա՝ կամ պատգամավորներ, կամ նախարարներ, կամ գեներալներ: Նորմալ մարդկանց մտքով նման գազանություն չի կարող անցնել: Երբ կիրակի օրն այս թեմայով հաղորդում էինք պատրաստել «Շանթով», ինձ մի քանի հոգի մոտեցավ եւ պատմեց իր իմացածը՝ թե ինչպես են, օրինակ, «վերնախավի» այդ ներկայացուցիչները դինամիտը գցում գետը՝ ձուկ սպանելու նպատակով: Կամ ինչպես են որս անում ուղղաթիռներով՝ բա հզոր տղերք են, պիտի՞ իրենց անվտանգության մասին մտածեն»,-գրում է Աբրահամյանը
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին «Խոսրովի արգելոցում» տիրող խայտառակ վիճակի մասին բարձրաձայնել էին բնապահպանները, ի դեմս «Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնության:
Այցելելով արգելոց, վերջիններս «դեպքի վայրից» սահմռկեցուցիչ լուսանկարներ, ինչպես նաեւ տեսանյութ էին տարածել, ուր երեւում էր, որ արգելոցը ոմանց համար ուղղակի վերածվել է խրախճանքի վայրի. Ոգելից խմիչքի դատարկ շշեր, կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի կտրած գլուխ, գորշ արջի եւ նապաստակի մորթի եւ մարմնի մասեր, խարույկի հետքեր:

Ավելի ուշ կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ բնապահպաններն առավել հանգամանլից ներկայացրել էին իրավիճակը, իսկ անսպասելի տեղում հայտնված բնապահպանության նախարարության աշխատակիցները սկսել էին մեղադրել եւ կասկածի տակ դնել նրանց մտահոգությունները: Մասնավորապես նախարարության աշխատակիցները փորձել էին լրագրողներին համոզել, որ մեկ օր փնտրտուքից հետո, արգելոցում իրենք նման վայր չեն հայտնաբերել:

«Կարծում եք՝ ինչո՞ւ է բնապահպանության նախարարը, վրդովվելու եւ միջոցներ ձեռնարկելու փոխարեն, միանգամից կասկածներ հայտնում բնապահպանների տրամադրած տեսանյութի կապակցությամբ,- արձագանքում է Արամ Աբրահամյանը: -Շատ պարզ. որովհետեւ նա զգում է (կամ գուցե գիտի), որ դա իր «յուրայինների»՝ պատգամավորների, նախարարների կամ գեներալների ձեռքի գործն է: Իսկ «հզոր տղերքը» պետք է միմյանց «թասիբը պահեն»:

Տեղի ունեցածը Աբրահամյանին հիշողություններով հետ է տարել, ուր նա շատ ուշագրավ պատմություն է պատմում:

«92 թվականի գարնանը նկարահանումներ էինք կատարում Շահումյանի շրջանում: Մեզ «կցել» էին դաշնակցական ջոկատին՝ հավանաբար, հաշվի առնելով այդ ջոկատի օրինակելի կարգապահությունը: Տղաների հետ բարձրանում էինք դիրքերը, եւ մեր ճանապարհին մի աղվես հայտնվեց: Երիտասարդ զինվորներից մեկը ավտոմատն ուղղեց կենդանու վրա՝ ուզում էր կրակել: Հրամանատարը խստորեն հանդիմանեց նրան. «Դու եկել ես այստեղ ոչ թե կրակելու-սպանելու, այլ քո հողը, քո հայրենիքը պաշտպանելու, իսկ դրա մեջ մտնում է նաեւ քո բնությունը»:

Այդ պատմությունը հիշեցի այն պահին, երբ երեկ տեսա այն սահմռկեցուցիչ կադրերը, որոնք պատկերում են Խոսրովի անտառում «լավ տղերքի» խրախճանքի հետեւանքները: Մտածեցի՝ նորմալ մարդիկ, որոնց հանդիպում էի պատերազմի ժամանակ, կամ գնացել են երկրից, կամ սոցիալական խնդիրների լծի տակ մի տեսակ կծկվել են, հեռացել են հասարակական կյանքից: Փոխարենն ասպարեզում են հոգեւոր հաշմանդամները, որոնք իրենց մասին թյուրիմացաբար ասում են՝ «ուժեղ ենք, հզոր ենք», բայց իրականում ապրում են խղճուկ եւ անիմաստ կյանքով, որը, ճիշտ է, շատերի համար նախանձի առարկա է, այսպես ասած՝ երազանքի ուղենիշ:

Այդ անիմաստ ապրելակերպի անբաժանելի մասն է կազմում բնությանը վնաս տալը եւ կենդանիներ սպանելը: Հոգեպես առողջ մարդը կարիք չունի ինքնահաստատվելու՝ զենք օգտագործելով անզեն կենդանիների դեմ: Զվարճանալու համար շնչավոր էակի արյունը թափելը խոսում է խորը, մանկության տարիներին առաջացած բարդույթների մասին, որոնք հաղթահարվում են ագրեսիայի եւ սադիզմի միջոցով: Նույն հիվանդության նշան է հաստավիզ թիկնապահների ջոկատներ պահելը՝ դրանց միջոցով են նրանք «վերխ հավաքում» հասարակ մահկանացուների հանդեպ,-գրում է «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիրը,-Բայց ամենացավալին այն է, որ այդ հիվանդ սադիստները սպանելու իրենց կիրքը բավարարում են Հայաստանում, ոչ թե, ասենք, Աֆրիկայում, որտեղ դրա համար ստեղծված են բոլոր պայմանները: Հավանաբար, նրանք հատուկ բավականություն են ստանում վնաս տալու հենց իրենց փոքր եւ փխրուն հայրենիքում: Դա հաճույքի ճիշտ նույն տեսակն է, որը նրանց դրդում է գնդակահարել անպաշտպան կենդանիներին»:

© Medialab.am

Երեկվա ասուլիսն` ամբողջությամբ:

http://www.youtube.com/watch?v=WxUlhKF6jJo