Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ երկրում մինչև 16 տարեկան երեխաներին կարգելվի օգտվել խոշոր սոցիալական ցանցերից՝ երեխաներին առցանց վնասակար բովանդակությունից, կիբերբուլինգից և անծանոթների հետ շփումից պաշտպանելու նպատակով։
Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ նշելով, որ արգելքը կտարածվի TikTok-ի, Instagram-ի, Facebook-ի, Snapchat-ի, X-ի և YouTube-ի վրա և նախատեսվում է ուժի մեջ մտնել 2027 թվականի գարնանը։ Ծրագրի շրջանակում սոցիալական հարթակները պարտավոր կլինեն կիրառել օգտատերերի տարիքի ստուգման մեխանիզմներ։
Բացի այդ, մինչև 18 տարեկանների համար լռելյայն կանջատվեն ուղիղ հեռարձակումների հնարավորությունը, անծանոթ օգտատերերից հաղորդագրություններ ստանալը, ինչպես նաև կարգելվի օգտվել «ռոմանտիկ» արհեստական բանականության չաթբոթերից։ Նոր սահմանափակումները կկիրառվեն նաև որոշ խաղային հարթակներում։
Կառավարությունը նշում է, որ որոշումը հիմնված է երեխաների հոգեկան առողջության և առցանց անվտանգության վերաբերյալ մտահոգությունների վրա։ Վարչապետ Քիր Սթարմերի խոսքով՝ տեխնոլոգիական ընկերությունները բավարար քայլեր չեն ձեռնարկել երեխաներին պաշտպանելու համար, և պետությունը պարտավոր է միջամտել։
Միևնույն ժամանակ, տեխնոլոգիական ընկերությունները, այդ թվում՝ Meta-ն, YouTube-ը և Snapchat-ը, քննադատել են նախաձեռնությունը՝ պնդելով, որ նման արգելքը կարող է երեխաներին մղել ավելի քիչ վերահսկվող և ավելի վտանգավոր առցանց հարթակներ։



















