«Ո՞վ է ասել, որ Արցախը հայտնվելու է Ադրբեջանի կազմում, չի կարելի, չէ՞, անընդհատ նույն բանը կրկնել, կրկնել». Վահրամ Աթանեսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Վահրամ Աթանեսյանը 

Պարո՛ն Աթանեսյան, Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների ներքաղաքական տիրող իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում:

– Շուրջ մեկ ամսվա ընդդիմության ելույթներում, փողոցային ակցիաներում ու այլ գործողություններում քաղաքական բովանդակությամբ որևէ հայտարարություն չի արվել, միակ քաղաքական բովանդակություն ունեցող փաստաթուղթը ԱԺ-ի հայտարարության նախագիծն է, որն ընդդիմությունը շրջանառության մեջ է դրել ու պահանջում է, որ արտահերթ նիստով քննարկվի:

Դա քաղաքական տեքստ է, մյուս բոլոր ելույթները, ինչ ասվել ու ասվում է, քաղաքական բովանդակությունից զուրկ են, կամ շատ քիչ է այդ բովանդակությունը: Հիմա քաղաքական մեծամասնությունն ինչպե՛ս կվերաբերվի դրան՝ չեմ կարող ասել:

Չեն մասնակցելու նիստին՝ խմբակցության ղեկավարն է ասել:

– Տեղյակ չեմ, բայց եթե նման բան են ասել, դա շատ վատ է: Կարծում եմ՝ իշխող մեծամասնությունը կարող էր ընդդիմության հետ այդ նախագծի շուրջ քննարկումներ սկսել ու գտնել փոխզիջումային այնպիսի մի տեքստ, խորհրդարանի մի դիրքորոշում, որը կարտահայտեր Հայաստանի դիրքորոշումը հայ-ադրբեջանական կարգավորման ու Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման տեսլականի շուրջ, որը կմեղմեր դիմակայությունն ու իշխանություն-ընդդիմություն հետագա համագործակցության ճանապարհ կհարթեր:

Եթե մերժել են, դա ճգնաժամը կամ դիմադրությունը խորացնելու ու գործընթացները ռադիկալացնելու ճանապարհ է, ինչը ցանկալի չէ բոլոր ժամանակներում, այս իրավիճակում՝ առավել ևս:

Դուք Հայաստանում իշխանափոխության անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք:

– Հայաստանում իշխանափոխության անհրաժեշտություն եղել է նոյեմբերի 9-ի հայտնի փաստաթղթի ստորագրումից հետո, ու իշխանափոխություն, փաստորեն, տեղի է ունեցել, որովհետև վարչապետը հրաժարական է ներկայացրել, տեղի են ունեցել խորհրդարանական արտահերթ ընտրություններ, որոնք այսօրվա ընդդիմությունը չի բոյկոտել, իրենք մասնակցել են ընտրություններին, ստացել որոշակի քվե ու հայտնվել ԱԺ-ում:

Այսինքն՝ իրենք մեկ տարի առաջ տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չեն վիճարկել ու փաստացի ճանաչել են դրանք ազատ, արդար ու լեգիտիմ ընտրություններ, որոնց արդյունքում էլ ձևավորվել է նոր իշխանություն, ճիշտ է՝ հին վարչապետն է վերընտրվել, բայց, ըստ էության, նոր իշխանություն է ձևավորվել, որովհետև դա բոլորովին այլ իրավիճակում ստացած քվեների արդյունք էր:

Պարո՛ն Աթանեսյան, ընդդիմությունն էլ հակադարձում է, որ գործող իշխանությանը «ժողովուրդը մանդատ չի տվել, որ խաղաղության դարաշրջան բացի՝ Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու գնով», ինչը, ըստ իրենց, Նիկոլ Փաշինյանն անում է, ու հենց դրա դեմ են իրենք պայքարում:

– Ես չեմ կարող որևէ մեկի անունից խոսել, բայց ով քվեն տվել է, նա էլ կարող է այդ քվեն հետ պահանջել: Ոչ ոք ընդդիմությանը չի զրկում ՔՊ-ի օգտին քվեարկած անձանց համոզելու, որ իշխանությունը գողացել է իրենց քվեն ու հիմա հակառակ քաղաքականություն է վարում, բայց ավելի քան մեկ ամսվա հրապարակային ելույթները, ձեռնարկած քայլերը կոնսոլիդացիա չեն ապահովում, չեմ կարող ասել՝ ինչո՞ւ:

Բայց ընդդիմությունն ունի բոլոր հնարավորությունները Փաշինյանի օգտին քվեարկած անձանց տարհամոզելու, եթե չի կարողանում՝ դա արդեն իրենց խնդիրն է. որևէ մեկը չի կարող ասել, որ իշխանությունն արգելում է ցույցեր, երթեր, հանրահավաքներ անցկացնել, ընդդիմությանը սատարող ոչ մի լրատվամիջոց չի փակվել, այսինքն՝ ընդդիմությունը ազատորեն քարոզում է իր գաղափարները, եթե դրանք տեղ չեն հասնում, ապա ընդդիմությունը պետք է կա՛մ լիդերներին փոխի, կա՛մ գաղափարախոսությունը:

Իսկ ձեր տպավորությամբ՝ Հայաստանի գործող իշխանությունը Արցախի հարցի կարգավորման ուղղությամբ ի՞նչ քաղաքականություն է որդեգրել, ու այս բանակցություններն ո՞ւր են տանում:

– Գիտե՞ք՝ երբեմն մեզ թույլ ենք տալիս ռեալ իրականությունից տեղափոխվել վիրտուալ աշխարհ և դատողություններ, եզրակացություններ անել՝ բոլորովին հաշվի չառնելով օբյեկտիվ իրականությունը: Ես ասացի՝ 2021թվականի խորհրդարանական արտահերթ ընտրություններում Հայաստանի քաղաքացին հնարավորություն ուներ արմատապես փոխելու իշխանությունը:

Այդպիսի հնարավորության մասին խոսել էր նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ առաջարկում էր միավորել նախկին նախագահների բոլոր ռեսուրսները, համախմբվեն ու հայտարարեն, որ իրենք քաղաքական բարձրագույն պաշտոնի չեն հավակնում, հեռանում են ակտիվ քաղաքականությունից ու ձևավորեն ազգային համաձայնության կառավարություն:

Չօգտագործվեց այս հնարավորությունը, Նիկոլ Փաշինյանին ընտրությունների միջոցով հեռացնելու ընդդիմության ծրագիրը չի աշխատել, իսկ հետագա իրադարձությունները բխում են այսօրվա Հայաստանի իրավիճակից:

Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրած երկիր, որտեղ քաղաքական իրավիճակը կայուն չէ, ու որն ունի, շատ մեղմ ասած, ոչ այնքան արդյունավետ գործող իշխանություն, այս պայմաններում ի՞նչ կարելի է պատկերացնել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման մեր հնարավորությունների մասին:

Լուծումները բխում են հնարավորություններից, ռեսուրսներից, Հայաստանի ռեսուրսներն այս պահին բոլոր առումներով նվազագույն շեմի վրա են, այս իրավիճակում ակնկալել այս-այս լուծումներ՝ ուղղակի վառ երևակայություն է:

Հաղթած պայմաններում՝ քառորդդարյա բանակցային գործընթացում մեզ ու միջազգային միջնորդներին չի հաջողել Ադրբեջանին համոզել, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի անկախ կամ կազմի Հայաստանի մաս:

Այսօրվա իրավիճակում մենք մեծ հաշվով խաղից դուրս ենք, միջազգային որևէ կոնսոլիդացիա գոյություն չունի՝ պայմանավորված ուկրաինական ճգնաժամով ու դրան նախորդած սառը պատերազմի փուլով: Մինսկի խմբի համանախագահներն իրար հետ չեն աշխատում, կոնսոլիդացված մոտեցում եթե ունեն, դրսևորվում է նրանով, որ, այո՛, որոշ հարցեր պատերազմով լուծվել են, որոշ հարցեր մնացել են չլուծված, ու դրանք պետք է կարգավորվեն բանակցությունների միջոցով՝ սա է այսօրվա իրավիճակը:

Այս պահին, ըստ իս, հնարավոր միակ օպտիմալ տարբերակն այն է, որ կողմերը համաձայնության գան Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ քննարկումների սառեցման հարցում, կարգավիճակի հարց այս փուլում չքննարկվի: Հայ-ադրբեջանական սահմանազատում, հարաբերությունների կարգավորում թող անեն՝ առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման, թողնելով առկա ստատուս քվոն, այսինքն՝ ռուսական խաղաղապահ ուժերի ներկայությունն այստեղ: Թե ինչքա՞ն ժամանակ ու ե՞րբ հնարավոր կլինի քաղաքական փոխընդունելի համաձայնության գալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում, կարծում եմ՝ հեռավոր ապագայի հարց է, եթե հաջողվի պահպանել կայունությունը տարածաշրջանում, ու եթե հաջողվի Ադրբեջանին բերել կառուցողականության դաշտ, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պայմանագիր ստորագրել՝ առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման:

Փաթեթային լուծում, ինչպես Ադրբեջանն ու Հայաստանն են պատկերացնում, կարծում եմ՝ հնարավոր չէ, որովհետև կոնֆլիկտի արմատները չափազանց խորն են, տարածաշրջանում հակասություններն ավելի են սրվել, միջազգային մթնոլորտը ոչ բարեխառն է, այսինքն՝ Ռուսաստան-Արևմուտք մրցակցությունը ոչ միայն չի թուլանալու, այլև ավելի է սրվելու, իսկ այս իրավիճակում կողմերից մեկը պետք է կա՛մ անվերապահորեն ընդունի իր պարտությունը, կարծում եմ՝ հասկանալի է, թե ինչի մասին է խոսքը, կա՛մ պետք է գալ համաձայնության, որ պետք է պահպանել Լեռնային Ղարաբաղի առկա ստատուս քվոն, որի շուրջ հնարավոր է նույնիսկ Ռուսաստան-Արևմուտք ոչ սկզբունքային, բայց ջենտլմենական համաձայնություն:

Պարո՛ն Աթանեսյան, իսկ Արցախի իշխանություններն ի՞նչ մեխանիզմներ, ռեսուրսներ ունեն, որպեսզի կարողանան ազդել կատարվողի վրա:

– Բարդ հարց է: Հարցը, կարծում եմ, պետք է ուղղել Արցախի իշխանություններին, իրենք կպատասխանեն, թե ինչ գործիքակազմ ունեն եթե ոչ դրական ազդելու, ապա գոնե չխանգարելու գործընթացներին, այսինքն՝ լինեն կառուցողական բրենդի մեջ:

Բայց պետք է արձանագրել, որ ապրիլի 14-ի Արցախի ԱԺ հայտարարությունը միանշանակորեն ձևակերպում է պաշտոնական Ստեփանակերտի աներկբա դիրքորոշումը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ու Հայաստանի իշխանությունն իրավունք չունի Արցախի անունից ընդունելու որևէ որոշում, որ կվերաբերի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին:

Այս հայտարությունից հետո Հայաստանի իշխանությունը պետք է Արցախի իշխանությանն առաջարկի, որ իրենք ներկայացնեն քաղաքական հիմնավորումների այն փաթեթը, որ կարելի է շրջանառել արտաքին գործընկերների հետ շփումներում, կամ պաշտոնական Ստեփանակերտն ինքը պետք է փնտրի դիվանագիտական խողովակներ իր տեսակետը ներկայացնելու Մինսկի խմբի համանախագահ երկրներին, ԵԱՀԿ գործող նախագահին, ՄԱԿ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, Ադրբեջանի իշխանություններին, այսինքն՝ միջազգային այն ատյաններին, որոնք ունեն Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմամբ զբաղվելու մանդատ:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին Ստեփանակերտում բոլորը ճանաչում են, նա անցած քառորդ դարում երևի մի հարյուր անգամ այցելել է Ստեփանակերտ, իսկ այսօր չի այցելում Ստեփանակերտ կամ այցելում է Երևան, բայց նույնիսկ այստեղ չի հանդիպում Արցախի իշխանության ներկայացուցչի հետ: Սրանք հարցեր են, որոնք արդեն Արցախի արտգործնախարարության իրավասության տիրույթում են:

Վտանգը, որ Արցախը կհայտնվի Ադրբեջանի կազմում

– Կներեք, որ ընդհատում եմ, բայց մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը Արցախը միջազգայնորեն ճանաչված անկախ պետությո՞ւն էր, Հայաստանի կազմո՞ւմ էր, այսօր Հայաստանի կազմո՞ւմ է, Ադրբեջանի կազմո՞ւմ է՝ ո՛չ:

Պետք է հստակ ու միանշանակ ձևակերպվի հետևյալ միտքը. 44-օրյա պատերազմը Արցախի կարգավիճակի հարց չի լուծել, Արցախն ունեցել է տարածքային կորուստներ, կարգավիճակի կորուստ չի ունեցել, ինչպես ունեցել ենք նախագահի նստավայր, որի վրա ծածանվում է Արցախի Հանրապետության դրոշը, այսօր էլ կա, դա չի փոխվել, բոլոր կառույցները, այդ թվում՝ բանակը, գործում են:

Ո՞վ է ասել, որ Արցախը հայտնվելու է Ադրբեջանի կազմում, չի կարելի, չէ՞, անընդհատ նույն բանը կրկնել, կրկնել, ի վերջո լինում է այն, ինչ անընդհատ ասվում է, փոխանակ մենք մեր լեքսիկոնից, քաղաքական դիսկուրսից բացառենք այդ հնարավորությունը, սև անեծքի պես բոլորը դա են ասում:

Պարո՛ն Աթանեսյան, ինչի՞ կհանգեցնի Հայաստանի իշխանության ու ընդդիմության չերկխոսելը:

– Կրկնում եմ՝ ընդդիմության ներկայացրած հայտարարության նախագիծը կարող էր հիմք դառնալ ՔՊ-ի ու խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցությունների միջև կառուցողական երկխոսության, որի արդյունքում կարող էր ծնվել երկու կողմի համար էլ ընդունելի ու միջազգային հանրության համար ընկալելի հայտարարություն, որը կարտահայտեր Հայաստանի խորհրդարանի տեսակետը ստեղծված իրավիճակի ու դրանից ելքերի շուրջ: Եթե այդ երկխոսությունը չի կայանալու, ինչպես դուք եք ասում, ապա դա ցավալի է:

Ես խորհուրդ կտայի, կխնդրեի, կհորդորեի ՔՊ-ին՝ հիմք ընդունելով ընդդիմության ներկայացրած հայտարարության նախագիծը՝ սկսել ներքաղաքական քննարկումներ՝ ձևավորելու ընդհանուր տեսակետ ու օրակարգ, որի համար պատասխանատվություն կստանձներ նաև ընդդիմությունը:

Ցանկալի կլիներ նաև, որ ընդդիմությունը, ՔՊ-ն ու Արցախի խորհրդարանական ուժերը նստեին մի կլոր սեղանի շուրջը, ինչպես Ղարաբաղում են ասում, ամեն մեկը հաներ իր գլխարկն ու դներ իր դիմաց, հաշվետվություն տար անցյալում արածի ու չարածի համար, ապա փորձ արվեր գալ ընդհանուր հայտարարի, ձևավորվեր միասնական օրակարգ, որն անբեկանելի կլինի պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի համար ու նաև հայկական սփյուռքի համար, որի լոբբիստական հնարավորությունները հիմա տրոհված են չգիտեմ քանի-քանի քաղաքական խմբավորումների միջև, ինչն անթույլատրելի շռայլություն է ցանկացած իրավիճակում:

Իմ հորդորը սա է քաղաքական ուժերին՝ հավաքվել, ընկերական, բարիդրացիական մթնոլորտում քննարկել իրավիճակը, առաջարկել ելքեր, դրանք ենթարկել փորձագիտական, մասնագիտական մանրազնին վերլուծության ու ձևավորել մեկ միասնական օրակարգ: Իդեալական տարբերակը սա է:

Հետպատերազմյան շրջանում ընձեռված ժամանակը չի կարող անվերջ ձգվել, մենք նվազագույնը առաջիկա աշնանը պետք է պատրաստ լինենք սկզբունքային, լուրջ, ծանրակշիռ և բախտորոշում վճիռներ ընդունելուն թե՛ Երևանում, թե՛ Ստեփանակերտում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am