Հայաստանի կառավարությունը հակաճգնաժամային գործողությունների որոշումներ է պատրաստում

ՀՀ կառավարությունը հակաճգնաժամային գործողությունների մի շարք որոշումներ է պատրաստում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրված տեսանյութում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ հեռախոսազանգի միջոցով շփվում էր քաղաքացիների հետ և հետաքրքրվում արտակարգ դրության հետ կապված նրանց սոցիալական խնդիրներով:

«Ես հիմա փնտրում եմ սոցիալական որոշակի շերտերի ներկայացուցիչների, մեր գործողություններն ավելի հասցեական դարձնելու համար: Երեկվա խոսակցությունից հետո մենք մեր տնտեսական աշխատանքային խմբով քննարկում ունեցանք, և դա որոշակիորեն ազդեց մեր քննարկումների ընթացքի վրա: Հիմա հակաճգնաժամային գործողությունների մի շարք որոշումներ են պատրաստվում: Կփորձենք մաքսիմալ հասցեական և արդյունավետ լինել»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ արդյունավետությունն ամենակարևոր խնդիրն է, քանի որ օգնության տրամադրման ընթացքում կարող են հայտնվել խմբեր, որոնք իրենց մոտ կկենտրոնացնեն շրջանառվող աջակցությունը:

«Մենք գիտենք, որ ճգնաժամային իրավիճակներում, երբ աջակություն, օգնություն է բաժանվում, միշտ ի հայտ է գալիս շատ ճարպիկ, փոքր խումբ, որը կարողանում է տարբեր միջոցներով իր մոտ կենտրոնացնել շրջանառվող աջակցությունը: Հիմա մեր խնդիրն այն է, որ արդյունավետ լինի, այդ գումարներն ու օգնությունները հասցեական լինեն, հասնեն այն մարդկանց, որոնք դրա կարիքն իսկապես ունեն»,- նշեց վարչապետը: