«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը
– Պարո՛ն Գալստյան, Արցախի ներքաղաքական կյանքում ի՞նչ է կատարվում: Ի՞նչ արտահերթ ընտրությունների ու հրաժարականների մասին էր խոսվում նախորդ օրերին:
– Մինչև հանրաքվե չլինի, ընտրությունից խոսելը պոպուլիզմ է, որն անթույլատրելի է այս իրավիճակում: Իշխանությունները չպետք է նման վարքագիծ դրսևորեն այսօր, ցնցումների տանեն երկիրն այն իրավիճակում, երբ ժողովուրդն այնքան էլ միասնական չէ, որքան մենք կուզեինք, անթույլատրելի է: Բացի այս, ցանկացած ընտրություն այս պահին սպառնալիք է Արցախի համար, որովհետև Ադրբեջանի կողմից հնարավոր սադրանքները բացառված չեն:
Այս բլոկադայի իրավիճակում խոսել այդ թեմայի մասին անընդունելի է, բայց, ընդհանուր առմամբ, մենք դեռ 2020 թվականի նոյեմբերի 11-ից էինք պահանջում Արայիկ Հարությունյանի հրաժարականը, ու առ այսօր նույն իշխանական թևը մեզ համոզում է, թե խորհրդարանական ու նախագահական ընտրությունները նույն օրն անցկացնելը, ինչը պահանջում է գործող Սահմանադրությունը, մեծ վտանգ է ներկայացնում:
Այդ վտանգը չեզոքացնելու համար նախաձեռնվեցին Սահմանադրական բարեփոխումներ, որոնք նույն Արայիկ Հարությունյանի կողմից կասեցվեցին: Այսքանից հետո այսօր խոսել ընտրությունների մասին, վկայում է մեկ բանի մասին, որ փորձում են ժողովրդի միջև պառակտումը խորացնել, փորձում են իրենց օրակարգը ձևավորել, որն այս իրավիճակին համահունչ չէ:
– Գործող իշխանությո՞ւնն է փորձում այդ օրակարգն առաջ մղել:
– Քանի որ իշխանական թևից է դուրս եկել այդ հայտարարությունը, հասկանալի է, որ իրենց կողմից է փորձ արվում այդ օրակարգը ձևավորել: Մեծ հաշվով, մենք առաջին կողմ լինողներից ենք ու առաջիններից ենք, որ հայտարարել ենք, որ այս երկրի նախագահն ու քաղաքական ուժերի դասավորվածությունը խորհրդարանում չեն արտացոլում ժողովրդի տրամադրությունները, բայց այս ամենն այսօր՝ այս ճգնաժամային իրավիճակում քննարկման առարկա դարձնելն անընդունելի է, ու նաև անհասկանալի են իշխանության այդ թեզերը:
– Պարո՛ն Գալստյան, ձեր գործընկեր «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցության ներկայացուցիչ Վլադիմիր Կասյանը լրատվականներից մեկին ասել է, որ նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 15-ին Ազգային ժողովը ցրելու հարցն է ներկայացրել ԱԺ պատգամավորների և ուժային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, բայց մեծամասնությունը դեմ է եղել արտահերթ ընտրություններին: Ներկա եղե՞լ եք այս հանդիպմանը, նման առաջարկ հնչեցվե՞լ է:
– Ես հանդիպմանը ներկա չեմ եղել, բայց ես էլ ունեմ այդ հանդիպման վերաբերյալ որոշակի տեղեկություններ: Ցրել այսօր խորհրդարանը՝ նշանակում է խարխլել պետության հիմքերը: Եթե Արայիկ Հարությունյանը ազնիվ է իր մղումներում և ուզում է, որ արդար և թափանցիկ ընտրություն լինի, ապա դա ինքը չպետք է կազմակերպի: Թող հրաժարական տա, ու Սահմանադրությամբ նախատեսված կարգով ընթանան հետագա գործընթացները: 2007 թվականից սկսած տեսել ենք Արայիկ Հարությունյանի կազմակերպած ընտրությունները, այդքանից հետո հավատալ, որ Արայիկ Հարությունյանը արդար ու թափանցիկ ընտրություններ կկազմակերպի՝ իրատեսական չէ:
– Այսինքն՝ արտահերթ ընտրությունների գնալու առաջարկ եղե՞լ է:
– Նմանատիպ քննարկումներ եղել են՝ գնալ արտահերթ ընտրությունների, հնչել են նման մտքեր: Եթե անգամ որոշում կայացնեն, որ գնում են արտահերթ ընտրությունների, դա չպետք է լինի խորհրդարանը ցրելու միջոցով, թող լինի նախագահի հրաժարականի միջոցով:
– Արտահերթ ընտրություններ անցկացնելու իշխանության նպատակը ո՞րն է, որովհետև Հայաստանում հնչում են կարծիքներ, թե դա Ռուբեն Վարդանյանից ազատվելու միջոց է, ու Արցախի իշխանություններն այդ անում են ՀՀ իշխանության խորհրդով կամ ճնշմամբ:
– Պետք է անկեղծ ասեմ, որ նպատակի մասին գաղափար չունեմ, բայց այն, որ ՀՀ իշխանությունները երբևէ չեն ընդունել Արցախի որևէ պետական պաշտոնյայի կողմից իրենց հասցեին հնչեցված քննադատություն, իսկ Ռուբեն Վարդանյանն իր գրառումներում որոշ չափով քննադատել է նրանց, ենթադրելի է, որ, այո՛, Հայաստանից կան նմանատիպ որոշ ճնշումներ:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am