«Տղայիս երկու ընկերները իր ձեռքերի մեջ են զոհվել, Էդ դեպքից հետո հոգեկանը խանգարվել ա»․ Խաչատրյանները Աստծո հույսով սպասում են որդու ապաքինմանը

Արցախյան պատերազմի ժամանակ հակառակորդի հրետակոծության հետևանքով 19-ամյա Նշան Խաչատրյանի ձեռքերի մեջ զոհվում են նրա երկու ընկերները։ Իր աչքի առաջ ընկերների զոհվելու հանգամանքը ծանր ապրումների է հասցնում Նշանին։ Նշանի մոր՝ Ալլա Խաչատրյանի խոսքով՝ տղան մինչև հիմա ուշքի չի եկել, հոգեկան առողջության խնդիրներ են ի հայտ եկել։

«Իր երկու ընկերները իր ձեռքերի մեջ են զոհվել, ասում է՝ ուզում էի ընկերներիս փրկել, բայց ես չկարողացա փրկել, որովհետև դիրքերում էինք, շրջափակման մեջ էինք։ Էդ դեպքից հետո հոգեկանը խանգարվել է»,- պատմում է մայրը։

Ալլա Խաչատրյանը հուզմունքով ասում է, որ տղան ընդամենը երկու ամիս էր, ինչ ծառայության էր մեկնել, երբ պատերազմը սկսվեց․ «2020-ի հուլիսի 1-ին գնաց ծառայության, 2 ամիս անց կռիվը եղա, զենքը որ նոր-նոր պետք է սովորեին, արդեն պատերազմի մասնակցեցին։ Տղաս պատմում էր, որ կռիվը եղել ա, նույն օրը բրոնեժիլետը չեն տվել, գլխարկը չեն տվել, առանց դրա երեխեքը կռվի են մասնակցել, ով կարա իրա կյանքը թող փրկի: Էդ վիճակում կռվի են մասնակցել, տղայիս մաշկի տակ դեռ ասկոլկեք կան, բայց հիմնական խնդիրը հոգեկան վիճակն է»։

Մայրը նշում է, որ ընկերների զոհվելուց հետո տղային տեղափոխել են հոգեբուժական հաստատություն, որտեղ չորս ամիս բուժում է ստացել, հիմա բուժումը շարունակում է տանը։

«Հադրութից բժիշկները զանգեցին, ասեցին՝ եկեք ձեր տղային տարեք, փրկեք, բուժում արեք, ինքը էդ վիճակում չի։ Գնաց հերը, բերեց, հիվանդանոց տարանք։ 


Կանազի, Սովետաշենի հոգեբուժարաններում չորս ամիս անցկացրեց, ինքը մինչև էդ խնդիր չի ունեցել, սպորտով էր զբաղվում, տարբեր աշխատանքներ կատարում, դզող-փչող էր, ծրագրավորում էր սիրում: Ուզում էր գնար, ծառայեր, ասում էր՝ ես պիտի գնամ՝ ոնց ուրիշները, նենց ես։ 

Որ առաջին օրը բերեցինք տուն, ոչ մեկիս չէր արձագանքում, ֆռռում էր, լարված էր, աչքերը՝ ճոռթած, վիզը, ձեռքերը՝ ձգված, քիչ-քիչ բուժումներով ներվերը թուլացրեցին: Հիմա ինքը մի քիչ կակազում ա, մեկ էլ գիշերն անքնություն ունի, գիշերը չի ուզում քնի, լուսադեմին ա քնում, մենք էլ իրա հետ նստում ենք, մինչև լուսանա»,- ասում է մայրը։

Ալլայի խոսքով՝ մինչ պատերազմը ընտանիքում շատ ուրախ մթնոլորտ էր, այժմ՝ առաջվանը չի:

«Բոլորը լարված են, իրեն ցույց չենք տալիս, բայց արդեն առաջվա վիճակը չի։ 

Ներկա պահին էլ որ խոսում ես, շփվում ես, ոնց որ ինքն էլ առաջվանը չի, կարող ա երկրորդ բառից ջղայնանա, ձեներից ներվայնանում ա, չի ուզում ոչ մի ձեն լսի, մեկուսանում ա, չի ուզում մարդկանց մեջ մտնի,- պատմում է մայրը և հավելում,- աշխատում ենք, որ չթողնենք առանձնանա, թե չէ միշտ տենց կսովորի։ Ընկերներն են մեկ-մեկ գալիս, որ շփվի, ցրվի, որ մենակ ա լինում, էդ ապրումների մեջ ա լինում, ասում ա՝ ես չկարողացա փրկեմ, ես չկարողացա»։

Մոր խոսքով՝ տղան այժմ հրաժարվել է, որ հոգեբան աշխատի իր հետ․ «Ասում ա՝ ինձ նույն հարցերը տալիս են, նորից հիշում եմ էդ ամեն ինչը, ավելի վատ եմ զգում: Բայց ասել են՝ եթե փոշմանի, հոգեբանի ծառայությունից կարող է օգտվել։ Արդեն իրեն թուղթ են տվել, որ ազատված է ծառայությունից»,- նշում է Ալլան։
Խաչատրյանների ընտանիքը այժմ միայն տղայի ապաքինման մասին է մտածում, ասում են՝ Աստծո հույսով են․ «Որ տղաս լավ լինի, ամեն ինչ իրա տեղը կընկնի, Աստծո կամքով ա, հույսով ապրում ենք, լիարժեք լավանա, ամուսնացնենք, ընտանիք կազմի»։

«Բժիշկները հույս են տալիս, ասում են՝ կլավանա, ասում են՝ պետք ա ուշադիր լինեք, եթե ինքը նորից վատանա, նորից էդ ապրումների մեջ կլինի, պետք ա միշտ հսկողության տակ լինի»,- ասում է մայրը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am