Կինը՝ շատրվաններում. Նոր բողոքի ակցիա հրապարակում /Տեսանյութ/

Կինը՝ շատրվաններում. Նոր բողոքի ակցիա հրապարակում /Տեսանյութ/
Կինը՝ շատրվաններում. Նոր բողոքի ակցիա հրապարակում /Տեսանյութ/

Այսօր կեսօրին Հանրապետության հրապարակի շատրվաններում մի երիտասարդ կին խաղաղ բողոքի ակցիա էր անում. նա մոտեցավ շատրվաններին, հանեց կոշիկներն ու նստեց շատրվանների ջրավազանի կենտրոնական հատվածում: Բողոքի ակցիա անցկացնող երիտասարդ կինը հայտնի քաղաքացիական ակտիվիստ  Աննա Շահնազարյանն էր՝ «Թեղուտի» պաշտպանություն» նախաձեռնության անդամ,  հայտնի տարբեր բողոքի ակցիաներից:

Չնայած հորդառատ անձրեւին, Շահնազարյանը դուրս չէր գալիս շատրվանների շրջանաձեւ փոքր ջրավազանից:  Նրան մի քանի անգամ փորձեցին դուրս հրավիրել շատրվանների մաքրությամբ զբաղվող բանվորները, որոնք բացականչում էին. «Հոգեկա՞ն ա, էս խի ա էկել նստել ստեղ: Հեսա ջուրը միացնենք տենանք ի՞նչ ա անելու»: 

http://www.youtube.com/watch?v=cZibCTu-rQg

Որոշ ժամանակ անց ակտիվիստին մոտեցան մի քանի ոստիկաններ, սկզբում նրան փորձում էին համոզել դուրս գալ շատրվաններից, սակայն Աննան մնաց իր տեղում: Ապարդյուն ջանքերից հետո, մի խումբ ոստիկաններ կնոջը դուրս հանեցին ավազանից՝ բռնելով ոտքերից եւ ձեռքերից եւ տարան Ազգային պատկերասրահի մուտքի մոտ:

Այդ ընթացքում ոստիկաններից մեկը վստահեցնում էր, որ զանգել է հուգաբաժարան, որպեսզի գան ու ակտիվիստին տանեն: Աննային սատարող քաղաքացիները դիմելով ոստիկաններին՝ կոչ էին անում հանգիստ թողնել նրան. «Դուք իրավունք չունեք նրան հոգեբուժարան տանել»:    

Ոստիկանական խմբի ղեկավարը սկզբում վստահեցրեց, թե բժիշկ է հրավիրել, կգան եւ կորոշեն՝ տանե՞լ ակտիվիստի հոգեբուժարան, թե՝ ոչ, հետո հայտարարեց, որ ակցիա անող քաղաքացին  ազատ է եւ կարող է գնալ:

http://www.youtube.com/watch?v=GGSV4eH__f8

Մեր հարցին՝ թե ի՞նչ նպատակով է այս ակցիան կազմակերպել, Աննա Շահնազարյանը հրաժարվեց պատասխանել, ասելով՝ «Այս պահին որեւէ մեկնաբանություն չեմ կարող անել»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ նույն վայրում եւ նույն մեթոդով բողոքի ակցիա էր անում քաղաքագետ եւ միջազգային իրավաբան, ՄԻԺԻ-ի հիմնադիր Արմինե Առաքելյանը, որին կրկին ոստիկններն ուժի կիրառմամբ դուրս էին հանել շատրվաններից եւ ուղարկել հոգեբուժարան: Ժամեր հետո Արմինե Առաքելյանը հոգեբուժարանից դուրս էր եկել:

Մարի Ներսեսյան

© MediaLab.am