«Ցանկացած կրակոց Սյունիքի մարզում անհանգստացնող է, նույնիսկ կրակոցի ձայնից բնակչությունն արդեն վեր է թռչում». Ռոբերտ Ղուկասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է վարչապետի խորհրդական, Սյունիքի հարցով միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանը

– Պարո՛ն Ղուկասյան, Սյունիքում սահմանային դարձած բնակավայրերում արդեն որոշ ծրագրեր են իրականացվում։ Մասնավորապես, գիտենք, որ Շուռնուխում բնակարանաշինության ծրագիր է մեկնարկել, կմանրամասնե՞ք՝ ինչ աշխատանքներ են ընթանում։

– Շուռնուխում սկսվել է նոր թաղամասի շինարարությունը՝ նախատեսված 12 ընտանիքների համար, որոնք կորցրել են իրենց բնակարանները։ Մինչև տարեվերջ պետք է ավարտին հասցվի շինարարությունը։

Իսկ այդ ընտանիքների, որոնք կորցրել են իրենց տները, յուրաքանչյուր անհատի 300 հազար դրամ միանվագ գումար է հատկացվել։

Դրանից հետո ընտանիքի յուրաքանչյուր անդամի 68 հազար դրամ գումար է հատկացվելու՝ նախնական վեց ամիս։ Բայց, ըստ էության, նրանք այդ գումարները կստանան մինչև նոր բնակարանի հատկացումը։

Դրանից հետո տարբեր ծրագրեր կլինեն, հիմնականում գյուղատնտեսական ու տնտեսական ծրագրեր կիրականացվեն։ Ջերմոցներ, խելացի անասնագոմեր կկառուցվեն համայնքում։

Որոտանում մեկ ընտանիք կա, որը կորցրել է իր տունը։ Դա կփոխհատուցվի։ Կարծում ենք, որ նաև Որոտանի բազմաբնակարան շենքերի տանիքները կփոխվեն, և նույն տնտեսական ծրագրերը կիրականացվեն նաև Որոտանում։

Մեր միջերատեսչական աշխատանքային խումբն արդեն երրորդ նիստն է արել Սյունիքի մարզում։ Բոլոր նիստերը տեղի կունենան Սյունիքի մարզի տարբեր բնակավայրերում։ Եվ այդ աշխատանքային խմբի շրջանակներում քննարկվում են բոլոր ոլորտները, մշակվում են ինչպես հրատապ լուծման անհրաժեշտ ծրագրեր, այնպես էլ երկարաժամկետ ծրագրեր։

Սյունիքում մարդկանց հուզող առաջին խնդիրն անվտանգությունն է։ Ի՞նչ են պահանջում մարդիկ իշխանություններից։

– Անվտանգություն, երաշխիքներ են ուզում։ Բնականաբար, այս պահի դրությամբ չի կարելի ասել, որ անվտանգությունը 100 տոկոսով երաշխավորված է, որովհետև դա պայմանագրով է ամրագրված։

Օրինակ՝ Տավուշում կամ մնացած սահմանամերձ հատվածներում մենք ունենք զորք, որը կանգնած է սահմանին։ Այս պարագայում մի քիչ այլ կոնտեքստում է, այս պարագայում երեք կողմերի՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի սահմանապահ զորքերն են սահմանին։

Այսինքն՝ բանակ՝ որպես այդպիսին, որը կանգնած կլինի բնակչության ու հակառակորդի միջև, չունենք։ Եվ սա, կարծում եմ՝ առաջին անհանգստացնող հանգամանքն է բնակչության համար։

Հենց դա է պատճառը, որ մարդիկ շատ են խոսում անվտանգությունից, որովհետև իրենց համար տեսանելի չէ այդ անվտանգությունը։

Այս համատեսքստում նաև անվտանգության համակարգ է մշակվում աշխատանքային խմբի շրջանակներում, թե ստեղծված իրավիճակում ինչպես պետք է կազմակերպել մարդկանց անվտանգությունը։

Մնացած առումով, եթե ասեմ, որ ժողովրդի մեջ խուճապ կամ վախ կա, այդպես չէ։ Բնականաբար, վախեցողներ էլ կան, բայց եթե ընդհանուր ձևակերպենք՝ սյունեցին չի վախենում։

Ավելի շատ անորոշությունն է տանջում մարդկանց։ Հակառակը՝ իրենք ասում են, որ թշնամին պիտի վախենա։

– Լուծելի՞ են այն խնդիրները, որոնք այսօր կան ։ Ինչո՞ւ եմ եմ այս հարցը տալիս, որովհետև այս փուլում շատ է խոսվում այն մասին, որ հատկապես Սյունիքի հարցով բարդ խնդրի առաջ ենք այսօր կանգնած։

– Շատ դժվար հարց է դա իրականում։ Կարծում եմ՝ այդ խնդիրները լուծելի են, բայց եթե միասնական լինենք։ Եթե մենք լինենք պառակտված, ոչ մի խնդիր էլ ամբողջովին չի կարող լուծվել։

– Վերջին շրջանում Սյունիքի համայնքների բնակիչներից ահազանգեր են ստացվում, որ համայնքների հարևանությամբ գտնվող դիրքերում ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակում։ Այս խնդրի մասին ահազանգել է նաև Մարդու իրավունքների պաշտպանը։ Ի՞նչ է կատարվում։

– Այդ հարցերը մեր աշխատանքային խմբի շրջանակներում չեն քննարկվում։ Բայց ես կարծում եմ, որ ռուսական կողմն այնտեղ է, մեր զինված ուժերն էլ են այնտեղ, ռուսական կողմի հետ համատեղ պետք է որ այդպիսի խնդիրներն իսպառ վերացվեն։ Իրականում ցանկացած կրակոց Սյունիքի մարզում անհանգստացնող է։ Նույնիսկ կրակոցի ձայնից բնակչությունն արդեն վեր է թռչում։

Եթե ճիշտն ասեմ՝ ես երբեք կրակոց չեմ լսել այստեղ, բայց վստահ եմ, որ այդ կրակոցների մասին տեղեկություններն իրականությանը համապատասխանում են, եթե այդ մասին ասում են գյուղացիներն ու վարչական ղեկավարները։

Եթե չեմ սխալվում, այդ կրակոցներն ուղղված չեն գյուղերի ուղղությամբ, այլ օդում կրակոցներ են։ Բայց միևնույն է, պետք է այնպես անել, որ դրանք չկրկնվեն, որովհետև գյուղացիները չեն կարող գուշակել՝ կրակոցներն իրե՞նց ուղղությամբ են արձակվում, թե՞ ուղղակի։

Իմ տեսակետն այն է, որ, իհարկե, բոլոր խնդիրները կլուծվեն, եթե լինենք միասնական ու կանգնենք Սյունիքի կողքին։ Նորից Սյունիքի վրա մեծ բեռ կա այսօր, ինչպես ամբողջ պատմության ընթացքում։ Այնպես որ, Սյունիքն այս անգամ էլ ոտքի վրա կմնա։ Ես այդպես եմ մտածում։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am