Պատրաստվում եմ մեկնել Սյունիքի մարզ, տեղում փարատել սյունեցիների մտավախությունները, բայց մինչ այդ կրկնում եմ՝ Սյունիքի մարզի տարածքից ոչ մի միլիմետր հող չի զիջվելու․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ուղղված իր ուղերձում հայտարարել է, որ Սյունիքի մարզից ոչ մի միլիմետր չի զիջվելու։

 «Այս օրերին Սյունիքի հատվածում սահմանների ճշգրտում է տեղի ունենում, ավելի ճիշտ ՀՀ զինված ուժերը, սահմանապահ ուժերը տեղակայվում են Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններին։ Սա, իհարկե, որոշակի փոփոխություններ է բերում մեզ ծանոթ միջավայրում, ստեղծում որոշակի բարդություններ ու անհարմարություններ, առավել ևս ստեղծում է էմոցիաներ, ու նույնիսկ, գնահատականներ են հնչում, թե տեղի ունեցողը Սյունիքի հանձնում է կամ սպառնում է Սյունիքի կորուստով։

Իրականությունը, սակայն հակառակն է․ այս ամենը արվում է Սյունիքի անվտանգությունը երաշխավորելու, երաշխիքները ամրապնդելու համար։ Ինչպես։ Խնդիրն այն է, որ ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս տարածքներում ռազմական գործողությունների վերսկսման մեծ հավանականություն կար և եթե էսկալացիան տեղի ունենար նշված հատվածում, ալիքով կարող էր տեղափոխվել Սյունիքի մարզ, ՀՀ տարածք։ Իսկ այսօր տեղակայվելով մեր միջազգայնորեն ճանաչված սահմաններին մենք անվտանգության նոր երաշխիք ենք ստեղծում Սյունիքի համար, որովհետև այսօրվա սահմանը անվտանգային այն համակարգի սահմանն է, որի անդամն ենք մենք», -ուղերձում հայտարարել է վարչապետը։

Նա նշել է, որ այսօր արդեն Ռուսաստանի սահմանապահ զորքերը լիարժեք ներգրավված են Սյունիքում, ինչը այլ իրավիճակ է ստեղծում անվտանգային առումով։ Վարչապետը նշել է, որ այս ամենի հետևանքով կարող են առաջանալ լոգիստիկ խնդիրներ, ճանապարհային հանգույցներում որոշ խնդիրներ կարող են առաջանալ, բայց դրանք, ըստ նրա, լուծելիք հարցեր են։

 «Նաև պատրաստվում եմ մեկնել Սյունիքի մարզ, տեղում փարատել սյունեցիների մտավախությունները և համոզված եմ՝ կկարողանամ դա անել առավել ևս խորհրդապահական ֆորմատով քննարկումների ժամանակ։ Հիմա ուզում եմ կրկնել՝ Սյունիքի մարզի տարածքից ոչ մի միլիմետր հող չի զիջվելու, ինչպես ՀՀ ողջ տարածքից ոչ մի միլիմետր հող չի զիջվելու։ Հակառակի մասին որևէ պնդում իրականույանը չի համապատասխանում», -հայտարարել է նա։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը

Posted by Armenpress on Friday, December 18, 2020