«Փայապետություն» առանց սահմանների. Սարգսյանների ընտանիքի բիզնեսները. Fip.am

«Փայապետություն» առանց սահմանների. Սարգսյանների ընտանիքի բիզնեսները. Fip.am
«Փայապետություն» առանց սահմանների. Սարգսյանների ընտանիքի բիզնեսները. Fip.am

Սերժ Սարգսյանի հարազատների անունները մշտապես կապվել են «50 տոկոս փայ մտնելու» և բազմաթիվ բիզնեսներում ներգրավված լինելու երևույթի հետ։ 

 
2018 թ. հեղափոխությունից հետո ակնկալվում էր, որ ի վերջո կբացահայտվի, թե որքանով են «օդում կախված» այս լուրերը համապատասխանում իրականությանը, սակայն այս հարցում ակնկալիքները չարդարացան, իսկ հանրության մոտ հարցեր առաջացան՝ կապված այդ լուրերի իսկության հետ։ 

«Փաստերի ստուգման հարթակը», ուսումնասիրելով պետական ռեգիստրի բազմաթիվ տվյալներ, ուշագրավ բացահայտումներ է արել Սարգսյանների բիզնես գործունեության վերաբերյալ՝ հյուրանոցային բիզնեսից մինչև ՀԷԿ-եր, անշարժ գույքի վարձակալություն, շինարարություն, ավտոմեքենաների վերանորոգում, բանջարեղենի ներկրում և այլն։ Բոլոր տվյալները հիմնավորված են պաշտոնական փաստաթղթերով։ 

Ալեքսանդր Ազատի Սարգսյանի 

Սերժ Սարգսյանի սկանդալային պատմությունների կիզակետում մշտապես գտնվող եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի՝ Սաշիկի մասին ամենատարածված խոսակցությունը «50/50»–ն է։

Ալեքսանդր Սարգսյանը, ըստ պաշտոնական փաստաթղթերի, ներգրավված է 6 ընկերությունում։ 1999 թվականին Սարգսյանը հիմնել է «Հայկ և Նարեկ» ՍՊԸ-ն, որը 2008-ի հուլիսին վերանվանվել է «Գանձաղբյուր» ՍՊԸ։ Այս ընկերությանն է պատկանում Կոտայքի մարզի Արզական համայնքում՝ Աղվերանի հանգստի գոտում գտնվող համանուն առողջարան-հյուրանոցը։ Ընկերության միանձնյա բաժնետերը Ալեքսանդր Սարգսյանն է։ «Հետքը» գրել է, որ այս առողջարանը գործել է նաև խորհրդային տարիներին, սակայն թե ինչպե՞ս է Սարգսյանը մասնավորեցրել այն, տեղյակ չեն անգամ պետական գույքի կառավարման վարչությունում։ «Գանձաղբյուր» ՍՊԸ-ն Առողջապահության նախարարությունից  մի քանի տարի միլիոնավոր դրամներ է ստացել՝ բժշկական օգնության ծառայություններ մատուցելու համար։ 

2003 թ. մայիսին՝ պատգամավոր ընտրվելուց երկու ամիս անց, Ալեքսանդր Սարգսյանը դարձել է «Մուլտի-Լեոն» ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնետեր։ Մինչ այդ՝ 2002 թ. դեկտեմբերից մինչև 2003-ի մարտ, այս ընկերության բաժնետեր է եղել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Ծառուկյանի՝ ընկերությունից դուրս գալու նույն օրը «Մուլտի-Լեոն» ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնետեր է դարձել Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնը։ «Մուլտի-Լեոն» ՍՊԸ-ն զբաղվում է ավտոմեքենաների համար հեղուկ գազի ներկրմամբ և իրացմամբ, գազալցակայաններ ունի Երևանում և շրջաններում։ Սարգսյանն այս ընկերությունից դուրս է եկել 2012 թ. հունվարին։ 

2005 թ. հոկտեմբերին Ալեքսանդր Սարգսյանը հիմնել է «ՀԱՆԱ Մ.Ե.Կ» ՍՊԸ-ն, որը մատուցում է արտաքին գովազդի ծառայություն և Երևանի մի շարք փողոցներում ունեցել է գովազդային վահանակներ։ Սարգսյանն ընկերության 100 տոկոս բաժնետերն է, իսկ որդիներից Նարեկ Սարգսյանը 2012-ից մինչ օրս հանդիսանում է ընկերության տնօրենը։ 

2012 թ. Ալեքսանդր Սարգսյանը դարձել է «Հանասերվիս» ՍՊԸ-ի բաժնետեր։ Ընկերությունը 2011 թ. դեկտեմբերին հիմնել էր և միանձնյա բաժնետեր էր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը։ 2012-ի սեպտեմբերին ընկերության 100 տոկոս բաժնեմասն օտարել է Սաշիկ Սարգսյանին։ Վերջինս 2018 թ. մարտից հանդիսանում է նաև ընկերության տնօրենը։ Ըստ ՊԵԿ-ի՝ «Հանասերվիսը» զբաղվում է ավտոմեքենաների տեխնիկական սպասարկմամբ և նորոգմամբ։ 

2012 թ. Սաշիկ Սարգսյանը դարձել է որդու՝ Նարեկ Սարգսյանի հիմնադրած մեկ այլ ընկերության՝ «Հանա-տրանս» ՍՊԸ-ի բաժնետեր։ Նարեկ Սարգսյանն ընկերությունը գրանցել է 2011 թ. սեպտեմբերին, ի սկզբանե եղել է ընկերության 100 տոկոս բաժնետերը և տնօրենը։ 2012 թ. նոյեմբերին ընկերության 100 տոկոս բաժնետեր և տնօրեն է դարձել Ալեքսանդր Սարգսյանը։ Ընկերությունն ի սկզբանե գրանցված է եղել որպես ավտոմոբիլային տրանսպորտի միջմարզային բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպություն։ 2012 թ. «Հանա-տրանսը» կառավարությունից 40 ինքնաթափ ավտոմեքենաների ԱԱՀ-ի վճարումը երեք տարով հետաձգելու հարկային արտոնություն էր ստացել։ 2012 թ. կառավարության մեկ այլ որոշմամբ Վարդենիսում գտնվող երկաթգծի նախկին հյուրանոցի շենքը ուղղակի վաճառքի ձևով օտարվել է «Հանա տրանս» ՍՊԸ-ին։ Ընկերությունը նախատեսում էր կազմակերպել Արցախի Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի շրջանից ածխի փոխադրումը Վարդենիսի երկաթուղային հանգույց՝ հետագայում այն «Հանա-գրուպ» ընկերության (պատկանում է Սերժ Սարգսյանի փեսային՝ Հայկ Խաչատրյանին) միջոցով երկաթուղով Երևան քաղաք փոխադրելու նպատակով։ Ածուխը պետք է կիրառվեր որպես ջուր-ածխային վառելիք «Երևան ՋԷԿ» ՓԲԸ-ում՝ էլեկտրաէներգիա ստանալու համար։ Այս ծրագիրը, սակայն, այդպես էլ իրականություն չդարձավ։ 

Ալեքսանդր Սարգսյանը 2012 թ. հոկտեմբերին դարձել է «Հանա-Վարդ» ՍՊԸ-ի բաժնետերը։ 2012 թ. հուլիսի 30-ին ընկերությունը հիմնել էին նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի եղբայրը՝ գործարար Մհեր Բագրատյանը և Գեղարքունիքի մարզից Անդրանիկ Քոչարյանը։ Մեկ ամիս անց՝ օգոստոսի 30-ին, Բագրատյանն ու Քոչարյանն իրենց բաժնեմասերը օտարել են Սաշիկի որդուն՝ Նարեկ Սարգսյանին։ Սակայն 2012 թ. հոկտեմբերի 11-ից ընկերության միանձնյա բաժնետեր և տնօրեն է դարձել Ալեքսանդր Սարգսյանը։ Ըստ ՊԵԿ-ի՝ ընկերության գործունեության ուղղությունը եղել է ավտոմեքենաների տեխնիկական սպասարկումն և նորոգումը։ 

