ՀՀ առողջապահության նախկին փոխնախարարը ձերբակալվել է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով

ՀՀ առողջապահության նախկին փոխնախարարը ձերբակալվել է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով
ՀՀ առողջապահության նախկին փոխնախարարը ձերբակալվել է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով

«Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Վ.Պողոսյանը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացված աուդիտորական ուսումնասիրության արդյունքում ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձ հանդիսացող նախկին աշխատակիցների կողմից առերևույթ կատարված մի շարք չարաշահումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բազմաթիվ չարաշահումներ են ի հայտ եկել, պարզվել ֆինանսական բնույթի առերևույթ չարաշահումներ կատարած անձանց ինքնությունը, ժամանակահատվածը և մեխանիզմը:

Քննությամբ պարզվել է, որ հիշյալ չարաշահումները կատարվել են 2014-2018թթ. ընկած ժամանակահատվածում:

Տվյալներ են ձեռք բերվել՝ վերոնշյալ չարաշահումների դեպքերին ՀՀ առողջապահության նախկին փոխնախարարի առնչության վերաբերյալ:

Նախաքննությամբ պարզվել է, որ Վ.Պողոսյանը, 2011թ. դեկտեմբերից մինչև 2016թ. նոյեմբեր ընկած ժամանակահատվածում  զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի՝ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելման ու բժշկական օգնության կազմակերպման, ՀՀ տարածքում «ՄԻՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելման և տուբերկուլոզի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամ»-ի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի իրականացման բնագավառում նախարարության աշխատանքները համակարգող տեղակալի պաշտոնը, առերևույթ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները: Վերջինս 2019թ. մարտի 7-ին ձերբակալվել է՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։