Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դատապարտել է Իրանի տարածքից իրականացված անօդաչու հարվածները, որոնք ուղղված են եղել Նախիջևանի օդանավակայանի և այլ քաղաքացիական օբյեկտների դեմ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Մարտի 5-ին տարածված հայտարարության մեջ նշվում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը անօդաչու սարքեր են կիրառել՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Ըստ հայտարարության՝ դրոնները արձակվել են Իրանի տարածքից, իսկ հարձակման տեխնիկական մանրամասները ներկայումս ուսումնասիրվում են։
Ադրբեջանի ՊՆ-ն շեշտել է, որ հարվածները չեն ունեցել ռազմական անհրաժեշտություն և ամբողջ պատասխանատվությունը դրվում է Իրանի վրա։ «Հարձակումները անպատասխան չեն մնա»,- ասված է նախարարության հայտարարության մեջ։
Գերատեսչությունը նաև հայտնել է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու, ինչպես նաև քաղաքացիական բնակչության անվտանգությունն ապահովելու համար։



















