ԱՄՆ-Իրան բանակցությունները նախատեսված են Ժնևում այս հինգշաբթի. Բուսայիդի

Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսայիդին հաստատել է, որ Իրան-ԱՄՆ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել փետրվարի 26-ին Ժնևում։ Այս մասին ալ-Բուսայիդին հայտնել է X միկրոբլոգում կատարած գրառմամբ։

«Ուրախ եմ հաստատել, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները նախատեսված են Ժնևում այս հինգշաբթի՝ դրական ազդակով և գործարքն ավարտին հասցնելու ուղղությամբ լրացուցիչ ջանքեր գործադրելու նպատակով»,– նշել է նա։

Փետրվարի 22-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ հնարավոր է փետրվարի 26-ին Ժնևում ԱՄՆ-ի հետ բանակցություններ անցկացվեն միջուկային ծրագրի վերաբերյալ։

ԱՄՆ-ն և Իրանն այս տարի արդեն անցկացրել են բանակցությունների երկու փուլ։

Օմանի միջնորդությամբ Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել փետրվարի 17-ին՝ Ժնևում։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման հասնելու մասին, որոնք կարող են ներառվել ապագա միջուկային համաձայնագրի նախագծում։ Վաշինգտոնը հայտարարել է, որ խորհրդակցությունները լավ են անցել, սակայն Թեհրանը դեռևս պատրաստ չէ ընդունել Սպիտակ տան կողմից ուրվագծված մի շարք դիրքորոշումներ։