«Իշխանությունները դավաճանեցին հանրությանը երկու ձևով». Գյումրու աղմկահարույց սպանությունների շուրջ

«Իշխանությունները դավաճանեցին հանրությանը երկու ձևով». Գյումրու աղմկահարույց սպանությունների շուրջ
«Իշխանությունները դավաճանեցին հանրությանը երկու ձևով». Գյումրու աղմկահարույց սպանությունների շուրջ

Նրանք, ովքեր պահանջում են, որ Գյումրու աղմկահարույց սպանության գործը քննվի Հայաստանում, քաղաքական ընդդիմություն հռչակվեցին, և այդ դիրքորոշումը համարվեց հակառուսականություն, իսկ հարցը քաղաքականացվեց: Այս կարծիքին էին այսօր «Մեդիա կենտրոնի» մասնակիցները՝ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը և նկարչուհի Զարուհի Մուրադյանը:

«ՀՀ նախագահի առաջին արձագանքը  Գյումրիում կատարված զարհուրելի հանցագործությանը ադեկվատ էր, բայց սոցիալական տիրույթը լցվեց հայտարարություններով, որ ռուսատյացություն չպետք է լինի, հանցագործի ազգային պատկանելիությունը կարևոր չէ: Բայց նրա ազգային պատկանելիությունը և Գյումրիում ռուսական բազայի գտնվելը օբյեկտիվ իրականություն է: Նման հայտարարությունները դարձան զարգացումների լեյտմոտիվը և թելադրեցին զարգացման հետագա ընթացքը»,-նշեց ազգագրագետՀրանուշ Խառատյանը:

Անդրադառնալով երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի սպանության վերաբերյալ՝ Խառատյանը մեկնաբանեց, որ Պուտինի այս հայտարարությունը նշանակում է, որ սպանության գործում մեղադրվող ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը կդատվի ռուսական օրենսդրությամբ:

«Պուտինի հայտարարությունը, որ նա կդատվի օրենքի ողջ խստությամբ, նշանակում է, որ Պերմյակովը կդատվի Ռուսաստանում, քանի որ Պուտինը նման հայտարարություններ կարող է անել միայն Ռուսաստանի համար, նա չէր կարող այդպիսի հայտարարություն անել Հայաստանի համար»,-հավելեց Խառատյանը:

Գնահատելով հանրային ընդվզումն ու պահանջը ուղղված իշխանություններին՝ բանախոսները նկատեցին, որ հանրությունը վերջին օրերի իրադարձություններին շատ ավելի սթափ էր և երբեք չձևակերպեց որևէ պահանջ, որը Հայաստանի լիազորությունից և Հայաստանի իրավունակությունից դուրս էր:

«Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ-ի ղեկավար, բնապահպան Կարինե Դանիելյանը նշում է, որ ՀՀ իշխանությունների «ջայլամի քաղաքականությունը»` չհայտարարել սգո օրեր, կցկտուր ինֆորմացիա տրամադրել Գյումրիի դեպքերի մասին մադկանց ուշադրությունը շեղելու համար, հակառակ էֆֆեկտն ունեցավ և առաջացրեց մարդկանց մոտ ցասում:

«Գյումրիի հանրությունը և Երևանում բողոքի ակցիաները՝ կապված սահմռկեցուցիչ սպանության հետ, իրենց առողջ ռեակցիայով փրկեցին իշխանությունների դեմքը, որոնք անհետացել էին, կամ կոմայի մեջ էին: Իշխանությունների ռեակցիան հակազդեցությունն էր բողոքի ակցիաներին: Մարդկանց բերման ենթարկելը ընդհանրապես ադեկվատ չէր իրավիճակին»,-նկատեց նկարչուհի Զարուհի Մուրադյանը:

Հիշեցնենք, որ Գյումրու դեպքի հետ կապված Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ բերման էին ենթարկվել 30-ից ավելի ցուցարարներ:

Անդրադառնալով Գյումրու ցույցերի ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայտարարությանը՝  Խառատյանը նշեց, որ դա բավարար էր հասկանալու համար, որ սպանության գործում մեղադրվող Վալերի Պերմյակովը կարող  է դատվել Հայաստանի ֆիզիակաաշխարհագրական տարածքում, բայց Հայաստանի հետ կապ չունեցող օրենքներով ու քննության ընթացքով:

«Այդ հայտարարությունը լրացուցիչ յուղ լցրեց արդեն բորբոքված կրքերին…Կարող եմ ասել, որ մեր իշխանությունները դավաճանեցին հանրությանը երկու ձևով: Նախ, որ հանրային ընդվզումը արատավորեցին, և երկրորդ՝ կատարվել է քրեական սարսափելի հանցագործություն, ու մարդիկ ուզում են հասկանալ դրա շարժառիթները»,-հավելեց Խառատյանը:

«Մեդիա կենտրոն»