Միշել Օբաման պարզաբանել է՝ ինչ նկատի ուներ, երբ ասել էր, որ ԱՄՆ-ը պատրաստ չէ կին նախագահ ունենալուն

ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման հայտարարել է, որ երկիրը աստիճանաբար շարժվում է դեպի կին նախագահ ունենալու ուղղությամբ՝ պարզաբանելով իր ավելի վաղ հնչեցրած խոսքերը, որոնք լայն արձագանք էին ստացել հանրային դաշտում։

Ինչպես հայտնում է CNN-ը, Օբաման «Call Her Daddy» փոդքաստին տված հարցազրույցում նշել է, որ իր նախկին հայտարարության մեջ հումորի տարր կար, սակայն խնդիրը շարունակում է մնալ իրական։ «Դա ժամանակ է պահանջում, բայց մենք շարժվում ենք այդ ուղղությամբ»,- ասել է նա։

Օբաման ընդգծել է, որ հասարակության մեջ դեռ կան վերաբերմունքային խոչընդոտներ կին առաջնորդների հանդեպ։ Նրա խոսքով՝ կան տղամարդիկ, որոնք պարզապես չեն քվեարկի կնոջ օգտին, և այդ հարցի մասին անհրաժեշտ է բաց ու անկեղծ խոսել։ «Եկեք դա դնենք սեղանին ու քննարկենք՝ ինչի մասին է սա իրականում»,-նշել է նա։

Նախկին առաջին տիկինը հիշեցրել է, որ ԱՄՆ-ում արդեն եղել են բարձր որակավորում ունեցող կին թեկնածուներ՝ մասնավորապես նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և նախկին փոխնախագահ Քամալա Հարիսը։ Քլինթոնը պարտվել է նախագահական ընտրություններում 2008 և 2016 թվականներին, իսկ Հարիսը՝ 2024 թվականին՝ Դոնալդ Թրամփին։

Օբաման անդրադարձել է նաև 2008 թվականի դեմոկրատական նախընտրական ընտրություններին, երբ իր ամուսինը՝ Բարաք Օբաման, հաղթել էր Հիլարի Քլինթոնին։ Նրա խոսքով՝ ընտրողները ավելի պատրաստ էին ընդունել «նոր դեմք» տղամարդ թեկնածուին, քան արդեն ճանաչված կին քաղաքական գործչին։

«Մենք ունեցել ենք ուժեղ կին առաջնորդներ, բայց ինչ-որ տեղ կա բաց, որի մասին պետք է խոսել, ոչ թե ձևացնել, թե դա տեղի չի ունեցել»,-հավելել է Միշել Օբաման։