Հատկանշական է, որ բոլոր վերը նշված ընկերությունների գործունեությունը, բացի «Մուլտի Լեոն», ներկայում ժամանակավոր դադարեցված է։

Նարեկ Ալեքսանդրի Սարգսյան

Ալեքսանդր Սարգսյանի աղմկահարույց պատմություններով հայտնի որդին՝ Նարեկ Սարգսյանը, որը 2018 թ. դեկտեմբերին հայտնաբերվել էր Պրահայում՝ Ֆրանկլին Գոնսալես անվամբ կեղծ անձնագրով, ինչպես արդեն վերևում նշեցինք, ներգրավված է մի շարք բիզնեսներում։ Բացի վերը նշված «ՀԱՆԱ Մեկ», «Հանասերվիս», «Հանա-տրանս», «Հանա-Վարդ» ընկերություններից, Նարեկը ներգրավված է այլ բիզնեսներում ևս։

Այսպես, 2011 թ. մայիսին Նարեկ Սարգսյանը դարձել է «Ակնաձոր» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետերը։ Այս ընկերությունը 2008 թ. դեկտեմբերին հիմնադրել էր Նարեկի հարազատ եղբայրը՝ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանը։ «Ակնաձորը» հարկային մարմնում գրանցվել է որպես մասնագիտացված խանութներում մրգերի և բանջարեղենի մանրածախ առևտրով զբաղվող ընկերություն: «Ակնաձոր» ՍՊԸ-ն, մասնավորապես, զբաղվել է Թուրքիայից լոլիկի ներմուծմամբ։ Ներկայում ընկերության գործունեությունը ժամանակավոր դադարեցված է։

2012 թ. հուլիսից մինչ օրս Նարեկ Սարգսյանը հանդիսանում է «Վավան» ՍՊԸ-ի միանձնյա բաժնետերը։ 2001 թ. հիմնադրված ընկերությունը գրանցվել է որպես ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում իրականացնող։ Ընկերությունն ունեցել է ավտոլվացման կետ Երևանի «Լամբադա» կամուրջի տակ։ Որպես կամրջի վարձակալ՝ Սարգսյանի ընկերությունը կուտակել էր շուրջ 54 մլն 800 հազար դրամի պարտք պետությանը, որը վճարել է հեղափոխությունից հետո։ 

2017 թ. հուլիսին Նարեկ Սարգսյանն Արտեմ Պետրոսյան անունով անձի հետ հիմնադրել է «Լիդեր 1987» ՍՊԸ-ն։ Սարգսյանին է պատկանում ընկերության 70 տոկոս բաժնեմասը, նա հանդիսանում է նաև տնօրենը։ Ընկերությունը հարկային մարմնում գրանցվել է որպես ռեստորանային ծառայություններ մատուցող։ Ներկայում գործունեությունը ժամանակավոր դադարեցված է։ 

2018 թ. մարտի 6-ին Նարեկ Սարգսյանը հիմնել է «Լիդեր 7» ՍՊԸ-ն, որի 100 տոկոս բաժնետերն ու տնօրենն է։ Այս ընկերության գործունեությունը նույնպես ժամանակավոր դադարեցված է։ 

Հայկ Ալեքսանդրի Սարգսյան

Ալեքսանդր Սարգսյանի մյուս որդին՝ Հայկ Սարգսյանը, ի տարբերություն եղբոր, ավելի քիչ ընկերություններում է փայատեր։ Ինչպես նշեցինք, նա ներգրավված է եղել «Ակնաձոր» և «ՀԱՆԱ Մ․Ե․Կ․» ընկերություններում։ 

Բացի այս երկու ընկերությունից, Հայկ Սարգսյանը 2010 թ. փետրվարից հանդիսանում է «Գորիս Էներջի» ընկերության 50 տոկոս բաժնետերը։ Ընկերության բաժնեմասերի մյուս կեսը պատկանում է Հայկ Սարգսյանի հորեղբոր որդուն՝ Նարեկ Լյովայի Սարգսյանին։ Ընկերությունն ի սկզբանե՝ 2008 թ. փետրվարին, հիմնադրել էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կնոջ եղբոր՝ Վարդան Մուշեղի Բարսեղյանի հետ։

Լևոն Ազատի Սարգսյան

2018 թ. հեղափոխությունից հետո աղմկոտ բացահայտումներից մեկը կապված էր Սերժ Սարգսյանի մյուս եղբոր՝ Լյովա Ազատի Սարգսյանի և նրա ընտանիքի անդամների հետ։ 

 
Դեռևս 2018 թ. հունիսին ՊԵԿ-ը, խուզարկելով Նարեկ Լյովայի Սարգսյանի տունը, հայտնաբերել էր Լյովա Սարգսյանի և Անի Սարգսյանի անվամբ 2017 թ.-ի 2-րդ կիսամյակի ընթացքում որպես ավանդ ՀՀ-ում գործող բանկերից մեկում ներդրված շուրջ 6 միլիոն 800 հազար դոլար գումարով ավանդի պայմանագրեր, որոնք ո՛չ Լևոն Սարգսյանը, ո՛չ էլ աղջիկը չէին հայտարարագրել։ Ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու առթիվ քրեական գործ էր հարուցել։

Լևոն Սարգսյանը եղբոր՝ Սերժ Սարգսյանի նախագահ դառնալուց մի քանի ամիս անց՝ 2008 թ. հոկտեմբերին, Կաբրիել Ղենբերջիի հետ հիմնադրել է «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը։ Վերջինս տարօրինակորեն գրանցվել է Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Գործունեության հիմնական ուղղություններն էին կրթական, մշակութային, առողջապահական հաստատությունների զարգացումն ու նորագույն սարքավորումներով վերազինումը։ Կանոնադրության մեջ նշվում էր, որ հիմնադրամը չի իրականացնում ձեռնարկատիրական գործունեություն։ Սակայն 2017 թ. «ՍիվիլՆեթը» պարզել էր, որ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը Երևանի քաղաքապետարանից 156 մլն դրամ է ստացել՝ քաղաքում ծաղկապատման ու կանաչապատման աշխատանքներ իրականացնելու համար։ 

Բացի այդ, 2010 թվականին «Փյունիկ» հիմնադրամը Կաբրիել Ղենբերջիի և Լևոն Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի մասնակցությամբ հիմել էր «Ջ Լ Ջ պրոյեկտ քոմփանի» ՍՊԸ-ն։ Ընկերությունը գրանցվել է որպես բնակելի, հասարակական և արտադրական շենքերի կառուցապատող։ Հեղափոխությունից հետո պարզվել էր, որ Բուզանդի 3 հասցեում բազմաֆունկցիոնալ շենքի կառուցապատմամբ զբաղվող «Ջ Լ Ջ պրոյեկտ քոմփանի» ՍՊԸ-ն 2013-2017 թթ․ պետությանը պատճառել էր ավելի քան 300 մլն դրամի վնաս։

ՊԵԿ-ում քրեական գործ էր հարուցվել ընկերության կողմից անվճարունակության հատկանիշներ կանխամտածված ստեղծելու և հարկն առանձնապես խոշոր չափերով չվճարելու նպատակով՝ օրենքով սահմանված հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու դեպքի առթիվ։ Գործի հարուցումից հետո «Ջ Լ Ջ պրոյեկտ քոմփանի» ՍՊԸ-ն պետական բյուջե էր վերականգնել 800 միլիոն դրամ։

2008 թ. դեկտեմբերին Լևոն Սարգսյանը պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նրա ավագ խորհրդական Բաբկեն Վարդանյանի հետ համահիմնադրել է «Վերածնունդ» հիմնադրամը, որը գրանցվել է որպես մշակութային, կրթական, սոցիալական, բարեգործական նպատակներ հետապնդող կառույց։ Հիմնադրամը լուծարվել է 2017 թվականին։ 

Նարեկ Լյովայի Սարգսյան

Սերժ Սարգսյանի հարազատներից տարատեսակ բիզնեսներում ամենաշատը ներգրավված է Լյովա Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը։ Ըստ կառավարության էլեկտրոնային ռեգիստրի՝ Սարգսյանը փայատեր է 23 ընկերությունում։ Հատկանշական է, որ Նարեկ Սարգսյանը ընկերություններ է հիմնել կամ բաժնետեր է դարձել մեծամասամբ հորեղբոր նախագահ դառնալուց հետո։ Սարգսյանն իր բիզնես կարիերան սկսել է արդեն 18 տարեկանում։

Ինչպես նշեցինք, Նարեկ Սարգսյանը հանդիսանում է «Ջ Լ Ջ պրոյեկտ քոմփանի» ՍՊԸ-ի բաժնետերերից մեկը։ Այս ընկերությունում նա ունի 20 տոկոս բաժնեմաս։ 

2007 թ. դեկտեմբերին Նարեկ Սարգսյանը Ջերմուկից Աշոտ Արսենյանի, Աղավնաձոր գյուղից Սամվել Սարգսյանի հետ համահիմնադրել է «Ջերսան» ՍՊԸ-ն։ Ե՛վ Աշոտ Արսենյանը («Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի սեփականատեր), և՛ Սամվել Սարգսյանը (նախկինում նաև Վայոց ձորի մարզպետ) հանրությանը քաջ հայտնի են։ Երկուսն էլ Հանրապետական կուսակցության անդամ են եղել, երկուսն էլ 2007 թ. մայիսին ՀՀԿ ցուցակով ընտրվել էին Ազգային ժողովի պատգամավոր։ Ընկերությունը, փաստացի, ստեղծվել է նրանց՝ պատգամավոր դառնալուց հետո։ «Ջերսան» ՍՊԸ-ն զբաղվում է հյուրանոցային բիզնեսով, ընկերությանն է պատկանում «Հայաթ փլեյս Ջերմուկ» հյուրանոցը։ Նարեկ Սարգսյանն այս ընկերությունից դուրս է եկել 2019 թ. հունիսի 12-ին։ Իր բաժնեմասը վաճառել է Սամվել Սարգսյանի որդուն՝ Ֆրունզե Սարգսյանին։ 

Սարգսյանը 2015 թ. մայիսին Սամվել Սարգսյանի և մեկ այլ բաժնետեր Աննա Պուշկինի Սարգսյանի հետ համահիմնադրել է «Սանջեր» ՍՊԸ-ն: Ընկերությանն է պատկանում «Սանջեր» բժշկական կենտրոնը, որը գործում է «Հայաթ փլեյս Ջերմուկ» հյուրանոցի նույն հասցեում և առաջարկում է սպա ծառայություններ։ Նարեկ Սարգսյանն այս ընկերությունից դուրս է եկել 2019 թ. հուլիսին՝ բաժնեմասերը օտարելով կրկին Սամվել Սարգսյանի որդուն։

2008 թ. հունվարի 17-ին, երբ Սերժ Սարգսյանը պատրաստվում էր նախագահական ընտրություններին, Նարեկ Սարգսյանը նախագահի պաշտոնից հեռացող Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի հետ հիմնել է «ԼԼ Բիմբո» ՍՊԸ-ն։ Երկու երիտասարդներն ունեն 50-50-ական բաժնեմաս։ Ընկերությունը ՊԵԿ-ում գրանցված է սեփական կամ վարձակալված անշարժ գույքի հանձնում վարձակալության գործունեություն իրականացնող։ Սակայն 2008 թ. մարտին «ԼԼ Բիմբոն» դարձել է հայ-ռուսական «Աբիտ» ՍՊԸ-ի բաժնետեր։ Այս ընկերությունն Արարատի մարզի Սուրենավան գյուղում հիմնել է բիտումի գործարան: Բիտումը նավթամթերք է, որն օգտագործվում է ասֆալտի արտադրության մեջ: Գործարանի բացումը տեղի էր ունեցել 2009-ի մայիսի 15-ին, որին մասնակցել էր նաև այն ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը։ 

2008 թ. ապրիլի 21-ին Նարեկ Սարգսյանը դարձել է «Մինա-Մայա» ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնետեր։ «Մինա-Մայա» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2001-ին։ Այն շահագործում է Եղեգիս գետի վրա գտնվող «Եղեգնաձոր» և «Եղեգնաձոր ՓՀԷԿ-1» փոքր ՀԷԿ-երը։ «Փաստերի ստուգման հարթակն» արդեն ներկայացրել է, թե ինչ խնդիրներ են առաջացնում այս ՀԷԿ-երը Սևանա լճի համար։ 2019 թ. մայիսի 20-ին Սարգսյանը վաճառել է իր բաժնեմասը Վաչիկ Գրիշայի Քոքոբելյանին, որն «Ագատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի եղբայրն է։

Սարգսյանը 2010 թ. ապրիլի 2-ին համահիմնադրել է «Արգավազշին» ՍՊԸ-ն։ Այս ընկերությունը զբաղվում է ավազի և խճի արդյունահանմամբ։ Ընկերությունն ավազի լվացման և տեսակավորման արտադրամաս ունի Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում։ Սարգսյանն այս ընկերությունից դուրս է եկել 2018 թ. մարտի 20-ին։  

2012 թ. փետրվարին 17-ին Սարգսյանը երեք այլ անձի հետ հիմնել է «Գրիշա Գալստյան» ՍՊԸ-ն։ Ընկերությունը նույն տարվա փետրվարի 27-ին Արարատի մարզպետարանից ստացել է Արգավանդ գյուղի Օդանավակայանի փողոց թիվ 1 հասցեում ԱԳԼՃԿ կառուցելու թույլտվություն։ Սարգսյանն այս ընկերությունից դուրս է եկել երկու ամիս անց։ Ընկերությունը ներկայում լուծարված է։ 

2012 թ. մայիսին Նարեկ Սարգսյանը Սիրիայից երեք այլ հայերի հետ հիմնել է «Լավիթա ֆարմ» ՍՊԸ-ն։ Սարգսյանը նաև ընկերության տնօրենն է։ «Լավիթա ֆարմ» ՍՊԸ-ն ՊԵԿ-ում գրանցվել է մեքենաների, արդյունաբերական սարքավորանքի, նավերի և թռչող ապարատների առևտրով զբաղվող գործակալների գործունեություն իրականացնող։

2015 թ. ապրիլին Նարեկ Սարգսյանը դարձել է «Ջուղա գրուպ» ընկերության 25 տոկոսի բաժնետեր։ Ընկերությունը գրանցված է Գյումրիում և զբաղվում է անշարժ գույքի վարձակալությամբ։ Ընկերությունը շուրջ 6681.3քմ տարածք ունի Երևանի Արին-Բերդի փողոցի հ.7 հասցեում, որը Երևանի քաղաքապետի 2016 թ. որոշմամբ ուղղակի վաճառքի միջոցով օտարվել է ընկերությանը։ Հատկանշական է, որ 2001-ին հիմնադրված «Ջուղա գրուպի» բաժնետերեր են եղել Դաշնակցական մի շարք պաշտոնյաներ՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը (06.12.2001-02.04.2015) և տարածքային կառավարման և զարգացման նախկին նախարար Դավիթ Լոքյանը (26.08.2015-15.02.2016):

Սարգսյանը 2015 թ. հուլիսին դարձել է «Ռեքս տրանսֆորմրս» ՍՊԸ-ի 25% բաժնեմասի սեփականատեր։ Ընկերությունը գրանցվել է 2014 թ.-ին և զբաղվում է տրանսֆորմատորների արտադրությամբ։ Այստեղ ևս Սարգսյանի հետ փայատեր է եղել ՀՅԴ-ական Դավիթ Լոքյանը՝ 2015-ի հուլիսից մինչև 2016 թ. փետրվար։ 

2015 թ. դեկտեմբերին Նարեկ Սարգսյանը համահիմնադրել է «Դիպօլ» ՍՊԸ-ն։ Ընկերությունը գրանցված է Գյումրիում և ինչպես «Ջուղա գրուպը», զբաղվում է անշարժ գույքի վարձակալության հանձնումով։ 

