Հայաստանի և Վրաստանի քննչական մարմինները համագործակցության հուշագիր են ստորագրել

Հայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավար Կառլո Կացիտաձեի գլխավորած պատվիրակությունը։ Այցը ՀՀ տեղի է ունենում 2023թ. սեպտեմբերի 6-ին Վրաստան կատարած այցի ժամանակ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի կողմից արված պաշտոնական հրավերի շրջանակներում։ 

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, մարտի 5-ին կայացել է քննչական երկու մարմինների ղեկավարների հանդիպումը։

 Ըստ աղբյուրի՝ Արգիշտի Քյարամյանը շնորհակալություն է հայտնել իր վրաց գործընկերոջը՝ հրավերն ընդունելու համար և վստահություն հայտնել, որ պատասխան այցը նոր հարթություն կտեղափոխի Հայաստանի քննչական կոմիտեի և Վրաստանի հատուկ քննչական ծառայության համագործակցությունը՝ համահունչ երկու բարեկամ երկրների միջև ավանդաբար ջերմ հարաբերություններին, ինչպես նաև կխթանի երկկողմ և բազմակողմ միջազգային-իրավական փոխգործակցությունը։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը նշել է, որ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը միտված է ժամանակի պահանջներին համարժեք, անդրազգային հանցավորությանը քրեաիրավական գործիքակազմով հակազդելու կառույցների ներուժի զարգացմանը։

Նշվում է, որ Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավար Կառլո Կացիտաձեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, վստահություն հայտնել, որ հայ և վրաց ժողովուրդների միջև դարավոր եղբայրության պատմությունը, երկու երկրների միջև զարգացող բազմավեկտոր սերտ կապերը վստահության նախադրյալներ են ապահովում քննչական մարմինների հարաբերությունները ևս որակապես նոր մակարդակ տեղափոխելու համար։ Նա ընդգծել է նախաքննության որակի բարելավմանը, փորձի փոխանակմանն ուղղված համատեղ նախագծեր իրականացնելու կարևորությունը՝ ի շահ երկու երկրներում իրավակարգի ամրապնդման և քաղաքացիների իրավունքների պաշտպանության։

«Հանդիպման արդյունքում Արգիշտի Քյարամյանը և Կառլո Կացիտաձեն ստորագրել են ՀՀ քննչական կոմիտեի և Վրաստանի հատուկ քննչական ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր։ Դրանով նախատեսվում է համագործակցության ծավալում նախաքննության ոլորտում լավագույն պրակտիկայի և մեթոդների փոխանակման, երկու գերատեսչությունների կարողությունների ամրապնդման համար վերապատրաստման դասընթացների անցկացման, տեղեկատվության փոխանակման, համատեղ  խորհրդակցությունների անցկացման, միջազգային թեմատիկ համաժողովներին մասնակցության ուղղություններով:

Արգիշտի Քյարամյանի ուղեկցությամբ պարոն Կացիտաձեն շրջել է ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական վարչական շենքում, նրան ներկայացվել են Կոմիտեի ընթացիկ գործունեության ապահովման և նախաքննության իրականացման նյութատեխնիկական ռեսուրսները»«- ասվում է հաղորդագրության մեջ։    

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ ի նշան բարեկամության և երկկողմ հարաբերությունների սերտացման՝ Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարը ՀՀ քննչական կոմիտեի բակում եղևնի է տնկել։ 

Վրացական պատվիրակության այցը շարունակվում է, որի շրջանակներում նախատեսված են նաև այլ միջոցառումներ։