Ուսանողական սպորտի զարգացման հետքերով. Կարեն Գիլոյանն ընդունել է բուհերի ներկայացուցիչներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է հանրապետության պետական և մասնավոր բուհերի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ամբիոնների վարիչներին և Ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանին՝ քննարկելու ուսանողական սպորտի զարգացման հեռանկարները, ոլորտում առկա խնդիրներն ու լուծման հնարավոր տարբերակները:

Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալը կարևորել է հանդիպումը՝ համագործակցության պայմանով և թիմային աշխատանքով ոլորտում առկա խնդիրները լուծելու առումով. «Ամեն ինչ պետք է անենք, որ ուսանողական սպորտը ծառայի իր բուն նպատակին. այն յուրօրինակ ոստնակ է՝ ամբողջ կյանքի համար ճանապարհ հարթելու»:

Ներկաները քննարկման ընթացքում ներկայացրել են բուհերում ոլորտային խնդիրները, իրենց հուզող հարցերն ու փոխանակվել կարծիքներով: Շրջանառվող հիմնական թեմաներն էին՝ ուսհաստատություններում մասսայական ֆիզիկական դաստիարակության կազմակերպումը, ֆիզկուլտուրա առարկային ժամաքանակի տրամադրումը, միջբուհական մրցումների ակտիվացումը, բուհ-ֆեդերացիա համագործակցության ընդլայնումը և այլն: Հատկապես կարևորվել է հաստատությունը լիցենզավորելիս հաշվի առնել ֆիզիկական կուլտուրա առարկայի ժամաքանակի հատկացման նախապայմանը:

Ընդգծելով մարզական միջոցառումների դերը, այդուհանդերձ, փոխնախարարն առանձնակի շեշտել է սեկցիաներով սպորտի անհրաժեշտությունը բուհերում, ինչը, ըստ նրա, միանգամից մի քանի խնդիր է լուծում, և միայն մարզական միջոցառումներով սահմանափակվելը բավարար չէ:

Բուհերի ներկայացուցիչներն անդրադարձել են նաև շենքային պայմաններին և մարզադահլիճները գույքով համալրելու կարիքներին: Այդ ամենից զատ՝ քննարկվել է ֆիզկուլտուրա առարկան կրեդիտային համակարգում ներգրավելու արդյունավետությունը, և արդեն իսկ այդ համակարգը ներմուծած բուհերի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց փորձը:

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը մեկ անգամ ևս ընդգծել են, որ յուրաքանչյուր բուհի նպատակը պետք է լինի բարձրակարգ մասնագետ և առողջ քաղաքացի պատրաստելը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել չսահմանափակվել հնչած կարծիքներով և մեկշաբաթյա ժամկետում ձևակերպել առաջարկներն ու ներկայացնել նախարարություն:

Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։