Նարեկ Սարգսյանը 2017 թ. փետրվարին մեկ օրվա տարբերությամբ հիմնել է երկու ընկերություն՝ «Եփրատ տուր» և «Սլոթերհաուզ» ՍՊԸ-ները։ «Եփրատ տուրում» Սարգսյանն ունի 50 տոկոս բաժնեմաս։ Ընկերությունը զբաղվում է ավիատոմսերի վաճառքով և հանդիսանում է սիրիական Cham wings ավիաընկերության ներկայացուցիչը Հայաստանում՝ վաճառելով Երևան-Դամասկոս տոմսեր։ 

«Սլոթերհաուզ» ընկերությունում Նարեկ Սարգսյանն ունեցել է 33% բաժնեմաս։ Այս ընկերությունում ի սկզբանե բաժնեմաս է ունեցել  նաև Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի որդին՝ Կառլեն Սարգսյանը։ 2017 թ. սեպտեմբերին Կառլեն Սարգսյանն իր բաժնեմասը փոխանցել է քրոջը՝ Նոնո Արմենի Սարգսյանին։ Ընկերությունը գրանցված է որպես մսի և մսամթերքի մեծածախ առևտուր իրականացնող։ Նարեկ Սարգսյանը «Սլոթերհաուզից» դուրս է եկել 2018 թ. մայիսի 30-ին։  

Սարգսյանը մասնաբաժիններ է ունեցել «էյէֆթի թրեյդ», «Հալեգո գրուպ», «Սեդաս օիլ», «Արատտա ֆինանս Հոլդինգ», «Դավիգ», «Վինդս պարկ կորպորացիոն», «Ռօսն գրուպ», «Ս.Մ.Մ. Պրոդուկտ», «Դավիգ», «Սերժիո Ստեֆանի», «Ջի.ՍԻ.ՋԻ.Փրոդաքշն» ընկերություններում։ Այս բոլոր ընկերությունները ներկայում լուծարված են կամ  գործունեությունը ժամանակավոր դադարեցված է։ Բաց աղբյուրներում, ինչպես նաև ՊԵԿ-ի կայքում, որևէ տեղեկություն այս ընկերությունների գործունեության վերաբերյալ չկա։ 

Նշենք, որ այն բոլոր ընկերություններում, որտեղ Նարեկ Սարգսյանը շարունակում է փայատեր լինել, ներկայում նրա բաժնեմասերի վրա արգելանք է դրված՝ իր դեմ հարուցված ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու գործի շրջանակում։ 

Անի Լևոնի Սարգսյան

Լևոն Սարգսյանի դուստրը՝ Անի Սարգսյանը, ևս ներգրավվել է բիզնեսներում վաղ տարիքում։ 18 տարեկան աղջիկը 2011 թ. հունվարին դարձել է «Գոլեվար» ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնետեր։ Ընկերությանն է պատկանել Արագածոտի մարզում Քասախ գետի վրա գտնվող «Աշտարակ» փոքր ՀԷԿ-ը։ Ընկերությունը ներկայում լուծարված է։

Անի Սարգսյանը 2011 թ. մարտին դարձել է «Էլիտբաս» ՍՊԸ-ի 50 տոկոսի բաժնետեր։ Ընկերությունը Հայաստանում ամենահայտնի ուղևորափոխադրող կազմակերպություններից է և մեծ պատվերներ է ստանում նաև պետական կառույցներից։ 

Փաստորեն, Սերժ Սարգսյանի եղբայրներն ու նրանց զավակներն իրոք մասնաբաժիններ են ունեցել բազմաթիվ բիզնեսներում։ Ընդ որում, նրանք իրենց բիզնես գործունեությունը մեծ մասամբ սկսել են Սերժ Սարգսյանի՝ նախագահ դառնալուց հետո։ 

Հիշեցնենք, որ վերը նշված ամբողջ տեղեկությունները փաստարկված են պաշտոնական փաստաթղթերով։ 

Անի Գրիգորյան

Հովհաննես Նազարեթյան

www.Fip.am