Գեղամ Մանուկյան. Մեր «իսլամիստը»

Գեղամ Մանուկյան. Մեր «իսլամիստը»
Գեղամ Մանուկյան. Մեր «իսլամիստը»

Դաշնակցական Գեղամ Մանուկյանի ինքնախոստովանական հայտարարությունը, թե ինքն է ծեծել ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին, առնվազն տարօրինակ է: Ուրիշ բան, եթե նա խոստովաներ, որ նյարդերը տեղի են տվել, և զղջում է կատարվածի համար: Բայց ինքն ըստ էության մահափորձի խոստովանություն է վերցնում իր վրա: Դեռ լավ է, որ դա չի անում կուսակցության անունից: Ավելին, փաստ է, որ ծեծողն ինքը չի եղել: Եվ ավելի վատ:

Ես հիացած չեմ նրանցով, որոնք Ազատության հրապարակում քաշքշում էին թոռան հետ զբոսնող Հրանտ Մարգարյանին: Ըստ իս, նրանք էլ պիտի հաշիվ տան իրենց արարքների համար:

Քաշքշել՝ նշանակում է ինքդ քեզ դատավոր կարգել նրա գլխին, ում քաշքշում ես: Դա, մեղմ ասած, տգիտություն է: Բայց հիանալ քաշքշելով ու մարդ ծեծելով, սոսկ հանցագործություն չէ, դրանով հոգեբաններն էլ պիտի զբաղվեն: Ինչո՞վ ենք, փաստորեն, պակաս, «Իսլամական պետությունից», որի մարտիկները օրը ցերեկով գլուխներ էին կտրում և հպարտ էին իրենց արածով:

Գեղամ Մանուկյանը վատ օրինակ է ծառայում: Եթե Վարդան Հարությունյանը ազգային և հոգևոր արժեքներ է անարգել, գուցե համապատասխան ատյաններն ու ինստիտուտնե՞րը զբաղվեին դրանով: Եթե Վարդան Հարությունյանը անարխիայի հայտ է ներկայացրել, գուցե ոստիկանությո՞ւնը զբաղվեր նրանով: Եթե չի զբաղվել, գուցե դիմեիք, փաստեր ներկայացնեիք:

Օրը ցերեկով բռունցքներով մարդու դեմքը նախշելը ազգային և հոգևոր արժեքներն անձեռնմխելի չեն դարձնում: Ազգային և հոգևոր արժեքի արժանապատվությունը պաշտպանել բռունցքներով՝ նշանակում է հենց բռունցքներն էլ հայտարարել ազգային և հոգևոր արժեք:

Այդ դեպքում դու ի՞նչն ես պաշտպանում Վարդան Հարությունյանից, հարգելի՛ Գեղամ: Եթե դու լինեիր մարդկության պատմության մեջ առաջին բռնություն գործադրողը, դա կհասկացվեր, քեզնից առաջ ոչ ոք բռնություն չի գործադրել, և մարդկությունը չգիտի, թե ինչ վերաբերմունք ցույց տա մարդու դեմքը նախշելուն:

Թեպետ ինձ կզարմացներ այնպիսի մարդկությունը, որտեղ սահմանվել են ազգային և հոգևոր արժեքները, մինչդեռ բռնությունը չի սահմանվել: Այս դեպքում բռնության նախադեպը կա, մարդիկ քարերով են իրենց գլուխը ջարդել, մինչև Զիգմունդ Ֆրոյդի բառերով ասած՝ ինչ-որ մեկը ֆայմել է քարով գլուխը ջարդելու փոխարեն հայհոյել հակառակորդին:

Բռնության նախադեպի գիտակցումն է մարդկությանը հետ պահում աշխարհակործան պատերազմներից, բռնության նախադեպի գիտակցումից օրենքներ են գրվել, Քրիստոսը մի հանճարեղ արտահայտություն ունի բռնության նախադեպի բերումով՝ սրով եկողը սրից կընկնի (խոսքն ուրիշի սրի մասին չէ):

Բռնությունը այնպիսի «արժեք» է, որ արտահայտվելու համար մի կողմ է դնում բոլոր գրքերը, օրենքները, խրատները, հավատը, ամեն ինչ: Որովհետև բռնությունը ամենահեշտ և կարճ ճանապարհն է գորդյան հանգույցը կտրելու, տալիս ես «աչքի թայը հանում», ու չկա էն մարդը, որը քիչ առաջ պրոբլեմ էր ստեղծել:

Կարծեմ ցեղասպանություններն էլ են նման մի տրամաբանությամբ իրականացվում: Ցեղասպանությունների հիմքում էլ կարելի է գտնել ազգային և հոգևոր արժեքների պաշտպանությունը, Հիտլերը, հարգելի՛ Գեղամ, օրը ցերեկով հրեաների ոչնչացումով էր պայմանավորում Գերմանիայի ազգային և հոգևոր արժեքների անվտանգությունը:

Մեզ մի քիչ պահենք այնպես, կարծես ինչ-որ դեր ունենք այն բանում, որ աշխարհում այլևս Հիտլեր չկա: Քո պապը, հարգելի՛ Գեղամ, պիտի որ այդ գործում առնվազն մի փոքրիկ դեր ունեցած լինի: Եվ երբ բռնությամբ դուրս ենք գալիս փողոց, դա արդյոք մահափորձ չէ՞ մեր հենց այն պապի վրա, որը 74 տարի առաջ Բեռլին է մտել, որպեսզի ինչ-որ կիսախելագար այլևս փողոցներում ձեռքերը թափահարելով ինչ-որ մեկին ինչ-որ մյուսից չգերադասի:

Մի քիչ, շատ չէ, մի քիչ մեզ պահենք այնպես, որ հետո «մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում» ասելուց առաջ առնվազն իմանանք, որ քրեակատարողական հիմնարկները լցված են հենց իրենց ուրիշներից գերադասողներով: Իսկ էդ մասին հրապարակավ հայտարարողներով զբաղվում է նաև Հաագայի դատարանը:

Սևակը նաև նրանց մասին է ասել նույնը: Բոլոր դեպքերում գերադասողներին դեռ ոչ ոք չի նախանձել: Խնդրեմ, մեկը հիմա ազատությունից հայտնվում է բանտում, հետո նորից ազատության մեջ, հետո նորից բանտում, հիմա կրկին ազատության մեջ է, ու պարզ չէ, թե վաղը որտեղ կլինի:

10 մարդու գլուխ կերավ, որպեսզի մենք դեմքով իմանանք այն մեկին, որն իրեն գերադասում էր հենց էդ տասից:

Արժե՞ր:

Մհեր Արշակյան

MediaLab.am