«Աննախադեպ թափ է հավաքել իմ և իմ ընկերության դեմ ծավալված սև փիառը՝ կեղտոտ տեխնոլոգիաների ողջ արսենալի կիրառմամբ». Հովհաննես Գալստյան

«Աննախադեպ թափ է հավաքել իմ և իմ ընկերության դեմ ծավալված սև փիառը՝ կեղտոտ տեխնոլոգիաների ողջ արսենալի կիրառմամբ». Հովհաննես Գալստյան
«Աննախադեպ թափ է հավաքել իմ և իմ ընկերության դեմ ծավալված սև փիառը՝ կեղտոտ տեխնոլոգիաների ողջ արսենալի կիրառմամբ». Հովհաննես Գալստյան

Տեւական ժամանակ հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը ՀՀ մշակույթի նախարարության ծավալուն պատասխանից հետո արձագանքել է։ Կինոռեժիսորի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ։

«Հարգելի լրագրողներ, աջակիցներ, համախոհներ, խնդրում եմ տարածել «Թողություն» միջազգային կինոնախագծի վերաբերյալ տեսանյութը և իմ մեկնաբանությունները տեղեկատվության տարածման բոլոր հնարավոր տարբերակներով։ Շնորհակալ եմ։ 

Լիլիթ Մակունցի հետ մեր հանդիպման ձայնագրությունը հրապարակելուց և ազատամարտիկ Մհեր Մազմանյանի Հացադուլին միանալուց հետո, մեդիայում և սոցցանցերում աննախադեպ թափ է հավաքել իմ և իմ ընկերության դեմ ծավալված սև փիառը՝ կեղտոտ տեխնոլոգիաների ողջ արսենալի կիրառմամբ։ Հատուկ թիրախավորվել է «Թողություն» ֆիլմի արտադրության ժամանակավոր սառեցումը։

Ստորև ներկայացնում եմ պարզաբանումներ «Թողություն» ֆիլմի արտադրության վերաբերյալ, ընդգծելով, որ «Տատիկիս Վարսերի» ֆինանսավորման Հայտը հաստատվել է 2015թ-ին: Եվ եթե «Թողություն» ֆիլմը խնդիրներ ունենար Հայտը չէր կարող ընդունվել։ Ավելին, 2016-ին ՀՀ մշակույթի նախարարը պաշտոնական նամակով դիմել է Բուլղարիայի մշակույթի նախարարին՝ «Թողություն» ֆիլմին աջակցելու առաջարկով, հետևաբար, մշակույթի նախարարությունը ևս չէր կարող այս ֆիլմի հետ որևէ խնդիր ունենալ։

Ա․) «Թողություն» ֆիլմի նկարահանումները ընդհատվել են, երբ ցավալիորեն կյանքից հեռացել են՝ գլխավոր դարակատարներից մեկը՝ Կարեն Ջանիբեկյանը, բուլղարացի պրոդյուսեր Ժելյո Ժելևը, կինոյից առողջական խնդիրների պատճառով հեռացել է ֆրանսիացի պրոդյուսեր Լյուկ Նտոնգան։ Դրանից հետո մենք ժամանակավորապես կոնսերվացրել ենք արտադրությունը, որպեսզի նոր համաարտադրողներ և դերակատար գտնենք։ Միջազգային պրակտիկայում, նման իրավիճակները ստանում են Ֆորս մաժորային կարգավիճակ և արտադրությունը ժամանակավորապես սառեցվում է։

Բ․) «Թողություն» ֆիլմի մասին հրապարակումներում շրջանառում են, որ առկա է ֆիլմի 3, 7, հիմա արդեն 5-20 րոպե նյութ։ Մինչդեռ «Թողություն» ֆիլմի 76րոպե տևողությամբ աշխատանքային նյութը գտնվում է ազգային կինոկենտրոնում։ Իսկ մեր ձեռքի տակ առկա է 97րոպե նկարահանված նյութ, չհաշված բալետի փորձերի 30 րոպե նյութը, ինչը միանգամայն բավական է երկու շաբաթում «ֆիլմ» հավաքելու, կինոկենտրոնի արխիվ հանձնելու համար, այսինքն ավարտել ֆիլմի արտադրությունը այնպես, ինչպես կինոկենտրոնի կողմից ֆինանսավորվող հայկական ֆիլմերի մեծ մասը։

Գ․) Ազգային կինոկենտրոնը և մշակույթի նախարարությունը քաջ տեղյակ են «Թողություն» ֆիլմից շատ ավելի վաղ սկսած և դեռ չավարտված ֆիլմերի մասին, որոնց արտադրությունը սկսվել է 2006, 2007 թթ-ին, բայց բերանները ջուր են առել, հավանաբար, իրենց լեզվով ասած «կոռուպցիոն համաձայնության մեջ են այդ ֆիլմերի արտադրողների հետ»։

Դ․) «Թողություն» ֆիլմը շարունակվող, արտադրության մեջ գտնվող ֆիլմ է, որն ունի բուլղարացի, մալթացի և ֆրանսիացի համաարտադրողներ, որոնց հետ համագործակցության համաձայնագրերը առկա են կինոկենտրոնում։ Մենք վերանկարահանելու ենք Կարեն Ջանիբեկյանի տեսարանները և ավարտելու ենք ֆիլմը «Տատիկիս Վարսերը» ֆիլմի ավարտից հետո՝ մեկ տարվա ընթացքում»։

Լուսանկարը` Գալստյանի ֆեյսբուքյան էջից։