Պետությունը նախատեսում է ներել պատերազմի մասնակիցների և նրանց հարազատների կատարողական ծախսերը

Հայաստանում նախատեսվում է չգանձել պատերազմի մասնակիցների և նրանց հարազատների կատարողական վարույթները կարճվելու դեպքում կատարողական գործողությունների կատարման ծախսերը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը՝ ներկայացնելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։

«Գործող օրենսդրությամբ՝  Հայաստանում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված՝ պարտատերերի կողմից պարտապաններին ներելու դեպքում կատարողական ծախսերը չգանձելու իրավական հիմք սահմանված չէ։ Այդ է պատճառը, որ դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքում ցանկանում ենք լրացում կատարել, որի նպատակն է որոշակի խմբի անձանց համար կատարողական վարույթները կարճվելու դեպքում կատարողական գործողությունների կատարման ծախսեր չգանձելու դեպքեր սահմանել: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետեւանքով զոհված, հաշմանդամություն ձեռք բերած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի, նրա ամուսնու, զավակի, ծնողի, տատի, պապի, քրոջ կամ եղբոր վերաբերյալ կատարողական վարույթները, որոնք հարուցվել են մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ստանձնած վարկային պարտավորությունների կապակցությամբ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով կարճվելու դեպքում կատարողական գործողությունների կատարման ծախսեր չգանձել»,- ասաց Թումանյանցը։

Արդարադատության նախարարի տեղակալի խոսքով՝ այս ընթացքում բանկերը և վարկային կազմակերպությունները բազմաթիվ դեպքերով ներում են պատերազմական գործողություններին մասնակցած անձանց կամ իրենց հարազատների պարտքերը, սակայն եթե կատարողական վարույթն արդեն իսկ սկսվել է, նաև օրենքով անհրաժեշտ է գանձել կատարողական ծախսերը։

«Այս օրենսդրությամբ պետությունը ներում է այդ ծախսերը նույնպես»,- եզրափակեց Թումանյանցը։