«Միջանցքի» վերաբերյալ ռուսական հավաստիացումները Իրանում վստահություն չեն ներշնչում. Արմեն Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Արմեն Վարդանյանը

– «Իրանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցության մասին պայմանագիրը կստորագրվի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Ռուսաստան կատարելիք այցի ժամանակ». այս մասին Tasnim գործակալությանն ասել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Աբոլֆազլ Զոհրևանդը։ Պարո՛ն Վարդանյան, իրանական կողմում ի՞նչ մեկնաբանություններ կան ստորագրվելիք պայմանագրի վերաբերյալ, ինչպե՞ս են այն գնահատում։

– Իրանում, ընդհանուր առմամբ, գոհունակություն են հայտնում, թեև կան նաև դեմ կարծիքներ, բայց, ընդհանուր առմամբ, քանի որ Իրանը գտնվում է միջազգային ծանր պատժամիջոցների տակ, իրեն պետք են նոր գործընկերներ, նոր աշխարհաքաղաքական դերակատարներ, որոնց հետ ինքը պետք է հարաբերություններ խորացնի։ Իրանում լավ են վերաբերվում այս իրողությանը։ 

– Իսկ ի՞նչ է ենթադրում այս պայմանագրի կնքումը։

– Անկեղծ, մանրամասնորեն չեմ ուսումնասիրել և չգիտեմ, թե որքանով է իրագործելի, բայց դրան բավականին մեծ նշանակություն են տալիս, գոնե քարոզչական մակարդակով, շատ են թմբկահարում, որ կարևոր փաստաթուղթ է։

– Առաջին անգա՞մ է նման փաստաթուղթ կնքվելու կողմերի միջև։

– Այո՛։ 

– Պարո՛ն Վարդանյան, հաշվի առնելով կողմերի դիրքորոշումները «Զանգեզուրի միջանցքի» հարցում, կարո՞ղ ենք ենթադրել, որ նրանք ընդհանուր հայտարարի են եկել այդ մասով՝ նման փաստաթուղթ ստորագրելուց առաջ։

– Ռուսական կողմը ինչպես Հայաստանին, այնպես էլ Իրանին փորձում է հավաստիացնել, թե իբր որևէ խնդիր չկա, որ ճանապարհը լինելու է Հայաստանի վերահսկողության ներքո, որ Իրանի հետ ճանապարհը չի փակվի, բայց Իրանում այդ հավաստիացումները չեն ընդունում, որովհետև, ավանդաբար, Ռուսաստանի նկատմամբ կա անվստահություն՝ դեռևս 1800-ականների ռուս-պարսկական պատերազմից հետո: 

Բացի դա՝ իրենք էլ են կարծում, որ ռուսական կողմն ինչ-որ մի պահի կարող է ուղղակի փակել այդ ճանապարհը կամ խնդիրներ ստեղծել, ու իրանցիները խնդիրներ կունենան Հայաստանի տարածքով անցնելիս։ Այն, որ Իրանում այդ թեմայի մասով կրքերը դեռևս չեն հանդարտվում, որ ամենօրյա ռեժիմով հայտարարություններ են արվում «միջանցքի» վերաբերյալ, նշանակում է, որ Ռուսաստանի կողմից տրված հավաստիացումները Իրանին համոզիչ չեն թվում։

Այսինքն՝ բացառո՞ւմ եք, որ Ռուսաստանը նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետից կհրաժարվի։

9. Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները: 

– Նրանք փորձելու են ճնշումների միջոցով հասնել դրան, բայց բացառում եմ, որ կհաջողվի հասնել իրենց նպատակին։ 

– Ստորագրվելիք պայմանագիրն արդյոք ենթադրո՞ւմ է, որ երկու երկրի հարաբերությունները նոր մակարդակի վրա են լինելու։

– Այո՛, երկուսն էլ այդ պայմանագրի կարիքն ունեն, ընդ որում` Ռուսաստանը՝ ավելի շատ, քան Իրանը, բայց նրանց պատմությունը ցույց է տալիս, որ այս երկու պետությունների հարաբերությունները միշտ բարդ են եղել՝ անգամ այն ժամանակ, երբ թվացել է, թե ամեն բան լավ է։ Իրանում, ասացի, որ ավանդաբար Ռուսաստանի նկատմամբ անվստահություն կա։ Այսինքն՝ այդ պայմանագրի կնքումը բնավ չի նշանակելու, որ կողմերը միմյանց անվերապահորեն վստահելու են։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am