«Սպուտնիկ V»-ն պլանավորում են 25 երկրներում գրանցել երկու շաբաթվա ընթացքում

Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) ղեկավար Կիրիլ Դմիտրիեւն սպասում Է, որ կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսաստանյան պատվաստանյութը մոտ ժամանակներս կգրանցեն ավելի քան երկու տասնյակ երկրներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեր «Սպուտնիկ V» պատվաստանյութը ներկայում գրանցված Է 14 երկրներում, առաջիկա երկու շաբաթվա ընթացքում մենք սպասում ենք դրա գրանցումն ավելի քան 25 երկրներում»,-ասել Է Դմիտրիեւը՝ հանդես գալով Դավոսի Տնտեսական համաշխարհային համաժողովի նստաշրջանում, որն անցկացվում Է առցանց-ձեւաչափով: ՌՈւՆՀ-ի ղեկավարը նշել Է, որ հիմնադրամն անհատականորեն աշխատել Է յուրաքանչյուր երկրի հետ եւ պատվաստանյութի մեծ քանակությամբ միջազգային գործընկերություններ ստեղծել պատվաստանյութի արտադրության գծով:

«Սպուտնիկ V» պատվաստանյութն ստեղծվել Է մարդու ադենովիրուսային վեկտորների ուսումնասիրված եւ ստուգված հարթակի վրա, որի կարեւոր առավելություններն են անվտանգությունը, արդյունավետությունը եւ երկարաժամկետ բացասական հետեւանքների բացակայությունը: «Սպուտնիկ V»-ի արդյունավետությունը 90 տոկոսից բարձր Է, պատվաստանյութը լիակատար պաշտպանություն Է ապահովում կորոնավիրուսով հիվանդության ծանր դեպքերից: Այն արդեն ստացել Է կարգավորիչների հավանությունը Ռուսաստանում, Բելառուսում, Արգենտինայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Հունգարիայում, Սերբիայում, Բոլիվիայում, Ալժիրում, Պաղեստինում, Վենեսուելայում, Պարագվայում եւ Թուրքմենստանում: Նախաձեռնված Է պատվաստանյութի գրանցման գործընթացը ԵՄ-ում եւ ԱՀԿ-ում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: