ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ն․Գ․ Ավետ Ադոնցի ողջույնի խոսքը Իտալական Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Բարեկամական ամենաջերմ զգացումներով շնորհավորում եմ բարեկամ Իտալիայի ժողովրդին ազգային տոնի՝ Իտալիայի Հանրապետության օրվա կապակցությամբ:

74 տարի առաջ այս օրը ծնվեց Իտալիայի Հանրապետությունը՝ իտալացի ժողովրդի մեծ հույսերի, ամուր կամքի և միասնության բացառիկ ջանքերի շնորհիվ՝ վերակառուցելու սեփական երկիրը ազատության ու համերաշխության մթնոլորտում: Հիրավի, Հունիսի 2-ը Իտալիայի ժողովրդի կողմից ազատության և ժողովրդավարության բացահայտման խորհրդանիշը դարձավ: 1946 թվականին իտալացիները կատարեցին ընտրություն. ընդունեցին Սահմանադրություն՝ երկրի քաղաքական և քաղաքացիական կյանքի ամենակարևոր փաստաթուղթը, որը փոխեց երկրի պատմության ընթացքը՝ դարձնելով Իտալիան այն պետությունը, որը մենք ներկայումս ճանաչում ենք:

Իտալիան Հայաստանի համար շատ ավելին է քան բարեկամ երկիր։ Մեր ժողովուրդներին միավորում է ընդհանուր պատմությունը, պատմամշակութային սերտ առնչությունները, ինչը ձևավորել է գաղափարական ու արժեհամակարգային մի ընդհանրություն, որ մենք կրում ու փայփայում ենք մինչ օրս։

Ուրախ եմ արձանագրել, որ այսօր մեր պետությունների միջև առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն։ Դինամիկ զարգանում են հարաբերությունները տնտեսական, գիտական, կրթական, մշակութային, պաշտպանական և այլ ոլորտներում։ Ուրախալի է, որ Հայաստանն ու Իտալիան արդյունավետորեն համագործակցում են նաև մշակութային ժառանգության պահպանման ու վերականգնման ոլորտում:

Մեծապես կարևորում ենք մեր համագործակցությունը նաև Եվրոպական միության շրջանակներում, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է մեր նվիրվածությունը նույնանուն արժեքներին։

Իտալիան մեզ համար կարևոր գործընկեր է եվրոպական արժեհամակարգին իր նվիրվածությամբ, կայացած ժողովրդավարությամբ, մարդու իրավունքների իրացման բարձր մակարդակով։

Բարձր ենք գնահատում Իտալիայի պատրաստակամությունը սատարելու Հայաստանին բարեփոխումների իրականացման գործընթացում, ինչպես նաև աջակցելու ժողովրդավարական սկզբունքների և ինստիտուտների ամրապնդմանն ուղղված մեր ջանքերին։

Հայաստանն ու Իտալիան, որպես համաշխարհային հնագույն քաղաքակրթություններ, հարաբերությունների հիմքում շեշտավորում են մշակութային, հոգևոր և պատմական բազմաթիվ փոխառնչությունները՝ ցուցադրելով դրանց կարևորությունն ու օգտակարությունը միջպետական հարաբերությունների զարգացման գործում:

Այս համատեքստում, ի դեմս Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի, կցանկանայի նշել դեսպանության շարունակական ջանքերը Հայաստանում իտալական մշակութային բացառիկ միջոցառումներ ներկայացնելու և դրանով իսկ հայ հասարակությանը մշտապես հաղորդակից պահելու իտալական հոգևոր արժեքներին։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ հայ-իտալական օրակարգը կկարողանանք հարստացնել նորանոր ուղղություններով ու փոխշահավետ ծրագրերով և մեր պետություններն այսուհետ ևս կշարունակեն ակտիվ փոխգործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում։

Այս տարի Իտալիայի ազգային տոնը նշում ենք մի փոքր արտասովոր ձևաչափով՝ թելադրված ավերիչ համաճարակի պարտադրած հանգամանքերով։ Մյուս կողմից, շատ ուրախ եմ, որ Իտալիայի ազգային տոնը նշում ենք այն օրերին, երբ բարեկամ Իտալիայում այս հարցում արդեն հստակ լույս է երևում։ Իտալիան փառավոր երկիր է, և վստահ եմ, որ այս իրավիճակից դուրս է գալու ավելի կոփված ու ամրացած։

Հեռավորության վրա, սակայն հոգևոր մտերմության ամենաջերմ զգացումներով բաժակ եմ բարձրացնումի բարօրություն բարեկամ Իտալիայի և իտալացի ժողովուրդի և հանուն հայ-իտալական անխախտ բարեկամության։

Ավետ Ադոնց