Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա համեմատ 4 սմ-ով ավելի է. Ինչ քայլեր են իրականացվում

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա համեմատ 4 սմ-ով ավելի է. Ինչ քայլեր են իրականացվում
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա համեմատ 4 սմ-ով ավելի է. Ինչ քայլեր են իրականացվում

Սևանա լճի մակարդակը երեկվա դրությամբ 4 սմ-ով ավելի էր, քան նախորդ տարի նույն օրը, սա մոտավորապես 50 մլն խմ ավելի ջուր է կազմում: Սա այն դեպքում, որ այս տարի ունեցել ենք 100 մլն խմ ավելի գոլորշիացում և 40 մլն խմ պակաս տեղումներ:

Այս մասին այսօր Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հրավիրած քննարկման ժամանակ նշեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Ինչո՞ւ եմ ես քանակի մասին խոսում, որովհետև քանակն անմիջական կապ ունի որակի հետ: Խնդիրներն առաջացել են այն ժամանակ, երբ քանակի և լճի ծավալի հետ սկսել են տարբեր գործողություններ իրականացնել»,- նշեց Էրիկ Գրիգորյանը:

Ըստ նախարարի՝ 2007 թվականից լճում անշեղորեն աճում է որոշակի օրգանական նյութերի և, մասավորապես, ֆոսֆորի պարունակությունը: Դա խախտում է լճի հավասարկշռությունը: Մյուս կողմից Գեղարքունիքի մարզի համայնքների մեծ մասի կեղտաջրերը լցվում են Սևան, լճի ջրի որակի վրա բացասական է ազդում նաև անսանապահությունը, որից դարձյալ մեծ քանակությում ֆոսֆոր է արտազատվում:

«Հաջորդ խնդիրը ափամերձ հատվածների ոչ պատշաճ մաքրման աշխատանքներն են, որոնք իրականացվել են նախկինում: Դրանց հետ կապված հարուցված քրեական գործեր կան: Որոշակի ճնշում կա նաև ցանցավանդակային տնտեսությունների կետերից արտազատվող ֆոսֆորի գործոնով պայմանավորված: Եվ մեկ էական փաստ նույնպես կա, որը շատ չի բարձրաձայնվում, դա կոմունալ կենցաղային աղբն է, որը այդ բոլոր համայնքներից լցվում է գետերի հուներ, և հետո այդ ամբողջ նյութերը լցվում են Սևանա լիճ: Այսինքն՝ այս ամբողջ գործողնների համագումարը իր հանգեցրել է այս իրավիճակին»,- ասաց նախարարը:

Իրավիճակի վրա բացասական ազդեցություն ունի նաև եղանակի գլոբալ տաքացումը: Նախարարն ասաց, որ Հայաստանում արդեն 1.3 աստիճանով ջերմաստիճանի բարձրացում կա: Կանխատեսվում է, որ 2030 թվականին գետային հոսքերը Հայաստանում 9 տոկոսով կնվազեն: Սա նույնպես լրացուցիչ ճնշման է ենթարկում ոչ միայն Սևանա լիճը, այլ խոցելի իրավիճակ է ստեղծում ընդհանուր էկոհամակարգի, այդ թվում՝ անտառների համար:

Նախարարն ասաց, որ եթե անգամ այլևս բացասական գործողություններ չարվեն, միևնույն է, լճի ջրի որակը չի բարելավվի, պետք է քայլեր ձեռնարկվեն:

«Այս ճնշումների քանակը չկառավարելու և չնվազեցնելու դեպքում Սևանի խնդիրները գնալով կխորանան, և մենք ականտես կլինենք և ծաղկման խնդիրների, և ջրի որակական փոփոխությունների: Այսինքն՝ միայն բացասական քայլեր չանելը բավարար չի լինի, պետք է քայլեր իրականացվեն»,- հավելեց նա:

Էրիկ Գրիգորյանն անդրադարձավ իրականացվող քայլերին:

Ըստ նախարարի՝ քայլեր արդեն արվում են: Մասնավորապես, Շրջակա միջավայրի նախարարությունը երեք քաղաքների կեղտաջրերի կայանների կառավարման մասով ուսումնասիրություններ է իրականացրել, տվյալները փոխանցվել են վարչապետի աշխատակազմ: «Արդեն հանձնարարական է տրված Տարածքային կառավարման նախարարությանը, որպեսզի նախահաշիվները կազմեն և սկսեն այդ մաքրման կայանների կառուցման աշխատանքները: Զուգահեռ աշխատանքներ են իրականացվում գետերի հուներն ու գետաբերանները մաքրելու ուղղությամբ»,- նշեց նա:

Բացի դա, տիրեզերական պատկերներով ու դրոններով վեր են հանվել մաքրման ենթակա ամբողջ տարածքները, որոնք կազմում են 770 հա:

Էրիկ Գրիգորյանն ասաց, որ 2019, 2020, 2021 թվականների ընթացքում այս տարածքների մաքրման աշխատանքների համար ֆինասավորում կհատկացվի: Նաև զուգահեռ լճի մակարդակի բարձրացման աշխատանքներ կիրականացվեն: