Հարձակման պահին բնակիչները եղել են տանը․ Արման Թաթոյան (տեսանյութ)

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ Հայաստանի Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի խաղաղ բնակչի տունն է, որ ավերվել է այս գիշերվա ադրբեջանական թիրախային զինված հարձակման հետևանքով։

«Ադրբեջանը հրթիռներով հարվածել է գյուղին, ինչպես վկայում են խաղաղ բնակիչները, գիշերը ժամը 01։20-ին` առաջին հարվածից 1 հրթիռ ուղիղ հարվածել է տանը, 2 հրթիռ ընկել է անմիջապես տան հարևանությամբ։ Հարձակման պահին բնակիչները եղել են տանը և միայն հրաշքով են փրկվել։

Տան հարևանությամբ մի քանի կիլոմետր հեռավորությամբ որևէ զորամաս կամ զինվորական հիմնարկ գոյություն չունի։

Փաստերը վկայում են, որ սա ակնհայտ պատերազմական հանցանք է, որ կատարվել է մարդկանց սպանելու և քաղաքացիական բնակավայրն ավերելու նպատակով։

Միջազգային կառույցները պարտավոր են հասցեական արձագանքել՝ կանխելու համար ադրբեջանական հանցանքներն ու ցեղասպան քաղաքականությունը»,-նշել է նա։