«Նորք-Մարաշ» ԲԿ-ն մանրամասներ է հայտնում 4,5-ամյա Անգելինայի մահվան դեպքից

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում կյանքից անժամանակ հեռացավ 4,5-ամյա Անգելինան, ում մարտի 4-ին վիրահատեցին՝ տեղադրելով արհեստական ձախ փորոք սարքը։ Նմանատիպ վիրահատություն Հայաստանում իրականացվում էր առաջին անգամ։

Վիրահատությունն իրականացվել էր երեխայի ընտանիքի, ՀՀ առողջապահության նախարարության և հասարակության արագ համախմբման արդյունքում. առաջին անգամ Հայաստան էր բերվել արհեստական ձախ փորոք կոչվող սարքը (LVAD)։

«Երեխայի մոտ ախտորոշվել էր դիլատացիոն կարդիոմիոպաթիա՝ սրտի խոռոչների լայնացում՝ կծկողականության կորստով: Մարտի 4-ին երեխան ունեցել էր սրտի կանգ, տևական վերակենդանացման միջոցառումների արդյունքում բժիշկներին հաջողվել էր երեխային ողջ պահել` միացնելով արտամարմնային թաղանթային օքսիգենացիա, որն իրենից ներկայացնում է սրտին և թոքերին ամողջովին փոխարինող ժամանակավոր սարք (ECMO): Երեխան ECMO-ն միացնելուց ժամեր անց արթնացավ ռեանիմացիոն բաժանմունքում:

Բացի ձախ փորոքի վատ կծկողականությունից Անգելինան ուներ նաև տուժած աջ փորոք և վնասված թոքեր, որոնք ի վիճակի չէին իրենց ֆունկցիան իրականացնելու: ECMO-ն տեղադրելուց հետո ընտանիքի, ընտանիքի ընկերների, ՀՀ առողջապահության նախարարության և հասարակության արագ համախմբման արդյունքում առաջին անգամ մեր երկիր էր բերվել արհեստական ձախ փորոք կոչվող սարքը (LVAD), որը փոխարինում է սրտի ձախ կեսի ֆունկցիան և ավելի երկարատև կիրառություն ունի, իսկ Անգելինայի դեպքում դա միակ հույս-կամուրջն էր դեպի սրտի փոխպատվաստում:

Մեծ մտահոգություն կար, որ, չնայած այս սարքի առկայությանը, միևնույն է սրտի աջ բաժինը և թոքերը կշարունակեն մնալ ECMՕ-ի հույսին և, չվերականգնվելու դեպքում, ժամանակի ընթացքում ի հայտ կգա կյանքի հետ անհամատեղելի իրադրություն (ECMO- ն՝ որպես հիվանդի կյանքը պահպանող սարք, ժամանակավոր բնույթ է կրում և ժամանակի հետ սարքին հարակից խնդիրներ են ի հայտ գալիս, որոնք վտանգում են հիվանդի կյանքը, և որքան երկար է գործում սարքը, այնքան նշված խնդիրների հավանականությունն ավելանում է)։ Այնուամենայնիվ, տեղի և արտերկրի մասնագետների հետ տևական քննարկումներից հետո ընտանիքի հետ որոշվել էր տեղադրել ձախ փորոքին փոխարինող սարքը և հույս ունենալ, որ աջ փորոքը և թոքերը թույլ կտան անջատել ECMՕ-ն, քանի դեռ սարքի հետ կապված վտանգավոր խնդիրները ի հայտ չեն եկել»,- նշում են բժշկական կենտրոնից:

«Նոր Մարաշ»-ից հայտնում են, որ ECMO-ի միացման արդեն երրորդ օրը ECMՕ–ն վերադասավորվել էր (արդեն փոխարինել միայն աջ փորոքին և թոքերին) և զուգահեռ միացվել արհեստական ձախ փորոքը (LVAD), որը փոխարինել էր ձախ փորոքին: Սրտի աջ բաժինը և թոքերը շարունակել են մնալ ECMO-ի սարքի հույսին:

Ընդհանուր առմամբ, ECMO-ն աշխատել է 15 օր, սրտի աջ փորոքը և թոքերը այդ ընթացքում ընդանրապես չեն վերականգնվել և թույլ չեն տվել ECMO սարքից շուտափույթ անջատվել:

Չնայած LVAD-ի նորմալ գործունեությանը, այդ օրերին ի հայտ են եկել տարբեր օրգանների անդառնալի կորուստներ, որոնք դարձել են Անգելինայի կյանքի հետ անհամատեղելի, և մարտի 19-ի առավոտյան ժամը 10:30-ին գրանցվել է երեխայի կենսաբանական մահը: