ՀՀ ՊՆ. «Մանվել Սարիբեկյանի ողբերգական մահվան պատասխանատվությունը ամբողջությամբ ընկնում է նրան գերեվարող երկրի՝ Ադրբեջանի վրա»

ՀՀ ՊՆ. «Մանվել Սարիբեկյանի ողբերգական մահվան պատասխանատվությունը ամբողջությամբ ընկնում է նրան գերեվարող երկրի՝ Ադրբեջանի վրա»
ՀՀ ՊՆ. «Մանվել Սարիբեկյանի ողբերգական մահվան պատասխանատվությունը ամբողջությամբ ընկնում է նրան գերեվարող երկրի՝ Ադրբեջանի վրա»

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե որեւէ հիմք չունի հավատալու քսանամյա Մանվել Սարիբեկյանի մահվան վարկածի իսկությանը եւ որ Սարիբեկյանի ողբերգական մահվան պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է նրան գերեվարող երկրի` Ադրբեջանի վրա:
Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի Պաշտպանության նախարարության և ռազմական դատախազության համատեղ հայտարարությունը, հայտնում են, որ հոկտեմբերի 5-ին, գիշերը ժամը 3-ին ինքնասպանություն է գործել Ադրբեջանում գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանը:
Ըստ հաղորդագրության՝ Մ. Սարիբեկյանի պարանոցի վրա հայտնաբերվել է կախվողներին բնորոշ հետք, իսկ դատաբժշկական փորձաքննությունը նրա մարմնի վրա բռնության հետքեր չի հայտնաբերել։

Չնայած հայկական կողմի պարազաբանումներին, որ երիտասարդը սովորական հովիվ էր, որը մոլորվել և հատել էր հայ-ադրբեջանական սահմանը, Ադրբեջանը համառորեն պնդում էր, թե սեպտեմբերի 11-ին սահմանից այն կողմ հայտնված Սարիբեկյանը դիվերսանտ է:

«Որևէ հիմք չունենալով հավատալու հայ երիտասարդի մահվան վարկածի իսկությանը՝ ՀՀ ՊՆ-ն իր մտահոգությունն է հայտնում այդ առնչությամբ, գտնելով, որ Մ. Սարիբեկյանի ողբերգական մահվան պատասխանատվությունը ամբողջությամբ ընկնում է նրան գերեվարող երկրի՝ Ադրբեջանի վրա»,-նշված է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:

Պաշտպանության նախարարության հաղորդագրությունը հրավիրելով միջազգային կառույցների` մասնավորապես  Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուշադրությունը նշում է, որ Ադրբեջանը հերթական անգամ կոպտորեն խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի մասնավորապես՝ «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» կոնվենցիայի դրույթները: Ինչպես նաեւ անտեսում է ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ԵԱՀԿ ՄԽ գործադրած ջանքները՝ նման սադրիչ քայլի գնալով համանախագահների Դաշտային գնահատման առաքելության օրերին:

«Արդեն որերորդ անգամ Ադրբեջանը հանցավոր քայլերի է գնում՝ չարժանանալով միջազգային իրավասու կառույցների պարսավանքին,-նշված է հաղորդագրության մեջ: -Հենց այդ անպատժելիության զգացողությունն է սպանել միջազգային նորմերով չպաշտպանված մեր հայրենակցին»:

© Medialab.am