Le Portrait. Ամփոփվեց Մանգասարյանների ցուցահանդեսը

Le Portrait. Ամփոփվեց Մանգասարյանների ցուցահանդեսը
Le Portrait. Ամփոփվեց Մանգասարյանների ցուցահանդեսը

Նկարիչների միությունում օրերս կայացավ Տիգրան և Ռուբեն Մանգասարյանների «Դիմանկար» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը ներառել էր լուսանկարի և պատկերապատման գույներն ու տրամադրությունները։ Թեև տաղանդավոր և հանրահայտ Ռուբեն Մանգասարյանն արդեն 10 տարի է՝ ինչ հեռացել է կյանքից, սակայն սա ևս մեկ հնարավորություն էր հաղորդակցվելու նրա լուսանկարչական բացառիկ մոտեցմանը։ 

Տիգրան Մանգասարյանը «Մեդիալաբի» հետ զրույցում մանրամասնում է, թե ցուցահանդեսի անցկացման միտքն ու ձևաչափն ինչպես առաջացան։

«Անցյալ տարի ես պետք է կազմակերպեի հայրիկիս՝ դիմանկարիչ Սարգիս Մանգասարյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը, սակայն ընթացքում Նկարիչների միության կողմից առաջարկ եղավ հայրիկի աշխատանքների ցուցադրությանը միացնել նաև եղբորս՝ ֆոտոլրագրող Ռուբեն Մանգասարյանի և իմ աշխատանքները։ Առաջարկը լավն էր, և արդյունքում՝ փոխվեցին ցուցադրության ձևաչափը, ծավալը և ինչ-որ տեղ նաև իմաստը։ Ներկաների գնահատականով՝ նկարչության, լուսանկարների և պատկերապատումների համակցությունը իրականում հարստացրեց և հետաքրքիր դարձրեց ցուցադրությունը»,- ասում է նա։

Նրա խոսքով՝ ցուցահանդեսում ներկայացված 92 աշխատանքները բացառապես դիմանկարներ են՝ արված 1944-ից մինչև մեր օրերը։ 

«Պատմական այս 75-ամյա հատվածը իր մեջ մեծ փոփոխություններ է կրել, որն իր ուղղակի ազդեցությունն է ունեցել մարդկանց վրա և արտահայտվել հենց դիմանկարի ձևով»,- ասում է նա:

Ըստ Տիգրան Մանգասարյանի՝ ցուցահանդեսում ներկայացվել են սոցիալական տարբեր դիրք ունեցող մարդկանց դիմանկարներ, որոնք հետաքրքիր են և՛ պատմական, և՛ աշխարհագրական տեսանկյունից։

«Ռուբենի հետ նախկինում համատեղ ցուցահանդեսի մասին չենք մտածել, սակայն համատեղ աշխատանքի փորձեր արել ենք։ Դա իրականություն դարձավ «Լեռնուհի» պատկերապատման նախագծում, որը, կարելի է ասել, լուսանկարչության և գրաֆիկայի համակցության հաջողված փորձ է: Գրաֆիկական նովելը լույս կտեսնի մեկ ամսից և կհրապարակվի www.Comics.am կայքում»,- նշում է Մանգասարյանը:

Ինչ վերաբերում է արձագանքներին, նա նշում է, որ դրանք տարբեր էին և շատ դրական: 

«Ընդհանրացնելով կարող եմ ասել, որ բոլորին դուր էր եկել ցուցադրության եռակողմ գաղափարը, որը հետաքրքրացրել էր այն, և շեշտվում էր նաև, որ վաղուց դիմանկարի ցուցահանդես չէր եղել»,- ասում է Տիգրան Մանգասարյանը։