Ընդունելությունը, որին արժանացել եմ, խոսում է այն մասին, որ Հայաստանում գնահատվում է գիտությունը. Արտեմ Փաթափության

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում հունիսի 16-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ նախագահության ընդլայնված նիստ, որի ժամանակ ամերիկահայ ականավոր գիտնական, Նոբելյան մրցանակի դափնեկիր Արտեմ Փաթափությանին հանձնվեց ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամի դիպլոմ: ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը ակադեմիայի անունից շնորհավորեց գիտնականին մեծ նվաճման կապակցությամբ և ընդգծեց, որ սա նաև մեր հայ ազգի նվաճումներից մեկն է:

«Մենք պայմանավորվել ենք պարոն Փաթափությանի հետ: Իր հաջորդ այցը Հայաստան կլինի ակադեմիայի հրավերով: Կլինեն հանդիպումներ, զեկույցներ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նա:

Արտեմ Փաթափությանն էլ հավելեց, որ այն ընդունելությունը, որին արժանացել է Հայաստանում, խոսում է այն մասին, որ Հայաստանում գնահատվում է գիտությունը, գիտական նվաճումները: «Ես սկսել եմ իմ աշխատանքը մի լաբորատորիայում, բայց երբեք չէի պատկերացնի, որ գիտությունը կարող է մասնագիտություն լինել: Բայց հետո սիրահարվեցի այդ աշխատանքին: Զարմանալի է, որ հենց Նոբելյան մրցանակը դարձավ շարժառիթ, որ ես հպարտանամ իմ ինքնակենսագրականով և հաստատություններով, որտեղ ուսանել եմ: Գիտությամբ զբաղվել եմ հաճույքով և նվիրումով»,-ասաց նա

Նշենք, որ Արտեմ Փաթափությանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովի հունիսի 9-ի որոշմամբ: