Վաղ ամուսնություն. եզդիական համայնքի ավանդույթները ստիպում են դեռահաս աղջիկներին լքել դպրոցը եւ ամուսնանալ

Վաղ ամուսնություն. եզդիական համայնքի ավանդույթները ստիպում են դեռահաս աղջիկներին լքել դպրոցը եւ ամուսնանալ
Վաղ ամուսնություն. եզդիական համայնքի ավանդույթները ստիպում են դեռահաս աղջիկներին լքել դպրոցը եւ ամուսնանալ
Հեղինակ MediaLab

Մուշական գյուղի տասնհինգամյա բնակչուհի Սոնա Ամոյանն իր հարսանեկան զգեստով ցուրտ նոյեմբեր ամսվա 7-ին երեսուն րոպեից ավելի բոբիկ կանգնած էր սառը սենյակի հատակին ու հյուրերի մոտ ամաչում էր ասել, որ մրսում է:
Հարսանիքի օրը նորահարսը փեսացուի ազգականների ներկայությամբ չի կարող խոսել, նստած մնալ կամ ուտել. այդպես է պարտադրում եզդիների հարսանեկան ավանդույթը:

Տասնվեցամյա Օմար Ամոյանը Սոնային հանդիպել է հարսանիքներից մեկի ժամանակ: Թեպետ հետը ոչինչ չի խոսել, բայց հաջորդ օրն իր ընտանիքին խնամախոս է ուղարկել Սոնայի տուն: Դրանից հետո Սոնան այլեւս դպրոց չի գնացել:

«Նշանված աղջիկը ամոթ ա, որ դպրոց գնա: Համ էլ ո՞ր մի ջահել տղեն կուզի, որ իրա նշանածը դպրոց էթա», – բացատրում է Սոնայի մայրը:

Եզդիները սովորաբար իրենց աղջիկներին 14-15 տարեկան հասակում դպրոցից հանում են ու պատրաստում ամուսնական կյանքին: Իսկ տղաները հիմնականում ավարտում են 8-րդ դասարանն ու նախրապանություն անում:

Իրավապաշտպաններին մտահոգում է այն փաստը, որ նման սովորույթներին հետեւելու պատճառով եզդի կանանց հերթական սերունդը դատապարտված կլինի մեկուսացված կյանք վարելուն, մինչդեռ դրանց կողմնակիցները պնդում են, որ դեռահաս աղջիկներին ամուսնացնելը դարավոր ավանդույթ է:

«Դե դա ընդունված օրենք է եւ այդպես շարունակվում է: Եթե փարթամ աղջիկ ա, 16 տարեկանում ամուսնացնելուն կողմ եմ ես», – ասում է Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը:

Չնայած եզդի կանայք դժգոհ են, որ իրենց դեռատի աղջիկները պետք է արժանանան իրենց ճակատագրին, նրանք պնդում են, որ ոչինչ անել չեն կարող:

Սոնայի հարսանիքին ներկա 38-ամյա Լիլյա Ավդոյանը պատմում է, որ ընտանիքի տղամարդիկ շատ են խանդում դպրոց հաճախող իրենց աղջիկներին: Ինքը 16 տարեկանում երազել է բժշկուհի դառնալ, բայց պապը դպրոցից հանել ու ամուսնացրել է նրան: Նույնը տեղի է ունեցել իր տասնչորսամյա դստեր հետ.

«Ամուսինս դպրոցից հանել տվեց աղջկաս, բան չկարացա ասեի: Բայց էրեխեքը շատ են նեղվում գնացած տեղերում: Փոքր են լինում, ամեն հոգս իրանց ուսերին ա լինում»:

«Հայկական միջնակարգ դպրոցների ուսուցիչները փորձում են բանակցել ծնողների հետ ու եթե ոչ կասեցնել, ապա գոնե անորոշ ժամանակով հետաձգել եզդի աշակերտների հեռանալը դպրոցից: Ծնողները, սակայն, տալիս են նախապես պատրաստած պատասխանը`«երեխաս հիվանդ է» կամ «երեխաս ուսման մեջ հաջողություններ չունի, չի ուզում սովորել»», – պատմում է Լիլյան:

Հայաստանում 2001 թվականին անցկացված մարդահամարի արդյունքները ցույց են տալիս, որ այդ ժամանակ եզդի բնակչությունը կազմել է 41 000: Ըստ Եզդիների ազգային միություն հասարակական կազմակերպության նախագահ Ազիզ Թամոյանի հաշվարկների` այժմ եզդի բնակչության թիվը Հայաստանում աճել է` հասնելով մինչեւ 60 000:

Իսկ Սոնան արդեն հարսանեկան նոր կոշիկները հագած սպասում է, թե երբ դրսում կավարտվի իր «օժիտի կանչն» ու Օմարը կբարձրանա վերեւ: Մոր ականջին նորահարսը կամացուկ ասում է, որ նոր կոշիկները ցավեցնում են ոտքերը:

Տան բակում տեղադրել են Սոնայի օժիտը: Սոնայի բարեկամներից մեկը հյուրերին ամենայն մանրամասնությամբ ներկայացնում է օժիտը`Սոնայի ներքնազգեստից մինչեւ սրբություն համարվող վերմակ-ներքնակները:

«Օժիտի կանչ»-ից հետո Օմարը մի քանի րոպեով բարձրանում է Սոնայի սենյակ, նրա մատին դնում ամուսնական մատանին ու գնում է տղամարդկանց սենյակ`ճաշելու:

Գնալուց առաջ Օմարը Սոնային հարդարել ցանկացող աղջիկներին արգելում է շպարել նրա դեմքը:

«Կինը առանց ամուսնու թույլտվության կոսմետիկա չի կարող օգտագործել, միայնակ առեւտուր անելու չի կարող գնալ, կինը կենաց չի կարող ասել, սկեսրայրի ներկայությամբ խոսել չի կարող, առանց ամուսնու թույլտվության սովորել ու աշխատել չի կարող…», – պատմում է հարսանիքին ներկա 38-ամյա Լիլյան:

Սակայն 23-ամյա Ինեսայի օրինակն ապացուցում է, որ ոչ բոլոր եզդիներն են խստությամբ հետեւում պահպանողական ավանդույթներին: Նա բարձրագույն կրթություն է ստացել: Պատմում է, որ ուսումը շարունակելու իր մտքին ծնողները դեմ չեն գնացել եւ օժանդակել են նրան:

«Հիմնականում գյուղաբնակ եզդիներն են, որ կրթությունը կիսատ են թողնում: Երեւանում ես ճանաչում եմ համալսարաններում սովորող շատ երիտասարդների», – պատմում է Ինեսան:

Ավանդույթներն այդքան խստորեն չպահպանող ընտանիքների երեխաներին Ինեսան խորհուրդ է տալիս ամեն գնով գոնե ավարտել միջնակարգ դպրոցը: Իսկ այն ընտանիքներում, որտեղ եզդիական սովորույթները խստությամբ պահպանվում են, Ինեսայի խոսերով, հնարավոր չէ ոչինչ փոխել:

Հարսանիքի ժամանակ Սոնան արագ թաքցնում է աթոռը, որի վրա հասցրել էր նստել, երբ Օմարի ազգականները մի պահ դուրս էին եկել նրա սենյակից: Սոնային տանում են Մխչյան գյուղ`Օմարի տուն: Օմարը Լիմուզինի բաց պատուհանից Սոնային հրաժեշտ տալու դուրս եկած հարեւաններին է նայում ու գոռում`«Ձեր փողոցի աղջկան տարանք»:

Նախքան իր տուն մտնելը, Օմարը պետք է բարձրանա կտուրն ու Սոնայի գլխին կարմիր խնձորներ շպրտի: Այս ավանդույթը ամուսնական կյանքի քաղցրության ու կնոջ հնազանդության նշանն է:

33 -ամյա Արիֆը, որը մի քանի ամսից պապիկ կդառնա, պատմում է, որ իր հարսանիքի ժամանակ այնքան ուժեղ է նետել խնձորն իր տասնչորսամյա կնոջ գլխին, որ նա ուշագնաց է եղել ու քիթն արյունահոսել է. «ջուր բերեցին, 15-20 րոպեից նոր ուշքի եկավ: Խի՞ պետք ա վատ զգամ ինձ: Օրենք ա, պետք ա խփես գլխին ու վերջ: Էդ մեր ադաթն ա: Հիմա էլ, որ կնիկս ինձ չի ենթարկվում օրինակ, որ ասում եմ ջուր բեր ու ուշ ա բերում, խփում եմ», – պատմում է Արիֆը:

Որպես կանոն, բռնության ենթարկվող եզդի կանայք չեն բարձրաձայնում իրենց խնդիրների մասին ու ոչ մի կառույցի չեն դիմում:

Հայաստանում կանանց խնդիրներով զբաղվող Կանանց իրավունքների կենտրոնի եւ Կանանց ռեսուրսային կենտրոնի «թեժ գիծ» ծառայությունից հայտնեցին, որ եզդի կանայք իրենց երբեւէ չեն դիմել:

Կանանց ռեսուրսային կենտրոնի աշխատակից Անուշ Պողոսյանի գնահատմամբ`«Դեռահաս ամուսնության արդյունքում խախտվում են մի շարք իրավունքներ: Մասնավորապես, սեփական մարմինը կառավարելու իրավունքը, քանի որ շատ ժամանակ դեռահաս աղջիկները ֆիզիոլոգիապես եւ հոգեբանորեն պատրաստ չեն սեռական հարաբերությունների: Վաղ ամուսնությունը բերում է նաեւ ազատ ընտրության իրավունքի խախտման. դեռահաս մարդը դեռեւս գիտակից որոշումներ չի կարող ընդունել, եւ շատ ժամանակ ծնողներն առանց երեխաների կարծիքը հաշվի առնելու`ամուսնացնում են նրանց»:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը իր հերթին նշում է, որ եզդիական ավանդույթներն ու սովորույթները ամուր հիմքեր ունեն եւ դժվար թե փոխվեն:

«Եզդիները սկզբունքորեն փակ համայնք են: Իրենց ավանդույթների կարեւոր սիմվոլները, որոնց միջոցով իրենց էթնիկական պատկանելությունն է պահպանվում, երկարատեւ են եւ դանդաղ են փոխվում: Իսկ պրեստիժայնության էլեմենտները, օրինակ` հարսանիքներին Լիմուզինով գնալը, մտնում են իրենց կենցաղ եւ ավանդույթների հետ զուգահեռ գոյատեւում են: Այս էլեմենտները բնավ չեն խանգարում ավանդույթներին», – բացատրում է Հրանուշ Խառատյանը:

Օմարի նետած խնձորները չդիպան Սոնային:

Սոնան կանգնած էր Օմարի տան հյուրասենյակի կենտրոնում եւ սպասում, որ Օմարի մայրը մոտենա իրեն ու ոսկի նվիրի: Հենց Օմարի մայրն իր նվերը տա, Սոնան կկարողանա նստել:

Լուսինե Ավագյան

Լուսանկարը` www.azhdahak.com

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: ( www.iwpr.net )