Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատարի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատարի հետ
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատարի հետ
Հեղինակ MediaLab

Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 19-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ: Հանդիպմանը մասնակցել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը և ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարութունից, զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանն առնչվող հարցերի լայն շրջանակ և ընդգծել փոխադարձ պատրաստակամությունը՝ ընդլայնելու և առավել հարստացնելու բազմաոլորտ համագործակցության օրակարգը:

Անդրադառնալով այս տարվա մայիսին Երևանում կայացած Հայ-ամերիկյան ռազմավարական  երկխոսության անդրանիկ նիստին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ողջունել է նման ձևաչափի և ներկայացուցչական մակարդակով հանդիպման անցկացումը և վերահաստատել հայկական կողմի հանձնառությունը կյանքի կոչելու վերջինիս արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախարարի խոսքով՝ Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունը, որը ներառում է համագործակցության բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ գիտակրթական, էներգետիկ, առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների և նորարարության, զբոսաշրջության և այլ ասպարեզներում, նաև նպաստում է Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգի առաջմղմանը՝ այդ թվում նաև թիրախային ծրագրերի իրականացման միջոցով:

Նախարար Մնացականյանն իր զրուցակցին ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների լայն օրակարգը՝ որպես գերակա առաջնահերթություն ընդգծելով դատաիրավական և ոստիկանության ոլորտները: Այս համատեքստում նախարար Մնացականյանն առանձնահատուկ արժևորել է բարեփոխումների կայունության և արդյունավետության ապահովման նպատակով տարբեր միջազգային գործընկերների աջակցության համադրման և համակարգման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային կարևորության մի շարք հարցերի շուրջ:

Հունիսի 20-ին Վաշինգտոնում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերին: